կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-02 18:10
Առանց Կատեգորիա

Կհանձնի՞, արդյոք, Մոսկվան ԼՂ տարածքներն Ադրբեջանին

Կհանձնի՞, արդյոք, Մոսկվան ԼՂ տարածքներն Ադրբեջանին

Բաքուն վերջին շրջանում ակտիվորեն փորձում է տպավորություն ստեղծել, թե միանգամայն իրատեսական է ռուսական եվրասիական ինտեգրացիոն նախագծերին Ադրբեջանի միանալու հնարավորությունը: Գաղափարը Բաքուն հետևողականորեն զարգացնում է` օգտագործելով այդ հարցում Մոսկվայի անթաքույց շահագրգռությունը և դրա համատեքստում ներկայումս Բաքվի հետ վարվող ինտենսիվ բանակցային գործընթացը:

 

Մոտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարեց, թե Մոսկվան կարող է, ի դեմս Ադրբեջանի, հուսալի դաշնակից ձեռք բերել, շատ բաների հասնել, եթե օգնի նրան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մի քանի օր անց` այն օրերին, երբ Լավրովը ժամանել էր Երևան, հեռախոսազրույց տեղի ունեցավ ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև, որը գրեթե ամբողջությամբ վերաբերել է մի կողմից ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը, մյուս կողմից` ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:

 

Դրան հաջորդեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանի համար բաղցթողում է, որ Ադրբեջանը չի մասնակցում եվրասիական նախագծերին: Ըստ Գլազևի` Ռուսաստանը հասկանում է, որ դրան խոչընդոտող հիմնական խնդիրը հենց ԼՂ հակամարտությունն է, և դրանով է բացատրվում վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի ուշադրության մեծացումը: Գլազևի այս հայտարարությունը գրեթե համընկավ ռուս-ադրբեջանական ֆորումներից մեկի շրջանակում Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի  այն դիտարկմանը, թե հույս ունի, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնությամբ Ադրբեջանին կվերադարձվեն նրա տարածքները», և խնդիրը խաղաղ լուծում կստանա:

 

Ավելի բացելով փակագծերը` ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը օրեր անց հայտարարեց, թե հնարավոր է, որ Ռուսաստանի միջամտությամբ ԼՂ-ին հարակից երեք շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, ինչի դիմաց վերջինս պատրաստ է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:

 

Դժվար է ասել` որքանով են Փաշազադեի և Ջաֆարովի ցանկություններն արտահայտում ռուս-ադրբեջանական` ներկայիս աննախադեպ ակտիվ բանակցությունների էությունը: Սակայն ինքնին դրանց` շրջանառության մեջ դրվելու փաստը վկայում է, որ Ադրբեջանը ձգտում է որքան հնարավոր է լրջություն հաղորդել նման սցենարով առաջնորդվելու հարցում իր շահագրգռությանը` փորձելով դրանով համոզել Ռուսաստանին նախկին ԼՂԻՄ-ի հարակից շրջաններից գոնե մի քանիսը Հայաստանի փոխարեն իրեն վերադարձնելու հարցում:

 

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ այդ սցենարը, ըստ էության, չի հակասում բուն Մադրիդյան սկզբունքներին: Մոտ երկու ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հիշեցրեց, որ այդ սկզբունքների էությունը ևս ԼՂԻՄ-ի տարածքը հարակից շրջաններից տարբերելը և դրանք Ադրբեջանին հանձնելն է:

 

Բայց Ադրբեջանը հետաքրքրություն է հանդես բերում ոչ թե հակամարտությունը Մադրիդյան սկզբունքների, այլ եվրասիական նախագծերի շրջանակում Ռուսաստանի միակողմանի միջամտության հենքի վրա կարգավորելու նկատմամբ: Իսկ պատճառը շատ պարզ է: Մադրիդյան սկզբունքներում տարածքները հանձնելուն զուգահեռ դրվում է նաև ԼՂ-ում, այսպես կոչված, պլեբիսցիդ անցկացնելու, այսինքն` կարգավիճակի խնդիրը լուծելու հարցը:

 

Մինչդեռ այն տարբերակը, որն ակնկալում է Բաքուն Մոսկվայից, ենթադրում է միայն ԼՂՀ մի քանի շրջանների վերադարձ իրեն` ԵՏՄ մտնելու խոստման դիմաց, իսկ ԼՂ-ի կարգավիճակի հարցը օրակարգից առժամանակ դուրս է մղվում` դառնալով բացառապես Մոսկվայի իրավասության խնդիրը: Խաղաղությունը, բնակչության անվատանգությունն ապահովելու խնդիրը այս սցենարով լուծվում է միայն շփման գծում ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայման միջոցով, որով Մոսկվան, մի կողմից, վերջնականապես լուծում է Հարավային Կովկասն իր բացարձակ ազդեցության տարածքը վերածելու խնդիրը, մյուս կողմից` լծակ է ունենում` Ադրբեջանին սահուն դեպի ԵՏՄ մղելու համար:

 

Արդյունքում Ադրբեջանը չի կարողանում վերադարձնել Լեռնային Ղարաբաղը` ԼՂԻՄ տարածքով, բայց այն դուրս է գալիս նաև Հայաստանի ազդեցության գոտուց ու դառնում Ռուսաստանի ոչ ֆորմալ մասը: Իսկ Ալիևը իրականացնում է գոնե տարածքների մի մասն առանց լուրջ ջանքերի Ադրբեջանինը դարձնելու տված խոստումը և հերոսանում: Ահա, թե որը կարող է լինել ռուս-ադրբեջանական հնարավոր գործարքի էությունը:

 

Սակայն հարցն այն է` որքանով է նման գործարքն իրատեսական: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարեց, թե ԼՂ հիմնահարցը ԵՏՄ-ի հետ որևէ կապ չունի և այդ միությանը Հայաստանի անդամակցության պարագայում շարունակելու է մնալ բացառապես ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափում: Սա կարելի է այս պահին նման գործարքի գնալու` ադրբեջանական առաջարկը մերժելու դրսևորում համարել, եթե, իհարկե, դրա նպատակը հայկական կողմի գլխի տակ փափուկ բարձ դնելը չէ: Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել, որ իր կողմից Ադրբեջանը կլանելուն ուղղված քայլերն Արևմուտքը կուլ չի տա նույնքան հանգիստ, որքան Հայաստանին կլանելու պարագայում:

 

Ադրբեջանում էներգետիկ խոշոր կորպորացիաների ներկայությունն այնպիսի հզոր գործոն է, որ Բաքուն ինքը չի կարող անտեսել նրանց շահերը և մտնել մի միություն, որը գործելու է բացարձակ տարբեր մաքսային ռեժիմներով և ստեղծվում է հակակշռելու համար Եվրամիությանը: Եվրոպայում արդեն հասկացրել են, որ չեն հանդուրժելու նման որևէ զարգացում: Ալիևին Եվրախորհրդում ցուցաբերված «ջերմ» վերաբերմունքն ընդամենը կարելի է նախերգանքը համարել այն ամենի, ինչը կարող է ձեռնարկել Արևմուտքը` օգտագործելով ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակը Ադրբեջանում:

 

Սրանք Ալիևին զսպող այնպիսի իրողություններ են, որոնց պարագայում հնարավոր չէ պատկերացնել, որ Կրեմլում կարող են լուրջ վերաբերվել ԵՏՄ-ին միանալու` Ադրբեջանի շահագրգռության ցուցադրություններին: Դա է պատճառը, որ Լավրովի միջոցով վերոնշյալ ուղերձը հղելով` Մոսկվան, փաստորեն, իր հերթին առաջարկում է Բաքվին կատարել առաջին քայլը և ԼՂ հարցում որևէ ակնկալիք ցուցաբերել` միայն ԵՏՄ մտնելու քաղաքական որոշում ընդունելու, պայմանագիրը ստորագրելու պարագայում:

 

Խնդիրն այստեղ առավելապես Հայաստանի անհասկանալի կեցվածքն է: Մի կողմից` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե հակամարտության գոտում որևէ երրորդ ուժի ներկայությունն անթույլատրելի է` թաքնված ակնարկելով, որ շփման գծում նաև ռուսական «խաղաղապահների» տեղակայմանն է հայկական կողմը դեմ: Իսկ մյուս կողմից` քաղաքական իշխանության ներկայացուցիչը` Արտաշես Գեղամյանը, Բաքվում հայտարարում է, թե Հայաստանը շահագրգռված է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությամբ, որպեսզի վերանա ԼՂ-ի` որևէ կողմին պատկանելության հարցը, կոնֆլիկտի առարկան: Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ ռուս-ադրբեջանական վերոնշյալ հնարավոր գործարքի իրականացման յուրօրինակ մեխանիզմ:


Գևորգ Դարբինյան