կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 12:58
Հասարակություն

Հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. Նիկոլ Փաշինյան

Հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ուղերձում ասվում է.

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել և զարգանում էր հայկական մշակույթը, հայկական ինքնությունը: Երկրի երեսից ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Ոչնչացվել են հայկական մշակույթի էության կրողները՝ նրա մտավորականությունն ու հոգևորականությունը: Դա հսկայական հարված էր ոչ միայն հայ ժողովրդին, նրա մշակույթին ու նրա մշակութաբանական տեսակին, այլ նաև մարդկային ողջ քաղաքակրթությանը: Անդառնալիորեն կորել է համաշխարհային մշակույթի մաս կազմող մի ուրույն և ինքնատիպ շերտ: Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությամբ անդառնալիորեն փոխվել է մի ողջ տարածաշրջանի մշակութային պատկերը։ Մի՞թե սա հանցագործություն չէր մարդկության դեմ։

Ոճրագործը ոչնչացրեց մեր պոետներին՝ նրանց, ովքեր կազմում էին մեր խիղճը, մեր ինքնության առանցքը։ Ուստի մեր շարունակական պայքարը մեր էության, մեր տեսակի պահպանության համար է։ Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը՝ մենք կդավաճանենք մեր էությանը։ Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»