Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ երկու շաբաթ առաջ` ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, խոսելով սահմանին գազի գնի իջեցման մասին, հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե սպառողների համար գազի գինը չի փոփոխվի:
Այսօր արդեն լրագրողներին նախարարը հայտնեց, որ գազի գնի շուրջ բանակցություններն ավարտվել են, գազի գինը սահմանին իջեցվել է 25 դոլարով, և բոլոր սպառողների համար գազի գինը չի փոփոխվում:
Հարցին, թե արդյո՞ք հաշվարկներ կան` էլեկտրաէներգիայի սակագինն ինչպե՞ս կանդրադառնա տնտեսության վրա, չի՞ նվազի, արդյոք, հայկական արտադրանքի պահանջարկը, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ շատ մեծ ազդեցություն չի ունենա, որովհետև գազի գինը իջնում է»:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ հարցին, պատասխանեց. «Ես չեմ հերքում և չեմ հաստատում, ռեալ որևէ ինֆորմացիա, որ ՀԷՑ-ը հարյուր տոկոսով վաճառվելու է, ես չունեմ»: Նախարարը հավելեց, որ ՀԷՑ-ը կարող է տարբեր ընկերությունների հետ բանակցություններ վարել` վաճառքի հետ կապված, և երբ այդ բանակցություններն ավարտվեն, պարզ կլինեն վաճառքի վերաբերյալ հարցերը:
«Եկեք ռեալ նայենք, ատոմակայանը չի աշխատելու մոտ վեց ամիս, իսկ մենք չունենք նման հզորություններ, որ նրա արտադրածը լրացնենք, ստիպված կլինենք օգտագործել Հրազդանի ՋԷԿ-ը, որի արտադրածն ավելի թանկ է, ուրեմն ինչպե՞ս կարող է չթանկանալ էլեկտրաէներգիայի գինը: Դուք տարբերակներն ասեք չթանկանալու, մենք էլ անենք»,- ասաց նա:
Լրագրողներից մեկն ասաց, թե տարբերակներից մեկն այն է, որ էլեկտրաէներգիա ներմուծենք, նախարարը պատասխանեց. «Եթե տեսնենք` մերն ավելի թանկ է, ուրեմն կներմուծենք»:
Լրագրողների հարցին` արդյո՞ք էներգետիկայի նախարարությունը մեղք ունի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի համար, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Նախարարությունն էլ իր մեղքն ունի. պետք է հետևեր, որ հաշվեկշիռները ճիշտ լինեին, նպատակային օգտագործվեին վարկային միջոցները»:
Ուրեմն ինչո՞ւ ՀԷՑ-ը սնանկ չի ճանաչվում ու չի վաճառվում: Այս հարցին նախարարը պատասխանեց. «Իրենք ունեն նման ցանկություն որ վաճառեն ՀԷՑ-ի մի մասը կամ ամբողջը: Էլեկտրաէներգիայի թանկացումը հաշվարկների հետ կապված բան է, և ես պատասխանատու հայտարարում եմ, որ սակագների փոփոխությունը ամբողջությամբ հիմնավոր է, քաղաքացին որևէ մեկի մեղքի համար չի վճարում»:
«Նաիրիտ»-ին անդրադառնալով` նախարարը նշեց, որ գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ է լիելու 250-300 մլն դոլար, որից հետո անգամ պարզ չէ` արտադրված արտադրանքը կլինի՞ մրցունակ միջազգային շուկայում, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե «Նաիրիտ»-ում ներկա պահին փոխտնօրեն է նշանակվել, ով բարձր աշխատավարձ է ստանում, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Այնտեղ արդեն վեց-յոթ ամիս է` չկան բարձր աշխատավարձեր, դրանից առաջ կար բարձր աշխատավարձ, հիմա չկա, այդ աշխատավարձերը կրճատվել են: Նոր տնօրենն ընդունվել է ազատ հաստիքի հիման վրա»: