կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 16:39
Սպորտ

Ռուբեն Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ

Ռուբեն Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ

 

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

 

«Այսօր 85 տարեկան հասակում վախճանվել է հայկական ֆուտբոլի վերջին մոհիկաններից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի փառավոր էջերի հետ:

 

1946 թվականին հայրենադարձների առաջին քարավաններով Հունաստանի մայրաքաղաք Աթենքից գալով Հայաստան, Հարություն Քեհեյանն իրեն նվիրեց հայկական ֆուտբոլին՝ նրա տարեգրության մեջ թողնելով ֆուտբոլիստի և մարզչի բազմաթիվ աստեղային պահեր:

 

Որպես ֆուտբոլիստ, Հարություն Քեհեյանը մեծ դերակատարություն է ունեցել 50-ական թվականների հայկական ֆուտբոլում, իր հրաշալի, անկրկնելի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: Պատահական չէ, որ Հարություն Քեհեյանն առաջին հայ ֆուտբոլիստն էր, որ արժանացավ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Որպես մարզիչ նույնպես Հարություն Քեհեյանը մեծ ներդրում ունի հայկական ֆուտբոլում: Նրա մարզչական կենսագրությունը ևս պսակված է փառավոր հաջողություններով, որոնք կազմում են հայկական ֆուտբոլի տարեգրության ոսկե էջերը: 1971 թվականից ընդգրկվելով Երևանի «Արարատի» մարզչական շտաբում, Հարություն Քեհեյանը սիրելի թիմի հետ նվաճեց մարզչական բարձրունքներ՝ արժանանալով ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալի, իսկ 1973-ին Հարություն Քեհեյանը լեգենդար Արարատի հետ նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները: 1975 թվականից Հարություն Քեհեյանը «Հրազդան» մարզադաշտի անփոփոխ տնօրենն էր:

 

Անկախության տարիներին Հարություն Քեհեյանն իր փորձով, կենսագրությամբ, հեղինակությամբ կանգնեց նոր զարգացող հայկական ֆուտբոլի կողքին՝ ոգեշնչվելով մեր ֆուտբոլի բոլոր հաջողություններով և ձեռքբերումներով: Հայաստանի ազգային հավաքականի բոլոր նվաճումները Հարություն Քեհեյանն ընդունում էր սրտի հուզումով և ցավ էր ապրում բոլոր անհաջողությունների համար:

 

Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել: Խորապես ցավակցում եմ Հարություն Քեհեյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին: Մխիթարություն է, որ Հարություն Քեհեյանի անունը վառ կմնա սերունդների մեջ, քանի որ նրա ողջ կյանքը սերունդների համար նվիրումի անկրկնելի օրինակ է»:

ՀՖՖ պաշտոնական կայք