Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոզանում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակ»-ի միջև կայացած 8-օրյա լարված բանակցությունները վերջապես արդյունք տվեցին: Ստորագրվեց ճգնաժամի հաղթահարման հիմնական սկզբունքները ներառող շրջանակային համաձայնագիր, որի հիման վրա մինչև հունիսի 30-ը կմշակվի և կստորագրվի վերջնական համապարփակ պայմանագիրը:
Ըստ բանակցությունների արձանագրված արդյունքների՝ Իրանը պարտավորվում է 10 տարի ժամկետով սահմանափակել ուրանի հարստացման գործընթացը՝ կանգնեցնելով ներկայումս գործող 19 հազար ցենտրիֆուգների երկու երրորդը, 15 տարվա ընթացքում ուրանի հարստացում իրականացնել 3.67 տոկոսից ոչ ավելի: Իրանը հասել է նրան, որ, չնայած ուրանի հարստացման էական կրճատմանը, այդ գործընթացը չի կանգնեցվելու՝ մնալով, այսպես կոչված, «խաղաղ ատոմի» զարգացման շրջանակներում: Դրա դիմաց ԱՄՙՆ-ը և ԵՄ-ն պարտավորվում են աստիճանաբար հանել Իրանի նկատմամբ կիրառվող բոլոր տնտեսական և ֆինանսական սահմանափակումները: Պատժամիջոցներն աստիճանաբար, այլ ոչ թե միանգամից հանելու մոտեցումն ընտրվել է հենց Իրանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նկատառումով:
Բայց, դրանով հանդերձ, բանակցությունների հաջող ելքը ոչ միայն պատմական նշանակություն ունի Իրանի համար, այլ նաև, ըստ էության, ողջ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի համար: Որովհետև դա նշանակում է աստիճանաբար Իրանի վերադարձ համաշխարհային տնտեսական, կոմունիկացիոն և էներգետիկ համակարգ, ինչն իր հետ անխուսափելիորեն բերելու է Իրանի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային դերի կտրուկ աճի: Եթե բոլոր կողմերը հետևեն Լոզանի համաձայնությունների կատարմանը, ապա այս տարվա հունիսի 30-ից հետո ունենալու ենք բացարձակապես նոր տարածաշրջան՝ նոր հնարավորություններով ու նոր մարտահրավերներով, որոնք, առաջին հերթին, վերաբերում են Հայաստանին՝ թե' տնտեսական և թե' քաղաքական առումներով:
Իրանի նկատմամբ սանկցիաների վերացումը Հայաստանի համար առաջին հերթին նշանակում է ճեղքել թուրք-ադրբեջանական շրջափակումը և արտաքին աշխարհ դուրս գալու լիարժեք այլընտրանքային ճանապարհ ձեռք բերել: Արդյունքում ոչ միայն նվազում է Հայաստանի կոմունիկացիոն կախվածությունը Վրաստանից, այլև Վրաստանի՝ Իրանի հետ առևտրատնտեսական կապերի խորացման իմաստով Թբիլիսին ավելի շատ է ունենալու Հայաստանի հետ հավասարակշռված հարաբերությունները պահպանելու կարիքը: Մյուս կողմից՝ Իրանի «բացվելը» ավելի իրատեսական է դարձնում Չինաստանի կողմից առաջադրված Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու նախագծի իրականացումը: Սա օրախնդիր է դարձնում Հայաստան-Իրան երկաթգծի, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության հարցը, եթե Հայաստանը ցանկանում է լինել այդ գոտում, այլ ոչ թե դրա եզրին: Հայաստանը կարող է այս նախագծերի իրականացման համար ներդրումներ փնտրել նույնիսկ Արևմուտքում, որը դա կարող է դիտարկել Հայաստանի վրա ռուսական ազդեցությունը թուլացնելու միջոց:
Իրանի «վերադարձը» սառը ցնցուղի ազդեցություն ունի հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի համար: Եթե Թուրքիան և Ռուսաստանը կորցնում են հարավկովկասյան տարածաշրջանում լիդերների կարգավիճակը և ստիպված են լինելու հաշվի նստել Իրանի շահերի հետ, ապա Ադրբեջանը կորցնում է իր էներգետիկ գրավչությունը Եվրոպային համար: Իրանը համարվում է ոչ միայն գազի ամենամեծ պաշարներն ունեցող երկիրն աշխարհում, այլև, ըստ էության, ամենաէժան գազն արդյունահանողը: Այս երկու գործոննները մի կողմից հանգեցնելու են ածխաջրածինների միջազգային գների անկման, մյուս կողմից` մեծացնելու են իրանական գազի հանդեպ Եվրոպայի հետաքրքրությունը՝ որպես ռուսական գազային մտրակից կախվածությունը թոթափելու այլընտրանքային լուծում: Գների տևական անկումն էականորեն ազդելու է Ադրբեջանի տնտեսության և եկամուտների վրա՝ ստիպելով սահմանափակել սպառազինման ծավալները: Ադրբեջանը կորցնում է Արևմուտքի համար տարածաշրջանային էներգետիկ հիմնական գործընկերը դառնալու հետ կապվող բոլոր պլանները, դրանով հանդերձ՝ նաև իր նկատմամբ Արևմուտքի լոյալ վերաբերմունքը: Չի կարելի բացառել, որ որքան իրատեսական դառնա իրանական գազը եվրոպական շուկաներ հասցնելուն միտված նախագծերի իրականացման հեռանկարը, այնքան կոշտ դառնա Ադրբեջանի ներքին խնդիրների վրա Արևմուտքի ուշադրությունը:
Այս ամենը, տարածաշրջանային իր դերակատարությունն ակտիվացնելու առումով, նոր հնարավորություններ է տալիս Հայաստանին: Ողջ խնդիրն այն է՝ որքանով Հայաստանը կկարողանա օգտվել դրանցից և նախաձեռնողականություն կդրսևորի՝ իր շահերով առաջնորդվելու հարցում: Կորցնել այս հնարավորությունը, նշանակում է վերջնականապես կորցնել տարածաշրջանային օբյեկտի կարգավիճակից սուբյեկտի, խաղացողի վերածվելու` զարգացման վերջին հնարավորությունը: Այս խնդրի լուծումը թաքնված է Ռուսաստանի հնարավոր և միանգամայն կանխատեսելի հակազդեցությանը դիմակայելու կարողության մեջ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի, Ադրբեջանի կողքին, Իրանի վերադարձը նաև ու գուցե, առաջին հերթին, շահեկան չէ Ռուսաստանի համար: Հայաստանի՝ դեպի Իրան և, նրանով պայմանավորված, արևելյան ընտրանքը Ռուսաստանի համար ավելի նախընտրելի է:
Բայց Իրանը, կամա թե ակամա, Ռուսաստանի համար վերածվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ուժեղ մրցակցի, և Մոսկվան ամեն ինչ կանի այդ մրցակցությունում իր դիրքերը չկորցնելու համար: Այս խնդիրը նրան մղում է բնական դաշնակիցներ փնտրել Իրանի «վերածննդից» տուժող տարածաշրջանային երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի մեջ, ինչը նշանակում է, որ, ինչ-որ պահից սկսած, մենք իսկապես կարող ենք բախվել թուրք-ադրբեջանա-ռուսական բացահայտ միասնության հետ: Եթե նկատի ունենանք, որ ներկայումս այս տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ազդեցության իմաստով, որոշակի հավասարակշռված հարաբերակցություն գոյություն ունի, ապա Իրանի գործոնի ուժեղացումը հանգեցնելու է այդ հավասարակշռության խախտման, և Հայաստանը կարող է հայտնվել եռյակի միջև ընթացող դիրքային պայքարի կիզակետում: Սա նվազագույնի է հասցնում Հայաստանը իրանական գազը եվրոպական շուկա հանելու տարանցիկ ուղի դարձնելու հնարավորությունը: Բայց, եթե խնդիրը դիտարկենք զուտ տնտեսական շահավետության համատեքստում, ապա, մյուս կողմից, Ռուսաստանը կարող է գործ ունենալ իրանական գազի թուրքական միջանցքի հետ, որը նրա համար շատ ավելի անվերահսկելի է, քան եթե այդ ուղին անցներ Հայաստանով: Այսինքն` այս առումով կարելի է Ռուսաստանի հետ լեզու գտնել՝ թեկուզ այն պայմանով, որ այդ խողովակաշարը ռուսական կողմի կառավարման ներքո գտնվի: Բոլոր դեպքերում` ակնհայտ է, որ բացվել է իսկապես արտաքին նպատակամղված քաղաքականություն վարելու հնարավորություն: Սա Հայաստանի ինքնիշխանության և ինչ-որ բան անելու ընդունակության բացահայտման յուրօրինակ թեստ է: Եվ Հայաստանի իշխանությունը ստիպված է լինելու լրացնել այդ թեստը և լրացնել ողջ աշխարհի աչքի առաջ:
Գևորգ Դարբինյան