կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-16 16:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ անտաղանդ են տանում լրագրողների դեմ արշավը, պարտվելու են. Անի Գևորգյան

Փորձում են ինձ լռեցնել, բայց շատ անտաղանդ են այս արշավը տանում, իրենց մոտ չի ստացվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Tert.am կայքի լրագրող Անի Գևորգյանը, որի մանկահասակ երեխայի լուսանկարը՝ ուղեկցող վիրավորական գրություններով, տարածել է ֆեյսբուքյան օգտատերերի մի խումբ:

Անի Գևորգայնը վստահեցրեց, որ չի լռելու, շարունակելու է հարցադրումներ ներկայացնել, կնճռոտ հարցեր տալ․ «Եթե իրենք պաշտոնյա են, պետք է պատրաստ լինեն պատասխանել ցանկացած հարցի, հարգանք պետք է լինի լրագրողների հանդեպ»:

Անի Գևորգյանը համոզված է, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է այս ամենի հետևում։

«Վստահ եմ, անմիջապես Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է, սա հաջորդել է հենց ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի վարքագծին, մամուլում պարբերաբար ֆեյքային ֆաբրիկան հենց Ալեն Սիմոնյանի անվան հետ է կապվում»,-ասաց նա:

Իր զավակին թիրախավորելու հարցով իրավական գործընթացը, եթե անգամ ձևականորեն սկսել են, Անի Գևորգյանն ուզում է տեսնել պատժվող։

«Նախադեպ չկա, որ այս իշխանության օրոք որևէ մեկը պատժվի որևէ լրագրողի վիրավորելու համար»,- ասաց նա:

Անի Գևորգյանը նկատեց, որ իշխանական թիմում էլ լրագրողները շատ են, բայց, չնայած դրան,  լրագրողներն ամենաշատը թիրախավորվում են հենց լրագրողների իշխանության շրջանում, անգամ նորաթուխ պատգամավորներն են լրագրողների հետ բղավելով խոսում:

Նա համոզված է, որ լրատվամիջոցների դեմ հայտարարված պատերազմում՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, ով ուզում է  լինի, պարտվելու է:

Նշենք, որ դեպքը դատապարտել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու իրավապաշտպան՝ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ։

Մանրամասն՝ տեսանյութում․