կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-24 17:46
Աշխարհ

Օբամայի մեծ սխալը

Օբամայի մեծ սխալը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր առավել շատ տպավորվել է Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթներից:

 

«Օլանդն իր ելույթում նաև իր անձնական հույզերն էր դրել. շատ էական է, որ խոսում էր ոչ միայն որպես նախագահ, այլ նաև Ցեղասպանությունը ճանաչող անհատ, քաղաքացի: Սա Օլանդի ելույթի ամնեաազդեցիկ պահն էր: Նա լոկ ի պաշտոնե չէր խոսում, նա խոսում էր նաև որպես ֆրանսիացի, և նրա շուրթերով խոսում էր Ֆրանսիան, ֆրանսիացի ժողովուրդը: Ես այդպես եմ հասկացել և կարծում եմ, որ միայն ես չէ, որ նման կարծիք ունեմ»,- նշեց Հարությունյանը:

 

Նրա կարծիքով`շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Օլանդը չխորշեց իրերն իրենց անունով կոչել: Պատգամավորն առանձնացրեց մի քանի կարևոր հանգամանք: Օլանդն ասաց, որ հիշողությունը պատմական կատեգորիա է, չհիշել` նշանակում է ոչ միայն դավաճանել անմեղ զոհերին, այլ նաև նպաստել նման ոճրագործությունների կրկնությանը: «Օլանդը բացահայտ ասում էր, որ իր ելույթը ապրիլի 24-ին խաղաղության ուղերձ է: Նա դրանով փորձում է ոչ թե կողմերից մեկին աջակցել, մյուսին` ոչ, այլ, ըստ էության, փորձում է դրանով նպաստել կամրջվելուն: Օլանդը խոսում էր ինքն իր հետ և բարձրաձայն մտորում էր»,- ասաց Հարությունյանը:

 

Նա նշեց նաև, որ շատ է տպավորվել նաև մեր նախագահի ելույթից: «Ես պետք է ասեմ նաև, որ շատ տպավորված եմ մեր նախագահի ելույթից: Շատ կարևոր շեշտադրումներ կային այնտեղ: Օլանդն, ըստ էության, որոշ բաներ կրկնում էր, որովհետև նրանք երկուսն էլ խոսում էին օբյեկտիվ իրողությունների մասին: Մեր նախագահը նույնպես արձանագրեց, որ ոճրագործության չճանաչումը ծնունդ տվեց, պատճառ դարձավ հետագա ոճրագործությունների իրականացմանը»:

 

Խոսրով Հարությունյանի բնորոշմամբ` մեր նախագահի ելույթի ժամանակ մի թեզ հնչեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ճշգրտվում է մի նոր ուղղություն, որով Հայաստանը ստանձնում է իր համար կարևոր բան`ցեղասպանությունների կանխարգելման պայքարը: «Մենք առաջ խոսում էինք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին, հիմա Հայաստանում անցկացրած այս գլոբալ ֆորումի ժամանակ մի նոր թեզ զարգացավ, այն է` ժամանակն է պայքարել ժխտողականության դեմ: Այդ մասին իր ելույթում նշեց նաև Սերժ Սարգսյանը»,- ասաց պատգամավորը:

 

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Օբամայի վերջին գործողություններին` նա ընդգծեց. «Լինելով կոնգրեսմեն`  ոչ մեկ անգամ նույն Օբաման օգտագործել է այդ «ցեղասպանություն» եզրույթը, որպեսզի բովանդակային առումով գնահատական տա իրերին ու երևույթներին, բայց, դառնալով նախագահ, նա տվյալ դեպքում ավելի շատ կարևորեց Թուրքիայի հետ հարաբերությունները: Թող ների ինձ Օբաման, բայց նա մինչև վերջ չի գիտակցում, թե, չճանաչելով Ցեղասպանությունը, որքան է նպաստում նոր ռուանդաներին: Այ սա է Օբամայի մեծ սխալը»: