կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 11:12
Իրավական

Ընդդիմադիրներից անգամ ներողություն չեն խնդրել անհիմն քրեական գործով պատճառված զրկանքների համար

Ընդդիմադիրներից անգամ ներողություն չեն խնդրել  անհիմն քրեական գործով պատճառված զրկանքների համար

2020 թվականի նոյեմբերի 11-ի հանրահավաքից հետո, որը ընդդիմությունը հրավիրել էր պատերազմում պարտություն կրած իշխանությունների հրաժարականի պահանջով, մի խումբ քաղաքական գործիչներ ձերբակալվեցին եւ քրեական գործ հարուցվեց՝։ Ձերբակալվել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Այսօր տեղեկացանք, որ այս անձանց հրավիրել են Քննչական կոմիտե եւ տեղեկացրել, որ գործը կարճվել է։ Նրանց են վերադարձրել հեռախոսները, անձնագրերը, որոնք մեկ տարուց ավելի պահվում էին քննիչների մոտ։

«Հրապարակը» փորձեց զրուցել վերոնշյալ քաղաքական գործիչների հետ` հասկանալու համար, թե գործն ինչ հիմքով է կարճվել եւ վերջապես փոխհատուցում լինելո՞ւ է, կամ գոնե ներողություն խնդրե՞լ են իրենցից։ Ընդդիմադիր առաջնորդները մեկ տարվա ընթացքում՝ այս քրեական գործի պատճառով բազմաթիվ զրկանքներ են կրել՝ զրկված են եղել Հայաստանից դուրս գալու հնարավորությունից, հեռախոսներն են առգրավված եղել, հրավիրել են հարցաքննությունների․․․ նյարդային լարում, առողջական խնդիրներ, ժամանակի վատնում՝ այս բոլոր վնասների փոխհատուցումն ինչպե՞ս է կատարվելու:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նախ հաստատեց վերոնշյալ լուրն, ապա ընդգծեց, որ որեւէ փոխհատուցման մասին խոսք անգամ չի գնացել, անգամ ներողություն չեն խնդրել իրենցից: Մանուկյանն ասաց` գործը կարճվել է հավանաբար փաստերի բացակայության պատճառով: «Հայտնի է, որ քրեական գործ հարուցվեց, քաղաքական գործիչներ կալանավորվեցին, այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունն ամեն կերպ պահեն», - նշում է պատգամավորը:

Իշխան Սաղաթելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռեւս իրեն չեն հրավիրել  բաժին, սակայն կարճման մասին արդեն իսկ տեղյակ է: «Մինչեւ այս պահը դեռ ինձ ոչինչ չեն ասել: Մեկ ամիս առաջ արտերկրում հանդիպում ունեի, սակայն այդ գործի պատճառով մերժեցին երկրից դուրս գալը», - նշում է Սաղաթելյանը: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա վատառողջ է, կարճված գործի հիմքերին դեռեւս ծանոթ չէ, սակայն ենթադրվում էր, որ այս գործը պետք է կարճվի, քանի որ չկար որեւէ հիմք:

Մենք կապվեցինք նաեւ գործը քննող քննիչի՝ Մարտիրոսյանի հետ, ով հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ Մենք ընդամենը հետաքրքրվում էին, թե ով է պատասխան տալու կեղծ, անհիմն գործ հարուցելու համար, պատժվելո՞ւ են անհիմն գործ հարուցողները եւ արդյո՞ք այս անձանցից գոնե ներողություն են խնդրելու՝ պատճառած անհանգստությունների համար։
 

Աղբյուրը՝ «Հրապարակ» օրաթերթ