կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-14 15:54
Քաղաքական

Նախագահականի թեստը

Նախագահականի թեստը

Դեկտեմբերի 2-ին Ավանում եւ Նոր Նորքի մի հատվածում անցկացված ընտրությունները «Ժառանգության» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը չի համարում պատգամավորի ընտրություններ: Այսօր նա լրագրողներին հայտնեց, որ Ավանում տեղի ունեցածն ավելի շատ ստուգատես էր, թե պետական ապարատն ինչ կարող է անել` «մաքուր վերցրած»:

 

«Եթե մայիսի 6-ի ընտրությունները համադրում ենք դեկտեմբերի 2-ի ընտրություների հետ, ապա պարզ դարձավ մի բան` գոյություն ունեն 18-19 հազար ընտրաքվեներ, որ, կապ չունի, թե ով է առաջադրված, ուղղակի հնարավոր է պետական լծակները սեղմել ու այդ քվեները կլինեն, արդյունք կտան»,- ասաց Սաֆարյանը:

 

Նրա խոսքով` Ավանում իշխանությունները թեստ անցկացրեցին, թե ինչի են ընդունակ: Սաֆարյանը կատարեց վիճակագրական վերլուծություններ եւ նշեց, որ եթե հաշվի առնենք, որ ընտրություններին մասնակցությունը 36 տոկոս էր, ապա 64 տոկոսը չի եկել ընտրություններին: Իսկ եթե դրանից հանենք մոտ 20-25 տոկոսը, որ Հայաստանում չեն` կարճ կամ շատ երկար ժամանակով, հանենք Սաֆարյանի հավաքած ձայները, ապա ստացվում է, որ Տարոն Մարգարյանի անունը, ծախսված դրամական միջոցները, տարբեր մեխանիզմները, վարչական լծակները եւ այլն` այդ ամբողջ ծախսերով հանդերձ, պետական մեքենան իր բոլոր ռեսուրսներով, կարողացել է տանից հանել ընդամենը 20 տոկոս ընտրազանգված:

 

«Եթե վերլուծում ենք, որ մի ամբողջ քաղաքի ռեսուրսները կարելի է ծառայեցնել ու մոբիլիզացնել ընդամենը 20 տոկոսի ակտիվությունը, ապա սա շատ հետաքրքիր ցուցանիշ է»,- նշեց Սաֆարյանը:

 

Այդ հաշվարկները բանախոսը համադրեց ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելու որոշման հետ եւ նշեց, որ այն, ինչ արեց ԲՀԿ-ն, այսինքն` բոյկոտի տարավ մոտ 450-500 հազար մարդու, այս միտումները կարող են վտանգի տակ դնել գալիք նախագահական ընտրությունները:

 

Այս կտրվածքով բանախոսը անդրադարձավ նաեւ ընտրական խեղված մեխանիզմներին, որոնց մասին պատկերացումները «Ժառանգության» կուսակցության գլխավոր քարտուղարը հավաքել է` անցնող տարում երկու անգամ ընտրությունների մասնակցելով, եւ նշեց, որ ընտրությունների մեխանիզմը, որին մենք ասում ենք ընտրակեղծիք, այսօր ամենեւին այն չէ, ինչ 10 տարի առաջ:

 

Այնուհետեւ բանախոսը անդրադարձավ, թե ինքն անձամբ ինչեր է տեսել թիվ 1 ընտրատարածքում, ինչ փաստեր է հավաքել, որոնք էլ հիմք են հանդիսացել, որ նախկին թեկնածուն դիմի ՀՀ Սահմանադրական դատարան ու հույս ունենա, որ Հայաստանում հաջողության չհասնելու դեպքում անպայման հաջողության կհասնի Եվրադատարանում:

 

Ստյոպա Սաֆարյանը ներկայացրեց հետաքրքիր մանրամասներ, թե ինչպիսի հոգեբանական մեխանիզմներով է ստեղծվում ընտրական անառողջ մթնոլորտ, ու նշեց, որ այսօրվա դրությամբ որեւէ թեկնածու ի զորու չէ իր շտաբով, որքան էլ այն լինի պրոֆեսիոնալ, ընտրությունների գործընթացը վերահսկել:

 

Ստյոպա Սաֆարյանը խոսեց նաեւ ԿԸՀ անհեթեթ վարքագծի մասին` բերելով մի քանի օրինակներ: Մասնավորապես` որ ԿԸՀ-ն ասում է` շտաբը քարոզչության վայր չէ, որ նախընտրական բյուջեների մասով կանխամտածված բացթողումներ են արվում եւ այս ամենի ամբողջ նպատակն այն է, որ թեկնածուների կողմից շտաբների աշխատանքները թողնվեն վերահսկողությունից դուրս: Բանախոսը նշեց ավելին` Վենետիկի հանձնաժողովը ինչ ասել է` ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված, մեր ԿԸՀ-ն ու իշխանությունները ճիշտ հակառակն են արել: Ու բանախոսը ներկայացրեց իր դիտարկումներն այդ կապակցությամբ: