կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 17:40
Առանց Կատեգորիա

Հայաստանը խաղում է «ողջամիտ ժամկետների» վրա, Թուրքիան շահում է

Հայաստանը խաղում է «ողջամիտ ժամկետների» վրա, Թուրքիան շահում է

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ հանրապետության նախագահի ուղերձը կառուցված էր երկու առանցքային նշանակետերի կամ մեխերի վրա:

 

Դրանցից մեկը բարեկամական շեշտված ժեստն էր թուրք ժողովրդի նկատմամբ: Նման բարձր մակարդակով արժևորելով Օսմանյան Թուրքիայում իրականացվող ոճրագործ պետական քաղաքականությանը հակադրված և ողջակիզվող հայերի նկատմամբ մարդկային բնական վերաբերմունք ցուցաբերած թուրքերին և թուրք ընտանիքներին` փաստացի արտահայտվեց ամբողջական ժողովրդին Ցեղասպանության համար պատասխանատու չճանաչելու` հայության պատրաստակամությունը: Ենթատեքստն այն էր, որ թուրք հասարակությունը ոչ միայն սեփական ինքնությանը, պատմությանն ավելի անկաշկանդ հայացք ձգելու, 20-րդ դարասկզբին կատարվածը իրապես բացահայտելու, դրա մասին խոսելու, այլ նաև սեփական պետական իշխանության ժխտողականությունը դատապարտելու բավարար կամք ու քաջություն դրսևորի: Ցեղասպանության հարյուրամյա տարելից թևակոխելու լույսի ներքո այս ժեստը ոչ միայն զուտ բարոյական, այլ նաև քաղաքական և քարոզչական նշանակություն ուներ:

 

Ուղերձի երկրորդ նշանակետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարն է` այս փուլում Անկարայից ունեցած` Երևանի ակնկալիքների և հնարավոր գործողությունները համատեքստում: Այս առումով ուշագրավ էր նախագահի ուղերձի վերջին պարբերությունը: «2015թ. խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում»,- ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձի եզրափակիչ մասում, որը, մեղմ ասած, խիստ բազմիմաստ է և նոր հարցադրումների տեղիք է տալիս:

 

Նախ` փաստորեն, Հայաստանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը «այլևս բառերով չչափելու» և փակ սահմանների բացումն ու բնականոն հարաբերությունների հաստատման ակնկալիք-պահանջը ներկայացվեց հատկապես 2015թ. «խորհրդի», այսինքն` Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Թե' Թուրքիայի և թե' միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչումը մինչև 2009թ. ցյուրիխյան երկու հայտնի արձանագրությունների ստորագրումը երբևէ չի պայմանավորվել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման պահանջներով: Ցեղասպանության ճանաչումը, դատապարումը և փոխհատուցումը եղել և շարունակում են մնալ անառարկելի և անսակարկելի պահանջներ` անկախ նրանից` բա՞ց են սահմանները երկու հարևան երկրների միջև, թե՞ ոչ: Մինչդեռ այս ձևակերպումից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը և հարաբերությունների հաստատումն է միայն Երևանը դիտարկում որպես 2015թ. խորհուրդը Թուրքիայի կողմից գիտակցելու առարկայական դրսևորում, Ցեղասպանության բեռից մասամբ կամ ամբողջապես ձերբազատվելու հնարավորություն: Մոտեցում, որն ամբողջությամբ համապատասխանում է ցյուրիխյան արձանագրությունների ոգուն և նպատակներին:

 

Երկրորդ` նախագահը վերստին հիշեցնում է արձանագրությունները Թուրքիայի կողմից առաջինը վավերացնելու ողջամիտ ժամկետների մասին: Ուղերձում դրա հետ կապված ձևակերպումն ակնարկ է այն մասին, որ մինչև 2015թ. ապրիլի 24-ը Հայաստանի հիմնական ակնկալիքը Թուրքիայից հենց արձանագրությունների վավերացումն է: Նախագահը, սակայն, խուսափում է կոնկրետ վերջնաժամկետ սահմանելուց` ընդամենը խոսելով «ողջամիտ ժամկետների» արդիական դառնալու մասին: Նման ձևակերպման ներքո կարելի է հասկանալ գործնականում ամեն ինչ և ոչինչ: Լինելով չափազանց հեղհեղուկ, լղոզված` այն կորցնում է իր կիրառական նշանակությունը: Որևէ մեկը չի կարող պնդել, որ Երևանն այս ձևակերպմամբ արտահայտում է արձանագրություններից իր ստորագրությունը հետ կանչելու ուղղությամբ գործնական քայլեր կիրառելու հաստատակամությունը: Դա տրամաբանական կլիներ միայն այն դեպքում, եթե խոսքը գնար ոչ թե «ողջամիտ ժամկետների» արդիականության, այլ սպառվելու մասին:

 

Եվ սա այն դեպքում, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, իրեն թույլ տալով ապրիլի 24-ի կապակցությամբ Անկարայի ժխտողական կեցվածքը վերահաստատող և դա նոր փաթեթավորմամբ մատուցող ուղերձ հղել, ոչ մի բառ անգամ չի ասում այդ արձանագրությունների և դրանց հետ կապված` Անկարայի մտադրությունների մասին: Էրդողանի ուղերձից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նման փաստաթղթեր առհասարակ գոյություն չունեն:

 

Եթե Անկարան բացարձակապես կաշկանդված չի զգում արձանագրություններով, ապա դրանցից համառորեն կառչած մնալը խոսում է իրադարձություններից 5 տարով Երևանի հետ մնացած լինելու և մութ սենյակում գոյություն չունեցող սև կատու որսալու` անիմաստ ջանքերի մասին: Երևանն իր այս անիմաստ հնարքները և «ողջամիտ ժամկետները» ձգձգելու կեցվածքը շարունակում է արդարացնել նրանով, թե արձանագրությունները բխում են բացառապես Հայաստանի շահերից, ու դա է պատճառը, որ Թուրքիան խուսափում է դրանք վավերացնելուց: Այդ մասին օրեր առաջ պաշտպանության նախարարությունում արտահայտվեց նաև Սերժ Սարգսյանը: «Եթե շատերն ասում էին, որ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը: Այսինքն՝ իրենք իրենց շահը չգիտե՞ն, իսկ հայերի մի մասը գիտի թուրքերի շա՞հը: Թե՞ թուրքերը մեզ խղճում են, ասում են՝ հայերը սխալվել են, այս անգամ հայերին ներենք»,- ասել էր նախագահը` փաստացի մատնելով, թե ինչի վրա է խարսխված այս հարցում հայաստանյան դիվանագիտության ինքնագոհությունը:

 

Բայց եթե շարժվում ենք այս տրամաբանությամբ, ապա միամիտներին ողջախոհության դաս տալու շրջանակում նախագահն առնվազն պետք է պատասխաներ նաև այն հարցին, թե արդյո՞ք թուրքերն այնքան միամիտ էին կամ չէին գիտակցում իրենց շահերը, երբ Երևանին ներքաշում էին, այսպես կոչված, հաշտեցման գաղտագողի բանակցությունների մեջ ու ստորագրում էին այդ արձանագրությունները: Անկարան դրանցով նախատեսվող զիջումները հայկական կողմից արդեն համարում է կորզված: Հետագայում հաշտեցման ինչպիսի նոր գործընթաց էլ սկսվի, Թուրքիայի համար ելակետային են լինելու արձանագրություններում շարադրված այդ զիջումները: Հիմա նրանց համար գլխավորը Ղարաբաղյան հարցի պրոադրբեջանական լուծումն է, և անկախ նրանից` Երևանը խոստովանում է, թե` ոչ, Անկարան ԼՂ հիմնահարցը դարձրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման` ձգտելով ամեն ինչ ձեռք բերել միաժամանակ և ամբողջապես: Որքան երկար արձանագրությունները պահվեն օրակարգում, այնքան տևական է լինելու հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորումները միմյանցով պայմանավորելու` Թուրքիայի քաղաքականությունը:

 

Գևորգ Աղաբաբյան