կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 13:17
Հասարակություն

500 մասնակից, 20 նախարար. ճակատագրական որոշումներ` ՀՀ-ում կայանալիք Բոլոնիայի նախագահության գագաթաժողովում

500 մասնակից, 20 նախարար. ճակատագրական որոշումներ` ՀՀ-ում կայանալիք Բոլոնիայի նախագահության գագաթաժողովում

Մայիսի 14-15-ը Երևանում տեղի կունենան Բոլոնիայի նախագահության 9-րդ գագաթաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ միջոցառմանը մասնակցելու հրավեր են ուղարկել 147 երկրների ու կազմակերպությունների, ներկա կլինեն շուրջ 20 երկրի նախարարներ:

 

Աշոտյանի գնահատմամբ` սա իրադարձություն է, կայացվելու են կարևոր ու ճակատագրական որոշումներ, որոնք կազդեն միլիոնավոր ուսանողների և դասախոսների, ինչպես նաև հազարավոր բուհերի վրա:

 

«Երևանում նախ կքննարկվի և կընդունվի «Երևանյան հռչակագիրը», որը կտա համապատասխան ուղենիշներ եվրոպական կրթության հետագա զարգացման համար: Երևանում կքննարկվեն և կընդունվեն եվրոպական կրթության որակի նոր չափանիշներ, կընդունվեն նաև կրեդիտային համակարգի նոր չափանիշներ, որոնք հետագայում պետք է կյանքի կոչվեն Բոլոնիայի անդամ բոլոր երկրներում»,- ասաց նախարարը:

 

Հայաստանը` որպես նախարարական գագաթաժողովը հյուրընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր, ընտրել է հարևանության ձևաչափը և միջոցառմանը հրավիրել նաև Բոլոնիայի անդամ երկրների հարևան երկրներին` Միջին Ասիայից, Կենտրոնական Ասիայից և այլ տարածաշրջաններից։ Նախարարը երևանյան համաժողովին ակնկալում է շուրջ 500 մասնակից, որոնցից 350-ը` արտերկրից: Համաժողովին մասնակցելու են 52 ազգային պատվիրակություններ` 46-ը եվրոպական երկրներից և 6-ը` հարևան: Գագաթաժողովին ներկա կլինեն նաև 31 միջազգային ընկերությունների պատվիրակություններ, այդ թվում` Եվրոպական համալսարանների ասոցիացիան, Եվրոպական ուսանողական միությունը, Ասիական բուհերի ասոցիացիան, Համաշխարհային բանկը…

 

«Հայաստանը, ինչ անդամագրվել է Բոլոնիայի գործընթացին /2005-ին/, այս տարիների ընթացքում հսկայածավալ աշխատանք ենք կատարել և շոշափելի արդյունքներ գրանցել: Մենք ավարտել ենք կառուցվածքային բարեփոխումների փուլը և կարող ենք ասել, որ մեր կրթական կառուցվածքն ամբողջությամբ համադրելի է եվրոպական կրթական չափանիշներին»,- ասաց նախարարը:

 

Նշենք, որ Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատարմագրման եվրոպական մոտեցում:

 

Աշոտյանի մեկնաբանմամբ` Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Ըստ նրա` նմանատիպ հնչեղ կրթական միջոցառում երբևէ չենք ունեցել.«Միջոցառումը նաև քաղաքական և քաղաքակրթական կարևորություն ունի մեզ համար, քանզի եվրոպական մերձեցման ճանապարհին կրթությունն այն եզակի պլատֆորմն է, որտեղ աշխատանքները տվել են զգալի արդյունքներ: Սա ոչ թե միջոցառում է, այլ իրադարձություն՝ համաեվրոպական նշանակության կրթական իրադարձություն»,- ասաց նախարարը:

 

Ի դեպ, համաժողովի խորհրդանիշ է ընտրվել նուռը, որը, ըստ Աշոտյանի, սովորական նուռ չէ, այլ «եվրոպական», քանի որ այն բաղկացած է մասնիկներից` եվրոպական տարածքը խորհրդանշող աստղիկներից:

 

Խոսելով այն մասին, թե ինչը կցանկանար փոխել կրթական համակարգում՝ նա նշեց, որ կուզենար ուսանողական շարժողունակությունն ավելանար: «Մենք ուզում ենք, որ մեր ուսանողների գոնե 20 տոկոսն իր ուսումը շարունակի արտերկրում, սակայն մեր ունեցած ցուցանիշները հեռու են այն տվյալներից, որոնք կուզենայինք ունենալ: Պատճառներից մեկը նաև Թուրքիայի հետ փակ սահմանն է, որն ուսանողին զրկում է մատչելի տեղաշարժից»,- ասաց նախարարը:

 

Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ երկօրյա գագաթաժողովը կազմակերպելու համար նախատեսվել է շուրջ 100 մլն դրամ, որի 40 տոկոսը վճարելու է ԵՄ-ն:

 

Տեղեկացրել էինք նաև, որ Հայաստանը գագաթաժողովին մասնակցելու հրավերներ էր ուղարկել նաև հարևան Թուրքիային և Ադրբեջանին. Ադրբեջանից պատասխան չի ստացվել, իսկ Թուրքիայից կլինեն պատվիրակներ: