Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Սամվել Ֆարմանյանի, Խոսրով Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Մարգարիտ Եսայանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ օրենսգիրքը սահմանում է, որ որևէ քաղաքացու անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության որևէ ներկայացուցչի մասնակցությամբ: Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստին, եթե թույլ է տալիս նրա առողջական վիճակը, նույնիսկ այս դեպքում քննելի է դատական նիստին քաղաքացու մասնակցությունը:
Նախագծի հեղինակներն առաջարկում են, բացի խնամակալից, ընտանիքի անդամից կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունից, գործունակության վերականգնման վերաբերյալ դատարան դիմելու հնարավորություն տալ քաղաքացուն: Նախարարն ասաց, որ կառավարությունը սկզբունքորեն չի մերժում, որոշակի առաջարկներ ընդունելու դեպքում այս նախագիծն ընդունելի կհամարեն: Օրինակ՝ պետք է հաշվի առնել, թե նիստին այս քաղաքացու մասնակցությունը վտանգավոր կլինի՞ նիստի մյուս մասնակիցների համար, թե՞ ոչ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Այս հարցը մի քիչ զգայուն է: Դուք այդպես գրում եք, բայց չեք հետևում: Ընդհանուր եմ ասում բոլոր նախարարություններին, բոլոր նախարարներին, և այնտեղ հաշվի չեն առնում մեր առաջարկները, և հանձնաժողովը դրական եզրակացությամբ որոշում է կայացնում ու ընդգրկում մեծ օրակարգ: Հետամուտ պետք է լինեք, նաև հանդիպեք նախագիծն առաջարկող պատգամավորների հետ: Շատ է եղել` մենք առաջարկները ներկայացրել ենք, հետո գնացել է օրակարգ, իբր կառավարությունը դեմ է: Դրա համար պիտի հետամուտ լինեք, որ ձեր առաջարկներն այնտեղ ընդունվեն: Այդ պարագայում նոր դրական համարվի մեր կարծիքը»: