կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-24 13:23
Իրավական

Հայաստանում են Ցեղասպանության ճանաչման գործում ավանդ ունեցած` երեք տասնյակից ավելի փաստաբաններ

Հայաստանում են Ցեղասպանության ճանաչման  գործում ավանդ ունեցած` երեք տասնյակից ավելի փաստաբաններ

ՀՀ փաստաբանների պալատում այսօր մեկնարկեց Հայոց ցեղասպանությանը նվիրված` փաստաբանների ընդհանուր ժողովը: Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 35 փաստաբաններ:  Հայաստանում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչներ և իրենց երկրներում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործունեություն ծավալած հայտնի փաստաբաններ, մասնավորապես` Փարիզի փաստաբանների պալատի նախագահ Պիեռ Օլիվիե Սյուրը, ֆրանսահայ փաստաբան, բարերար, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ Ռայմոնդ Եզեգելյանը, Փաստաբանների միջազգային միության պատվավոր նախագահ (UEA) Պոլ Նեմոն, Սոֆիա քաղաքի փաստաբանների միության նախագահ Պյոտր Կիտանովը և այլք:

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանն իր ելույթում անդրադարձավ ցեղասպանության ճանաչման գործին: «Մենք նախաձեռնում ենք ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային նոր շարժում, այն հիմնված է լինելու արդեն իսկ գործած հանցանքների ճանաչման ու դատապարտման վրա, ինչպես նաև  ուղղված է լինելու ապագայում ցեղասպանությունների կանխարգելմանը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի շարք հարցեր շարունակում են մնալ չբացահայտված, որոշակիորեն լիարժեք չեն նաև ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական մեխանիզմները, սակայն ամենակարևորն այն է, որ պատմական բացահայտ փաստերի ժխտողականությունը շարունակում է տիրել Թուրքիայում: Քանի դեռ մեք գործ ունենք նման քաղաքականության  հետ, ապագայում չենք կարող խոսել կանխարգելման մասին, դրա համար շատ գործեր ունենք անելու»,- ասաց նա:

 

Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման իրավական կողմին՝ ԵՊՀ իրավաբանության ամբիոնի դասախոս Տարոն Սիմոնյանը բարձրացրեց մի քանի կարևորագույն հարցեր: Ըստ նրա՝ անհրաժեշտ է լուծել իրավահաջորդության հարցը, այսինքն` պարզել` արդյո՞ք Թուրքիայի ներկայիս հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է: Հետո՝ ո՞վ պետք է լինի պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտը, որո՞նք են պատասխանատվության ընթացակարգերը, և ի՞նչ ատյաններում պետք է դրանք բարձրաձայնենք,  և, իհարկե, որո՞նք են պատասխանատվության ենթարկելու ձևերը:

 

Փաստաբանների պալատում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված քննարկումներ կլինեն նաև վաղը՝ ապրիլի 25-ին: