Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էներգետիկ համակարգում տիրող վիճակին և դրանից բխող` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրին:
Նա նշեց, որ ՀԷՑ-ն ունեցել է 37.6 մլրդ դրամի կորուստներ: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի վերցրած վարկերին, ապա այդ կորուստները փակելու մասին, ըստ նախարարի, ինքը չի կարող որևէ բան ասել, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է: Նա կարծիք հայտնեց, որ սակագնի բարձրացման համար հանձնաժողով տրված հայտերը հիմնավոր են, այլ հարց է, թե հանձնաժողովն ինչ որոշում կկայացնի ու որքանով կբարձրացնի սակագինը:
«Ես չեմ ուզում թեթևացնել իրավիճակը, գիտակցում եմ ստեղծված տնտեսական վիճակը Հայաստանում, և որ դա լուրջ սոցիալական խնդիր է: Բայց սակագների բարձրացումը ՀՀ-ից կախված չէ, մենք սեփական էներգակիրներ չունենք, համակարգում կան հաստատուն ծախսեր, որոնք ուզես-չուզես, պիտի իրականացնես: Էներգետիկ համակարգում աշխատավարձը, համեմատած նույն ԵՏՄ պետությունների հետ, ավելի ցածր է»,- ասաց Զախարյանը:
Ըստ նրա` բոլոր երկրներում էլեկտրաէներգիայի սակագները շատ ավելի հաճախ են փոփոխվում, քան Հայաստանում:
«Ես ուզում եմ շատ պարզ լինել ձեզ հետ: Եվրոպական երկրներում յուրաքանչյուր ամիս սակագների փոփոխություն է լինում, և յուրաքանչյուր ամսվա վերջում քաղաքացին ստանում է վճարելու անդորրագիր՝ նոր սակագնով: Ընդհանրապես` սակագնային քաղաքականությունը վարելիս ՀՀ-ն նույնպես պետք է այդպես վարվի, այսինքն` յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ պետք է սակագները վերանայվեն, որպեսզի չկուտակվեն խնդիրները, և մի օր սակագինը փոփոխվի արդեն մեծ տարբերությամբ»,- ասաց նախարարը, հավելելով, որ եթե ամեն տարի սակագինը վերանայվի, խնդիրները չեն կուտակվի, և սակագները քիչ կփոփոխվեն ամեն անգամ: