Աղբյուրը՝ armeniangenocide100
Մարտի 26-ին Լիբանանի հայկական ժառանգության ակումբի նախաձեռնությամբ Բեյրութի Ամերիկյան համալսարանի «Իսամ Ֆարես» սրահում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով դասախոսություն: Միջոցառման գլխավոր բանախոսն էր անգլիացի հանրաճանաչ լրագրող, բրիտանական The Independent օրաթերթի Մերձավոր Արևելքի թղթակից Ռոբերտ Ֆիսկը:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ-ն, ողջույնի խոսքով հանդես է եկել Բեյրութի ամերիկյան համալսարանի դասախոս Խաժակ Գյոկչյանն, ով նշեց, որ Հայոց ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ իրականացված ոճրագործություն էր հազարամյակների պատմություն ունեցող ազգի ու մշակույթի նկատմամբ:
Ռոբերտ Ֆիսկը 1915թ. հայկական կոտորածները որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն` նշելով, որ թուրքական բանակում ծառայած գերմանացի զինվորներն ականատես են եղել այդ իրադարձություններին, որոնց վկայությունները անչափ կարևոր են հայության համար: Ֆիսկն ընդգծեց այն փաստը, որ հայ ժողովուրդը հաղթեց՝ իր հիշողությունը պահելով: Նա պատմեց իր Թուրքիա կատարած այցի և պատմական Հայաստանի գավառներով շրջելու մասին՝ նշելով, որ բոլոր թուրքերը գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել հայերի հետ 1915թ.՝ չնայած թուրքական պետության ժխտողական քաղաքականությանը: Ռոբերտ Ֆիսկը նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին թուրք մտավորականների հետ զրուցելն ու կարծիքներ փոխանակելը բավարար չէ, այլ պետք է խոսել և բացատրել կատարվածի մասին սովորական մարդկանց:
Մարտի 27-ին Լիբանանի օգնության խաչի նախաձեռնությամբ և Լիբանանի Հայոց թեմի առաջնորդի հովանավորությամբ Բեյրութի ազգային առաջնորդարանի «Երջո Սամվելյան» սրահում կազմակերպվել էր հուշ երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Բացման խոսքով հանդես է եկել Լիբանանի օգնության խաչի շրջանային վարչության ատենապետ Թալին Քլբաշյանը, ով անդրադարձավ ՀՕՄ-ի անցած ուղուն և առաքելությանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խըդշյանը ներկայացրել է Լիբանանի օգնության խաչի գործունեությանն ու Հայոց ցեղասպանությանն առնչվող մանրամասներ: Նա իր խորին երախտագիտություն է հայտնել բոլոր հայ մայրերին, ովքեր կրել են ծանր տառապանքներ, սակայն մեծ դերակատարություն են ունեցել մատաղ սերնդի դաստիարակության և լեզվի պահպանման գործում: Եզրափակելով իր խոսքը` նա նշեց, որ հայությունը շարունակում է իր արդար պայքարը խաղաղասիրությամբ և ստեղծագործական ավյունով: