Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ «ՀՈՂԱՅԻՆ ԳՐԱՒՄԱՆՑ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՅ» տեղեկագրերի
«…Կարծես ուխտ մը կայ Հայն հողազուրկ և ստրուկ ընել ամէնուրեք, և արդէն շատ տեղեր հասած են այս նպատակին»:
Անդամք Հողային Յանձնաժողովոյ
Կ. Պոլիս, 26 Մարտ 1910
Անի Ոսկանյան. թուրքագետ
Հայապատկան հողերը մշտապես գտնվում էին օսմանյան իշխանությունների թիրախում, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսից արդեն սկսվում է դրանց բռնագրավման քաղաքականության իրականացումը: Կայսրության ողջ տարածքում բռնագրավված հողերի տարեցտարի մեծացող պատկերը քարտեզի ձևով ներկայացնելու դեպքում ունենում ենք յուրաքանչյուր հաջորդ տարվա կտրվածքով ավելի մեծ ծավալներ ընդգրկող բռնագրավված տարածքներ:
1894-96 թթ. համիդյան ջարդերի ընթացքում սպանվում է 300.000 հայ, 80.000-100.000 հայ էլ ստեղծված պայմանների հետևանքով գաղթում է: Կառավարությունը բոլոր նրանց, ովքեր մեկ անգամ դուրս էին եկել իրենց բնակավայրերից, արգելում էր վերադառնալ: Նրանց հողերն ու գույքը տրվում էին մուսուլմաններին: Թուրք, քուրդ գյուղացիները, ինչպես նաև չերքեզները տեր էին դառնում հայկա¬կան հսկայական շրջանների: 1908 թ. Սահմանադրության վերահռչակումից հետո իրենց նախկին բնակավայրեր վերադարձող հայերը փորձում էին վե¬րականգնել իրենց կալվածքները. եթե սկզբում կառա¬վարությունը կարծես թե աջակցում էր վերջիններիս, ապա ավելի ուշ տեղի էր տալիս արդեն այդ հողերում հաստատված մուսուլման¬ների պահանջներին :
1909 թ. Մարզպետն իր «Հողային հարցի շուրջ, հարստահարութեան ձեւեր» հոդվածում գրում էր, որ բռնության և հալածանքների հետևանքով հայկական գավառները դատարկվում էին. «….այդպիսի գաւառներն են Վանի վիլայէթին մէջ Նորտուզը, Աղբակը, Գաւառը, Պիթլիզի վիլայէթին մէջ` Սղերդը, Խիզանը, Մոտկանը, Խոյը, Մանազկերտը, Էրզրումի վիլայէթին մէջ` Խնուսը, Ալաշկերտը ևն», ինչպես նաև մանրամասն ներկայացնում է պաշտոնյաների կողմից կամ նրանց աջակցությամբ թուրք և քուրդ բեկերի ու աղաների իրականացրած գրավումների ձևերն ու եղանակները :
Պետականորեն գրավումներ կատարելու «օրինական» հնարավորություն էր տալիս բանկային համակարգը: Գյուղացիներին օժանդակելու և վարկավորելու համար ստեղծված Երկրագործական (Գյուղատնտեսական) բանկը ոչ միայն լավագույնս իրականացնում էր իրեն տրված գործառույթը, այլև դառնում է նոր բեռ հարկերից ուժասպառ գյուղացու համար. «….աշարը, փոխանակ 10էն մէկ առնելու, 8էն մէկ կ’առնեն, յավելյալ այս երկու տոկոսի մէկ կարեւոր մասը յատկացուած է երկրագործական պանքային» : Հողային գրավադրման դեպքում բանկը չնչին փոխհատուցմամբ վերցնում էր ավելի մեծ արժողությամբ հողեր: Տրված գումարը բաղադրյալ տոկոսով աստիճանաբար հասնում էր խոշոր չափերի, և գյուղացին, չկարողանալով վճարել, զրկվում էր իր հողերից: Բանկը բռնագրավում էր դրանք և դնում աճուրդի: Հայերը նույնիսկ հնարավորության դեպքում չէին կարող մասնակցել աճուրդներին, քանի որ ազդեցիկ թուրքերն արգելքներ էին դնում, անգամ սպառնում :
Ժամանակի առաջադեմ մտավորա¬կանները, հայ քաղաքական ու հասարակական գործիչները, կուսակ¬ցությունները, Կ. Պոլսի հայոց պատրիարքարանն ու Կիլիկիո կաթողիկոսարանը շարունակ բարձրաձայնում էին հողազրկումների մասին, դիմում էին կառավարությանը, որոնում էին ելքեր: Հողազրկման քաղաքականությանը անդրադառնում էր նաև մամուլը՝ նշելով հողային բռնագրավման վայրը, հանգամանքները, տուժողի և բռնագրավողի անունները: Փաստաբաններից մեկի վկայությամբ` դիմումների ու գործերի 70 %-ը այդ օրերին առնչվում էր հողային հարցերին :
Հողային բռնագրավումների հանգամանքները քննելու, բռնագրավումների մասին համապարփակ տեղեկություններ ունենալու, դրանց ցուցակագրման աշխատանքները համակարգելու, ինչպես նաև հարցին հետամուտ լինելու և լուծումներ գտնելու համար 1909 թ. Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը ստեղծում է հողային հանձնաժողով, որի կազմում էին Ն. Տաղավարյանը, Ռ. Փա¬փազյանը, Ա. Հալաճյանը, Գ. Տեր-Կարապետյանը և Ղ. Պեզազյանը: Հանձնաժողովը պատրաստում է հայոց ազգային ու մասնավոր գրավյալ հողերի ու կալվածքների ցուցակները և ներկայացնում Կ. Պոլսի հայոց պատրիարք և Ազգային կենտրոնական վարչու¬թյան նախագահ Եղիշե արք. Դուրյանին և պատկառելի Քաղա¬քական ժողովին: Հանձնաժողովի անդամները նաև հստակ ամրագրում են, որ ցուցակներում բերված տվյալները հողային բռնագրավումների ամբողջական պատկերը չեն ներկայաց¬նում և շարունակական համալրման կարիք ունեն:
Հողային գրավման հանձնաժողովն իր աշխատանքները կատարում էր՝ ուղենշային համարելով հետևյալ դասակարգումը.
1. Տուրքի դիմաց կառավարության կողմից չնչին գնով ծախված հողեր:
2. Պարտքի դիմաց Երկրագործական բանկի կողմից էժան գներով ծախված հողեր:
3. Անհատների փոքր պարտքերի դիմաց դատարանով բռնագրավված արժեքավոր հողեր:
4. Կեղծ պահանջատերեր, որոնք, կեղծ վկաներով հաստատե¬լով իրենց պահանջը, դատարանով բռնագրավել են հողեր:
5. Փոքր պարտքերի դիմաց ֆերաղով (ունեցվածքի իրավունքի հանձնում, զիջում, բռնի օտարում) գրավյալ հողեր:
6. Փոքր պարտքերի դիմաց առանց դատարանի պահանջի գրավյալ հողեր (առանց ֆերաղի):
7. Գաղթող հայրերի հողեր՝ մահլուլ (անժառանգ գույք) հռչակ¬ված և այլոց բաժանված, տրված կամ ծախված:
8. Բռնի գրավյալ հողեր՝ առանց ֆերաղի, որոնց թափուները (սեփականության վկայական, կալվածաթուղթ) հայերի ձեռքում են, և տուրքերը դեռ իրենք են վճարում:
9. Բռնի գրավյալ հողեր՝ առանց ֆերաղի, որոնց թափուները հայերը կորցրել են կամ չունեն, սակայն կալվածատիրա¬կան արձանագրություններում նշված են նրանց անունները:
10. Բռնի գրավյալ հողեր, որոնց համար կեղծ թափուներ են հանել բռնագրավողները և վճարում են դրանց տուրքերը:
11. Մինչև այսօր առանց պետական արձանագրության և թա¬փուի հայերի կողմից վաղուց մշակված հողեր, որոնց բռնի տիրել են և այժմ իլամներ (դատական որոշում՝ գրավոր ձևով) են հանում իրենց անուններով:
12. Եկեղեցիների, վանքերի ազգապատկան հողեր, որոնք իբրև մահլուլ գրավվել են՝ առանց ճանաչելու բարոյական անձ¬երի գոյությունը:
13. Հայկական շենքերի, տների և նույնիսկ գյուղերի բռնի գրա¬վումով դրանք օտար գաղթականների և այլոց տալու անօրինականություններ:
14. Եկեղեցիներ, վանքեր, գերեզմանատներ քանդելու և դրանց քարերով իրենց հատուկ տներ կառուցելու ոճիրներ :
Համաձայն առաջնորդարաններից եկած հարյուրավոր տե¬ղեկագրերի, ինչպես նաև պատրիարքարանի կողմից հանձնա¬ժողովի աշխատանքներին օժանդակելու համար տրամադրված` գրագրերի հավաքած նյութերի, երբեմն նաև գավառները ներկայացնող պատգամավորների հաղորդած տեղեկությունների՝ 135 մեծադիր ցուցակներով պատրաստվում են 32 գավառների հողային և կալվածային բռնագրավումների ավելի քան 7.000 դեպքերը, որոնցում նշված են գրավյալ հողի կամ կալվածքի գավառը, գավառակը, գյուղը կամ քաղաքը, սեփականատիրոջ անունը, կալվածքի տեսակը, չափերը, կալվածագիր ունենալ-չունենալը, ար¬ժեքը, եթե տրված է, բռնագրավման եղանակն ու թվականը, բռնագրավողի անունը և այլ տեղեկություններ :
Հանձնաժողովը, ամփոփելով ցուցակները, տեղեկագրի ձևով պատրաստում է չորս տետր.
1. Տեղեկագիր հողային գրաւմանց յանձնաժողովոյ, Տետր Ա., Պաշտօ¬նա¬կան հրատարակութիւնք Ազգային Պատրիարքարանի, Կ. Պոլիս, տպ. Տ. Տօղ¬րա¬մաճեան, 1910,
2. Տեղեկագիր հողային գրաւմանց յանձնաժողովոյ, Տետր Բ., Պաշտօնական հրատարակութիւնք Ազգային Պատրիարքարանի, Կ. Պոլիս, տպ. Օսմ. գործակցական ընկերութեան, 1911,
3. Տեղեկագիր հողային գրաւ¬մանց յանձնաժողովոյ, Տետր Գ., Պաշտօնական հրատարակութիւնք Ազգային Պատրիարքարանի, Կ. Պոլիս, տպ. Տ. Տօղրամաճեան, 1912,
4. Տեղեկագիր հո¬ղա¬յին գրաւմանց յանձնաժողովոյ, Տետր Դ., Պաշտօնական հրատարա¬կու-թիւնք Ազգային Պատրիարքարանի, Կ. Պոլիս, տպ. Տ. Տօղրամաճեան, 1912:
Ա. տետրում առանձնացված են գրավյալ սրբավայրերը և ազգապատկան կալվածքները. ցուցա¬կագրված են գրավյալ 13 վանքեր (մի մասը` իր կալվածքնե-րով), 27 եկեղեցիներ, 16 գերեզմանատներ և 80 ազգապատկան մեծ ու փոքր կալվածքներ: Դրանց մի մասի վերաբերյալ ազգային իշխանու¬թյան կողմից հայց է ներկայացվել դատարան: Տեղեկագրում նշված է նաև դրանց դատական վիճակը:
Բ. տետրում տրված են անհատներից գրավված կալ¬վածքները: Կարևոր կալվածքներ են համարվում 100 ոսկուց ավելի արժեք ունեցող հողերը կամ կալվածքները, կամ երբ արժեքը նշված չէ, 100 դեոնումից ավելի տարածք ունեցող հողերը:
Տեղեկություններ կան նաև այն կալ¬վածքների մասին, որոնց վերաբերյալ հայց է ներկայացվել դատարան:
Գ. տետրը պարունակում է հայ ազգաբնակչության գրավ¬յալ կալվածքների ցանկ: Ցույց են տրված մեկ գյուղի մեջ տասից ավելի սեփականատերերի (առանձին-առանձին` 100 ոսկուց նվազ արժեքով կամ 100 դեոնումից պակաս տարածքով) պատկանող հողերը, որոնք միևնույն անձի կողմից հավաքաբար զավթվել են: Տրված են զավթողների թիվը, բռնագրավողների անունները:
Գրավյալ հողերի 100-ից 90-ի թափուները դեռ բուն սեփականատերերի ձեռքում էին կամ նրանց անունով էին գրանցված:
Այս կալվածքների հասույթը ստանում էր բռնագրավողը, իսկ տուրքերը վճարում էին հայերը:
Դ. տետրում ներկայացվում են 1890 թվականից հետո կատարված հետևյալ բռնագրավումները.
ա) տուրքի դիմաց կառավարության կողմից հողի ու կալվածքի բռնագրավումներ,
բ) պարտքի դիմաց Երկրագործական բանկի կողմից բռնագրավումներ,
գ) աննշան պարտքի դիմաց կատարված արժեքավոր բռնագրավումներ,
դ) պարտքի դիմաց առանց օրինական ձևակերպումների կատարված բռնագրավումներ:
1910 թ. մայիսին հանձնաժողովը հողային բռնագրավումների մասին ներկայացնում է առաջարկներ, որոնցում, ի թիվս այլ եզրակացությունների, արձանագրում է՝ ազգապատկան հաստատությունները, վանքերը, եկեղեցիները, գերեզ¬մանատները և մեծ ու փոքր կալվածքները որևէ պատրվակով չեն կարող անցնել ուրիշին. դրանք ազգային սեփականություն են :
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և հայաբնակ մյուս վայրերում սկսելով հայերի հողազրկման գործընթացը՝ օսմանյան կառա¬վարությունն այն տանում էր մինչև վերջ՝ գրեթե անհնարին դարձնելով հայերի կորցրած սեփականությունն օրինական ճանապարհով հետ բերելու բոլոր հնարավորությունները: Հողերի բռնագրավումով իշխանությունները լուծում էին մի քանի խնդիր. ոչ միայն բարելավվում էր թուրքերի և մյուս մուսուլմանների տնտեսական վիճակը, այլև լուծվում էր շարունակական պատերազմների ընթացքում ազատագրված երկրներից ներթափանցող մուսուլման փախստականներին բնակեցնելու հարցը: Աստիճանաբար հայկական նահանգներում և հայաբնակ մյուս վայրերում ստվարացող փախստականները նույնպես դիմում էին բռնագրավումների, հաճախ` տեղական իշխանությունների աջակցությամբ: Հողը կորցրած հայը դատապարտվում էր գրեթե ստրկական աշխատանքի իր իսկ նախկին կալվածքում: Նրանցից ոմանք ստիպված արտագաղթում էին. արտագաղթի դրդելը հողազրկման քաղաքականության առանցքային գործոններից մեկն էր: Այսինքն՝ գործընթացը փոխում էր նաև երկրի ժողովրդագրական պատկերը: Դատարկելով Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան և հայաբնակ մյուս վայրերը` օսմանյան իշխանությունները հետապնդում էին մի կարևորագույն նպատակ՝ ազատվել հայ¬ ազգաբնակչությունից կամ այնպես նվազեցնել հայերի թվաքանակը, որ նրանք որևէ վայրում մեծամասնություն չկազմեին: Հարկավոր է նշել, որ հողազրկման քաղաքականությունը գործադրված համալիր բռնաճնշումների ձևերից մեկն էր, որը հանգեցնում էր պետության նախասահմանած արդյունքին: Այսպիսով` համակարգված գործողությունների հետևանքով իշխանությունները ձեռք էին բերում թուրքական պետության գոյության համար ամենակարևոր գործոնը՝ տարածություն, հող, որը բնակեցված կլիներ մեծ մասամբ թուրքերով:
Խնդրի ուսումնասիրությունն արդիական է ինչպես ներկայիս Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այնպես էլ տարածաշրջանում այլ ժողովուրդների նկատմամբ վերջինիս վարած ագրեսիվ քաղաքականությունը հասկանալու համար:
Հողային իրավունքից զրկումը ազգային բնիկ փոքրամասնությունների նկատմամբ խտրականության և անհանդուրժողականության դրսևորում է: Հողային բռնագրավումների պատմության, քաղաքականության, հետևողականության ու տրամաբանության ուսումնասիրությունն առավել տեսանելի է դարձնում հայերի ոչնչացման համակարգված ու խորքային ծրագիրը, ինչպես նաև այդ ծրագրի գործադրումը` անկախ երկրի իշխող վարչակազմից: