կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 13:08
Հասարակություն

Ապրիլի 24-ին տանք մեր արյունը Հայոց բանակին

Ապրիլի 24-ին տանք մեր արյունը Հայոց բանակին

Չեմ ուզում զգացմունքների տրվել և ասել, թե ինչ տարի է մեզ համար 2015 թվականը: Դա հայտնի է յուրաքանչյուրիս: Ուզում եմ այլ բան ասել. այս տարի մենք պարտավոր ենք ինչ-որ կարևոր բան անել. Ծիծեռնակաբերդ այցելելուց, անմար կրակի առջև գլուխ և ծաղիկ խոնարհելուց, հիշելուց, ոգեկոչելուց, աղոթելուց, արդարություն և հատուցում պահանջելուց զատ ինչ-որ կարևոր բան. կարծում եմ՝ կենսական ու գործնական մի բան պիտի անենք, արարք պիտի գործենք, որը և՛ հավերժացնի, և՛ խորհրդանշի Ցեղասպանության զոհերի հիշատակը, և՛ ծառայի Հայոց արդար պահանջին ու դատին: Ես առաջարկում և կոչ եմ անում ապրիլի 24-ին արյուն տալ Հայոց բանակի համար:

 

Տանք մարդու համար ամենաթանկ բանը՝ արյունը, մեզ համար ամենաթանկ բանին՝ Բանակին, ասել է թե՝ Հայրենիքին: Այդպես մեր արյունը միախառնենք միլիոնավոր անմեղ զոհերի արյանը, ոգի ու կենդանություն հաղորդենք նրանց հոգիներին և զինվորագրենք նրանց ու զինվորագրվենք նաև մենք: Դիմում եմ աշխարհի բոլոր հայերին՝ տանք մեր արյունը ապրիլի 24-ին Հայոց բանակին: Ես այդպես եմ վարվելու: Այդպես է վարվելու իմ ընտանիքը: Այդպես են վարվելու իմ գործընկերները: Համոզված եմ՝ նույնն են անելու Անդինի հեղինակներն ու ընթերցողները: Վստահ եմ, որ այս դիմումը արձագանք կգտնի շատերի սրտում:

 

Անենք դա և՛ իբրև անհատ, և՛ իբրև հավաքականություն, և՛ իբրև հայ մարդ, և՛ իբրև հայ ժողովուրդ: Անենք ընտանիքներով, հարևաններով ու բարեկամներով, համադասարանցիներով, համակուրսեցիներով, գործընկերներով ու գաղափարակիցներով: Համախմբվենք այս արարքի շուրջ: Տա Աստված, որ այդ արյունը Հայոց բանակին պետք չգա: Բայց դա սոսկ միֆ է: Ուստի թող ամբարվի յուրաքանչյուրիս և բոլորիս արյունը Հայոց բանակի պահոցներում, ստեղծվի արյան շտեմարան, որի պաշարներն անհրաժեշտության դեպքում կհոսեն վիրավոր հայ զինվորի երակների մեջ ու կյանք կպարգևեն նրան:

 

Թող բանակն ունենա արյան անսպառ պաշար, որը խաղաղության ժամանակ կարող է վերածվել արյան համահայկական շտեմարանի ու ծառայել նաև մանկան կյանք փրկելու համար, աղետների դեպքում տրամադրվել արտակարգ իրավիճակների նախարարությանը և այլն: Ուստի և կրկնում եմ կոչս. ապրիլի 24-ին տանք մեր արյունը Հայոց բանակին: Արյուն տալով կատարենք մեր արյան պարտքը: Արյունատվության շարժումը գործարկելու մեխանիզմի տարբերակ Գրեթե համոզված եմ, որ արյունատվության համահայկական շարժում է սկսվելու:

 

Ուստի դիմում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման կառավարական հանձնաժողովին, ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններին՝ խնդրելով ակնկալվող համաժողովրդական արարքը կազմակերպելու, կարգավորելու և ուղղորդելու մեխանիզմներ մշակել, հնարավորություններ ստեղծել և գործարկել: Կարծում եմ՝ սոցիալական ցանցերի, լրատվամիջոցների և այլ արձագանքները կարող են որոշակի պատկերացում հաղորդել սպասվող աշխատանքների ծավալների մասին: Անշուշտ, ցանկալի կլիներ արյունատվությունը կազմակերպել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մատույցներում, այն վերածել խորհրդանշական ու ծիսական գործողության:

 

Սակայն պատկերացնում եմ, որ դա տեխնիկապես գրեթե անհնար է, ուստի առաջարկում եմ ստեղծել հանձնախումբ, ապահովել անհրաժեշտ տեղեկատվական դաշտ, նախապատրաստել և այդ օրը գործի դնել առողջապահական ու բանակային համապատասխան կառույցները և ուղղորդել արյուն տալու ցանկություն ունեցողներին: Եվ գուցե ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր արյունատուի տրվի համապատասխան վկայագիր: Թերևս՝ ըստ ցանկության: Չգիտեմ, այս մասին մտածել է պետք: Բայց բնավ պարտադիր չէ, որ արյունատվությունը լինի հենց ապրիլի 24-ին և միայն ապրիլի 24-ին:

 

Այդ խորհրդանշական օրը կիզակետ ունենալով, ըստ համապատասխան կառույցների պատրաստվածության, պիտի արյուն տալու հնարավորություն ընձեռվի թե՛ դրան նախորդող, թե՛ հաջորդող օրերին: Կարելի է, օրինակ, բանակի համար արյուն տալու որոշակի ժամանակահատված նախատեսել, ենթադրենք՝ ամբողջ գարունը կամ ապրիլ-մայիս ամիսները:

 

Ու մի կարևոր հանգամանք ևս. պիտի նկատի ունենալ, որ այս առաջարկն ու կոչը մեկ տարվա կամ մեկ անգամվա համար չէ: Թեև 2015-ի ապրիլ 24-ի խորհուրդը այլ է, սակայն արյունատվությունը պիտի լինի ու կրկնվի նաև հաջորդ տարիներին: Այն պիտի վերածվի անընդհատ ու անընդմեջ արարքաործության, հանդիսանա ազգային պարտքի և տուրքի յուրահատուկ ձև, որի գործնական և բարոյական արդյունավետությունը կլինի վիթխարի:

 

Հակոբ Սողոմոնյան

«Անդին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, գրող