կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 18:03
Հասարակություն

Օբամայի՝ «ցեղասպանություն» չասելով` Թուրքիան դեռ չի շահում. թուրք լրագրողը՝ Հայաստանում

Օբամայի՝ «ցեղասպանություն» չասելով` Թուրքիան դեռ չի շահում. թուրք լրագրողը՝ Հայաստանում

Այսօր Մարզահամերգային համալիրում ընթացող` «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումին ներկա էր նաև թուրք հայտնի լրագրող Ջենգիզ Աքթարը, ով բազմիցս կոչ է արել Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կասի Սպիտակ տան ներկայացուցիչների՝ երեկ արած հայտարարության մասին, որ այս տարի ևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործի «ցեղասպանություն» բառը, Աքթարը, ով, ըստ երևույթին, տեղյակ չէր հայտարարությունից, իր զարմանքը հայտնելով, ասաց. «Օբամայի՝ «ցեղասպանություն» չասելու պատճառով չենք կարող ասել, որ եղածը ցեղասպանություն չէր, կամ, իմանալով այդ մասին Օբամայի՝ նախկինում արած հայտարարությունը, դա դեռ չի նշանակում, որ նա փոխել է իր դիրքորոշումը: Այո, նա չկատարեց իր՝ նախագահ դառնալուց առաջ տված խոստումը: Դա ԱՄՆ-ի քաղաքականությունն է, և նրա գործն է, այդ մասին ես ոչինչ ասել չեմ կարող, բայց... տեսնենք: Պետք նաև սպասենք Գերմանիայի որոշմանը: Կառավարող երկու կուսակցությունների հայտարարություններում էլ ասվում է «ցեղասպանություն» բառը»:

 

Հարցին, թե Գերմանիայի ընդունելիք որոշումն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի վրա, Աքթարը պատասխանեց. «Թուրքիան այլևս այն կարգավիճակն ունեցող երկիրը չէ, որն ապացուցում կամ ապացուցել է, թե ցեղասպանություն չի եղել: Կրկնում եմ՝ այն, որ Օբաման «ցեղասպանություն» չի ասելու, չի նշանակում, որ Թուրքիան շահել է: Չկա նման բան»: Մեր հարցին, թե Թուրքիայում ի՞նչ արձագանք ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 24-ին Հայաստան գալու որոշումը, թուրք լրագրողը պատասխանեց. «Այն լուր անգամ չդարձավ»: Մեր զարմանքին ի արձագանք, նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ այդ լուրը Թուրքիայում մեծ արձագանք չի գտել:

 

 Հարցին, թե, իր կարծիքով, Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությո՞ւնն ինչ ազդեցություն կարող է թողնել ԱՄՆ-ի և Թուրքիայի վրա, պատասխանեց. «Պապի հայտարարությունից հետո Անկարայում բարձրացած դժգոհության վերաբերյալ ԱՄՆ իշխանություններն ասացին, որ Պապն իրավացի է: Սա բառախաղի նման է, իհարկե, սիմվոլիկ առումով՝ կարևոր»: Հետո կրկնեց. «Այն, որ Օբաման «ցեղասպանություն» բառը չի ասել կամ չի ասելու, չի նշանակում, որ Թուրքիան ապացուցեց իր թեզը»:

 

Հարցին, թե, իր կարծիքով, Թուրքիան, ի վերջո, ե՞րբ կասի «ցեղասպանություն», լրագրողը ծիծաղեց ու պատասխանեց. «Այ, դա արդեն չեմ կարող ասել: Պետք է հարցնել Ռեջեփ Թայիփ Էրդողանից»:

 

Վերջում անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Օսմանյան կայսրությունում զոհված հայերի թոռներին ուղղված ցավակցական ուղերձին, Աքթարն ասաց. «Better than nothing. այսինքն՝ չեղածից լավ է: Դրանից առաջ նման բան էլ չէր լինում, սա պետք է դիտարկել որպես դրական քայլ: Կարևորն այն է, թե սրանից հետո ինչ կլինի, Թուրքիայի կառավարությունը ինչպես կվարվի երկրում բնակվող ոչ մուսուլմանների հետ, լինելո՞ւ է հավասար քաղաքացիություն, դպրոցական գրքերը մաքրվելո՞ւ են (դրանցում տեղ գտած հակահայկական հայտարարություններից), ատելության խոսքերի վերջը տրվելո՞ւ է, կառավարությունն ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկելու, մինչ « ցեղասպանություն» ասելը՝ կարողանալո՞ւ է որոշ, հատկապես՝ եկեղեցուն պատկանող գույքը վերադարձնել: Այս բոլորը իրական հարցեր են»: