Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է եկել՝ համոզելու Երևանին՝ աջակցել ԼՂ հակամարտության հարցով վեհաժողովի շրջանակներում պատրաստվող` Ադրբեջանի պատվիրակության նախաձեռնած զեկույցին, որի մասին որոշումն ընդունվել էր նախորդ տարի:
Ըստ այդ որոշման, որն ընդունվեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փաստացի բոյկոտի պայմաններում, Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավոր, իր ադրբեջանամետ հայացքներով հայտնի Ռոբերտ Ուոլթերը կպատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» կանխակալ, հակամարտության էությունը խեղաթյուրող և բացառապես ադրբեջանական քաղաքական ուղեգիծն արտացոլող վերնագրով մի զեկույց, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել է: Ուոլթերն իր առաքելության շրջանակներում արդեն երկու անգամ այցելել է Ադրբեջան:
Սակայն ի սկզբանե հայկական պատվիրակությունը հայտարարել էր, թե հնարավոր չի համարում զեկույցի պատրաստմանն իր կողմից աջակցումը, քանի դեռ չի փոխվել զեկույցի վերնագիրը: Այս մոտեցումը զեկույցի պատաստումը դնում է փակուղային դրության մեջ, քանի որ ակնհայտ է, որ առանց Հայաստանի հետ համագործակցության, առավել ևս` առանց ԼՂ այցելության Ռոբերտ Ուոլթերը չի կարող իր պատրաստելիք զեկույցում համակողմանիության, օբյեկտիվության պատրանք ստեղծել:
Եվ ահա ԵԽԽՎ-ն ամենաբարձր մակարդակով «դեսանտ է իջեցրել» Երևանում՝ համոզելու հայաստանյան իշխանություններին` փոխել այդ դիրքորոշումը և «կանաչ լույս» վառել Ուոլթերի գործունեության, ավելի ճիշտ կլինի ասել՝ ադրբեջանական հավակնությունների բավարարման առջև:
Փորձելով ինչ-որ կերպ արդարացնել զեկույցի պատրաստումը՝ Բրասերը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Զեկույցի պատրաստման նպատակը ոչ թե ՄԽ շրջանակներում գործընթացին միջամտելն է, այլ լուծումներ որոնելուն եւ գտնելուն նպաստելը: Իսկ լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է քննարկել բոլոր կողմերի համար մտահոգություն առաջացնող բոլոր խնդիրները: Հույս ունեմ, որ հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի ու կնպաստի զեկույցի պատրաստման գործընթացին: Այն հավասարակշռված իրավիճակ է արտացոլում, իսկ հավասարակշռությունը հնարավոր է ապահովել երկխոսության մեջ ներգրավվելու արդյունքում»: ԵԽԽՎ նախագահն այսպիսով փորձում է «ջարդել» հայկական կողմի այն հիմնական առարկությունը, թե ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակից հակամարտության կարգավորման դուրսբերման, այլ հարթակներ ու կազմակերպություններ տեղափոխելու փորձերը, ինչով հիմա համառորեն զբաղված է Ադրբեջանը, վնասում են բանակցային գործընթացին: Այսինքն` թե՝ ԵԽ-ն ոչ թե ԼՂ հիմնահարցի կարգավորումը տեղափոխում իր կոմպետենցիայի դաշտ, այլ ընդամենը ցանկանում է, լուծումներ առաջարկելով, օգնել դրան:
Բրասերն իր այս ջանքերում հիշեցնում է այն սկսնակ աճպարարին, որը ոչ այնքան հնարքներ է անում, տվյալ դեպքում՝ դիվանագիտական, որքան մատնում դրանց իրականացման տեխնիկան՝ իր ջանքերը դարձնելով զավեշտալի: Նախ՝ որևէ մեկին օգնելը իմաստալից և օգտակար է բացառապես այն դեպքում, երբ այդ մեկն ունի դրա կարիքը և ինքն է օգնություն խնդրում: Տվյալ դեպքում` հակամարտության կողերից առնվազն երկուսը՝ Հայաստանը և ԼՂՀ-ն, ԵԽ-ի օգնության կարիքը բացարձակապես չունեն: Իսկ երբ այդ օգնությունը ցուցաբերվում է հակամարտող կողմերից մեկի համառ ջանքերով, դա արդեն ոչ թե օգնություն է, այլ դրա անվան տակ մյուս կողմի կամ կողմերի նկատմամբ ճնշման գործադրում, առնվազն՝ ակնհայտ միջամտություն, ինչով արդեն 10 տարի փաստացի զբաղված է ԵԽ-ն:
Երկրորդ՝ հավասարակշռության ապահովման և երկխոսության մասին անհեթեթ է խոսել մի իրավիճակում, երբ փորձ է արվում հակամարտության կարգավորման ելքը կանխորոշել Ադրբեջանի քմահաճույքների բավարարմամբ, ինչն այլ կերպ նշանակում է հրավիրել հայկական կողմին երկխոսության իր իսկ կապիտուլյացիայի պայմանների շուրջ: Որովհետև ԼՂ-ն ներկայացնելով որպես Ադրբեջանի օկուպացված շրջան` ԵԽ-ն, ըստ էության կանխորոշում է ԼՂ-ի ճակատագիրը՝ չնայած նրան, որ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցությունների հիմնական խնդիրներից մեկն է: Բրասերի պատկերացմամբ` փաստորեն, երկխոսությունն այն է, երբ դատապարտյալի, այսինքն` հայկական կողմի գլխավերևում կարդում են նրա դատավճիռը:
Պարզ է, թե որն է Բրասերի իրական նպատակը: Եթե Հայաստանը համաձայնում է համակերպվել իրենց սահմանած խաղի՝ ի սկզբանե անհավասար կանոններին, ապա հրաշալի է: Եթե չի համաձայնում, ապա ոչ միայն զեկույցն է գրվում բացառապես Բաքու կատարած այցելությունների և ադրբեջանական բարբաջանքների հիման վրա, այլև հիմքեր են ստեղծվում Հայաստանի հարցը ԵԽԽՎ-ում բարձրացնելու, ինչ-որ սանկցիաներ կիրառելու համար: Ավելի պարզ ասած՝ Բրասերի երևանյան այցը յուրատեսակ ուլտիմատում է՝ ցանկացած դեպքում հայկական կողմի համար բացասական ելքով:
Այս իմաստով հարկ է հասկանալ՝ ինչի՞ն է ուղղված Հայաստանից զեկույցի պատրաստմանն օժանդակելու ակնկալիքը: Նրան, որ Հայաստանն Ուոլթերին ընդունի և բացատրություննե՞ր տա, թե ինչու է օկուպացրել ԼՂ-ն, ինչպես ենթադրում է զեկույցի վերնագիրը: Եթե` այո, ապա Երևանի օգնության կարիքն այստեղ չկա: Այդ կարծիքն Ուոլթերը հանգիստ կարող է ստանալ Բաքվում և այնտեղ էլ, ի դեպ, պատրաստել զեկույցը: Կասկած չկա՝ դրա համար Կասպիցի ափին մի գեղատեսիլ վայրում նրա համար ապրելու և «ստեղծագործելու» բոլոր նպաստավոր պայմանները կստեղծեն:
Իսկ եթե խնդիրը ԼՂՀ մուտք գործելու համար Հայաստանի միջնորդությունը ստանալն է, ապա դա հայկական կողմի համար նույնիսկ միջոց է՝ միանգամից թարմացնելու թե' տիկին Բրասերի և թե' Ուոլթերի ուղեղները: Հասկանալի է, որ Բրասերն իրեն թույլ չի տալիս Ուոլթերի համար մուտքի արտոնագիր խնդրելու հարցով ուղիղ դիմել Ստեփանակերտին: Այս հարցում է, որ Հայաստանը կարող է միջնորդել: Հետագայում Երևանին ոչ ոք չի կարող մեղադրել իրենից կախվածը չանելու մեջ: Այլ բան է՝ ԼՂՀ-ն կընդունի՞ այդ միջնորդությունը, թե՞ ոչ: Դա ԼՂՀ իշխանությունների սուվերեն իրավունքն է, որին մի օր պետք է բախվի երկակի ստանդարտներով առաջնորդվող Եվրոպայի խավիարահոտ երեսը:
ԼՂՀ նախագահի խոսնակը շաբաթներ առաջ ԵԽԽՎ զեկույցի հեղինակին խորհուրդ տվեց, թե` քանի որ ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս, ապա եթե կարող է, թող Ստեփանակերտ հասնի Ադրբեջանի տարածքից: Սա ոչ միայն տրամաբանական է, այլև նույնիսկ բխում է Ուոլթերի անվտանգությունից: Ի՞նչ իմանաս, հանկարծ մի օր պարզվի, որ Հայաստանից ԼՂՀ անցնելու համար Ադրբեջանում որոշել են նաև Ուոլթերին «սև ցուցակ» գցել՝ զրկվելով այդ երկիր մուտք գործելու իրավունքից: Թեև, մյուս կողմից, Բաքվում կարող են հայտարարել, թե զեկույցի հեղինակը հատուկ աղաչանքով վաղօրոք դիմել էր իրենց, որ թույլ տան Հայաստանով անցնի ԼՂ: Բայց դա արդեն Բաքվի, Բրասերի և Ուոլթերի ներքին, անձնական խնդիրն է:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Բրասերի այցի և այս անհեթեթ հայտարարությունների ամենաարժանի պատասխանը ԼՂՀ-ում մայիսին իրապես ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Հա, ի դեպ, կարելի է նաև Բրասերին և Ուոլթերին հրավեր ուղարկել՝ դիտորդի կարգավիճակով մասնակցել այդ ընտրություններին...
Գևորգ Դարբինյան