կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-01 15:34
Սպորտ

Պետք է զրկել մեդալից. Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահը՝ ադրբեջանցի մարզիկի մասին

Պետք է զրկել մեդալից. Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահը՝ ադրբեջանցի մարզիկի մասին

Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևը պատասխանել է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի բողոքին՝ ուղղված Եվրոպական և Միջազգային սամբոյի ֆեդերացիաների ղեկավարությանը:


Անդրադառնալով ադրբեջանցի մարզիկի «ոչ պատշաճ պահվածքին»` Ելիսեևն ընդգծել է, որ այն հակասում է մարզական էթիկայի և համընդհանուր քաղաքավարության նորմերին: «Ես քննադատում եմ այդ արարքը և համարում այն անթույլատրելի մարզիկի համար: Նա Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ է և ներկայացնում է իր երկիրն Աշխարհի գավաթին: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ համարվել Աշխարհի գավաթի մրցանակակիր: Կարծում եմ` նման մարզիկին, որը թույլ է տալիս առաջնության և էթիկայի կանոնների նման խախտում, պետք է դուրս հրավիրել առաջնությունից և զրկել մեդալից: Մարզիկի հետագա մասնակցության որոշումը միջազգային մրցաշարերին պետք է կայացնի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն»,- նրա պատասխանում:


Ուշագրավ է, որ ընդամենը երեկ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ադրբեջացի մարզիկի վարքի կապակցությամբ չի պատրաստվում բողոք ներկայացնել սամբոյի միջազգային կամ եվրոպական ֆեդերացիաներին և արտառոց ոչինչ չի տեսնում այդ արարքի մեջ: Ֆեդերացիայի նախագահը նաև հավելել էր, որ ադրբեջանցին անձամբ մոտեցել է մեր մարզիկին և ներողություն խնդրել, ասել, որ պարզապես չի ցանկացել երևալ էկրանին, այդ պատճառով է Հայաստանի օրհներգի ժամանակ կքանստել է:

 

Դեռ ուշքի չեկած Լեւոն Հայրապետյանի զավեշտալի հայտարարությունից` արդեն ավելի ուշ Sovsport.ru կայքում հրապարակվեց ադրբեջանցի սամբիստ Աբասովի հարցազրույցը Sportbox.az կայքին, որում ադրբեջանցի մարզիկը բառացիորեն հայտարարում է, որ դիտավորյալ էր կքանստել Հայաստանի օրհներգի ժամանակ, և եթե նորից լինի նման իրավիճակ, ապա նույն կերպ կվարվի: Հավանաբար, ադրբեջանցի մարզիկի այս լկտի ցինիզմն է «թասիբի գցել» սամբոյի ֆեդերացիայի նախագահին, եւ նա որոշել է այս հարցով դիմել Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահին: Կամ` գուցե Լեւոն Հայրապետյանին կողքից հուշել են, դժվար է ասել

 

Հավելենք նաև, որ նման վարք դրսևորած մարզիկը դժվար թե բարեհաճեր ներողություն խնդրել, ինչի մասին է վկայում նաև ադբեջանցի սամբիստի երեկվա հարցազրույցը: Սա` ի գիտություն` սամբոյի ֆեդերացիային: