Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գևորգ Խաչատրյանի պատմությունը
1905 թ., Բիթլիս
70-ամյա Ստեփան Սահակյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր՝ Գևորգ Սահակի Խաչատրյանի անցած դժվարին ուղին: Գևորգը վերապրել է Ցեղասպանությունը՝ կորցնելով մորը, հորը, եղբորն ու քույրերին:
«Ծնողներս Օսմանյան կայսրության ցեղասպան կոտորածներից փրկված որբեր են: Հայրս՝ Գևորգ Սահակի Խաչատրյանը, ծնվել է 1905թ. Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի Աղպի գյուղում: Մայրս՝ Սիրանուշ Թովմասի Խաչատրյանը, ծնվել է 1912թ. Ղաբըլջոզ գավառի Տալարձոր գյուղում: Պահպանվել են ձայնագրություններ, որոնցում ծնողներս պատմում են, թե ինչպես են փրկվել կոտորածներից: Մայրս որոշ դրվագներ պատմում է՝ վկայակոչելով մեծ քրոջ պատմածները: Գրավոր տեքստը պատրաստել եմ՝ օգտվելով այդ ձայնագրություններից, որոնք ի պահ են հանձնվել Հայոց Ցեղասպանության թանգարանին:
«Աղպին հայաբնակ գյուղը էր, ուներ 9 մեծ թաղ և գտնվում էր Անդոկ լեռան ու Ծովասարի միջև: 1915-ի մայիսին թուրքական բանակը և քրդական աշիրեթները շրջափակման մեջ են վերցրել Աղպին և հարակից հայաբնակ Սասնա գյուղերը: Գյուղերի բնակիչները լքեցին իրենց տները, քոչեցին Անդոկ լեռ: Անդոկում հավաքվեցին նաև Մշո դաշտի կոտորածներից փրկվածները: Գելիեգուզան գյուղից վերև թուրքական բանակը վրաններ խփեց ու բոլոր կողմերից պաշարման մեջ վերցրեց Անդոկ լեռը: Ասկյարները հեռահար հրանոթներով կրակում էին հայերի հոծ խմբերի վրա:
Ասկյարները ու քրդերը շատ լավ զինված էին: Անդոկի կոտորածից փրկվեցին շատ քիչերը: Փրկվածները խմբերով շարժվեցին դեպի Քանասար: Ճանապարհին՝ Գարմավ գյուղի անտառի մոտ, մենք ընկանք շրջապատման մեջ: Գրեթե բոլորին կոտորեցին, թալանեցին, առևանգեցին կանանց ու աղջիկներին: Մեր գերդաստանից փրկվեցին հայրս և մեծ եղբայրս, որը ինձանից մեծ էր հինգ տարով: Հետագայում, մենք փնտրեցինք ու գտանք մորս՝ Ռեհանին, սպանված: Նրա մարմինը հողին հանձնեցիք Գարմավ գյուղի մոտի Սողգնաց եկեղեցու բակում: Քույրերիս՝ Նազենին և Ազնիվին, մենք չգտանք: Մոտ մեկ ամիս թաքնվեցինք անտառում: Հետո, գնացինք Աղպի: Աղպին տեսանք թալանված, տներն այրված: Այնտեղ մնացինք մինչև աշուն, երբ գյուղ եկավ պետության թուրք ներկայացուցիչը՝ հայի ուղեկցությամբ:
Ամենուրեք՝ գյուղերում, անտառներում, սարերում գոռում-գոչում էին, որ հայեր՝ եկեք հանձնվեք, սուլթանը ներում է շնորհել: Հայերը, քիչ բացառություններով, հավատացին: Թուրքերը հավաքեցին Աղպի և շրջակա, մինչև անգամ Մուշի ու դաշտավայրի գյուղերի հայերին և տարան Տապիկ: Այնտեղ բոլորին կերակրեցին, տվեցին ջուր, հաց, միս, ծխողների համար՝ ծխախոտ: Մի քանի օր հետո ջահել տղամարդկանց առանձնացրին, տարան Մուշ, որպեսզի այնտեղ, իրենց ասելով, հայերի համար տներ կառուցեն: Մնացին երեխաներ, կանայք ու ծերեր: Հետո, մեզ ասացին, որ բոլորիդ տանում ենք Մուշ: Վաղ առավոտյան ասկյարները մեզ ոչխարների հոտի նման սկսեցին քշել: Հասանք Կուրտիկ լեռը, մեզ թույլ տվին ջուր խմել: Երեկոյան, երբ արդեն հասանում էինք Մուշ, ճանապարհի հարակից մասում, մի առանձնացած տան կտուրին երեք երեխա էին խաղում ու մի կին նստած բուրդ էր չիբուխում: Հանկարծ նա կանգնեց ու բարձր գոռած թուրքերենով՝ խեղճ հայեր, ձեզ տանում են վառեն: Մարդիկ փորձեցին փախչել, ասկյարները նրանց ծեծելով հետ բերեցին: Մուշում մեզ քշեցին ու լցրին զորանոցներ: Երկու օր հետո, մեզ հանեցին զորանոցներից ու քշեցին Մուշի արևմտյան կողմը՝ դեպի Քոռի բաղչեն:
Ճանապարհին մի մեծ երկհարկանի շենքի պատշգամբում կանգնած չորս թուրք և երեք գերմանացի սպա մեզ էին նայում: Տարեց մարդիկ ասացին՝ գերմանացիները քրիստոնյա են, մեզ կփրկեն: Քոռի բաղչից ներքև պղտոր ջուր էր հոսում: Հայերը ուզում էին ջուր խմել, ասկյարներ թույլ չտվին: Այնտեղից մեզ քշեցին Բլել գյուղ: Գյուղում աղջիկներ ու կանանց առանձնացրին, մարդկանց խուզարկեցին, հետո քշեցին ու լցրին գոմեր, մարագներ ու տներ: Այդ պահին, երբ մեզ քշում էին գոմը, ինձ մոտեցավ մի մարդ, բռնեց իմ թևը և ասաց՝ կլինես ինձ տղա: Իմ պատասխանը դրական էր և աղերսող: Մի քանի երեխաներ սկսեցին խնդրել՝ ինձ վերցրու, ինձ վերցրու: Մարդը բռնեց ինձ ու տարավ իր հետ: Հասանք գյուղի ծայրին և կանգնեցինք մի բարձր տեղ: Այդտեղից երևում էր՝ ինչ է կատարվում: Մի հաղթանդամ կնոջ՝ երեխան սեղմած կրծքին, ասկյարները քշում էին ներս: Նա ճեղքում էր ասկյարների շարքերը ու դուրս գալիս: Դռան մոտ երկու կողմից կանգնած ասկյարները նորից փորձում էին նրան ներս տանել: Չորրորդ անգամ, երբ կինը ճեղքելով դուրս եկավ, ասկյարները խփեցին նրան, զենքի ծայրով ծակեցին կողքը, երեխան թռավ ձեռքից ու ինքը ընկավ գետին: Շատ կանայք ներս էին մտնում իրենց ծծկան երեխաներին դրսում թողնելով: Ասկյարները բոլորին ներս քշեցին, փակեցին դռները ու տները վառեցին: Այդ տների մոտ նախորոք դրել էին չոր խոտեր, փայտեր և նավթ: Բոցը կտուրներից վեր բարձրացավ ու կրակը թեժացավ, ասկյարները դրսում մնացած երեխաներին նետեցին կրակի մեջ: Լսվում էր հայերի ողբաձայն աղաղակները, գոռում-գոչյումը, վայնասունը: Մի փոքր անց ձայները կտրվեցին:
Երկինքը լեցվեց անտանելի գարշահոտությամբ: Մարդը խոր կսկիծով կրկնում էր վախ-վախը: Նրա սիրտը ցավում էր այս ամենի համար: Այդ մարդը թուրք էր, նրա անունը՝ Մուստաֆա: Մուստաֆան ինձ տարավ Մուշ: Մուշում տեսա մի խումբ հայերի, որոնք ասկյարների հսկողությամբ, քանդում էին տներ՝ հայերի թաքցրած ոսկիներ գտնելու համար: Նրանց մեջ էր հայրս՝ Սահակը: Հայրս տեսավ ինձ, մոտեցավ Մուստաֆային և խոսեց թուրքերեն նրա հետ: Դրանից հետո հորս այլևս չտեսա: Տարիներ անց, փրկվածներից ճշտեցի, որ ասկյարները Մուշում սպանել են հորս:
Մուստաֆան ապրում էր մի փոքր սենյակում: Ուներ թրքուհի կին և երկու վեց-ութ տարեկան աղջիկներ: Նրա կինը բարի էր: Մուշում մնացի մինչև հաջորդ տարվա գարնանամուտը, երբ ռուսական բանակը հասավ Մուշ: Մուստաֆան քոչեց Տիգրանակերտի շրջանի Փասուր գյուղ՝ իր հետ տանելով կնոջը, աղջիկներին ու ինձ:
Մենք այնտեղ գնացինք Ճապաղջուր գետի հովիտներով, շրջանցելով Սասնա ձյունածածկ լեռները: Ճանապարհին մենք տեսանք կոտորածների սարսափելի տեսարաններ: Փասուր չհասած մի մեծ ու խոր ձոր կա, ասում են Հասան Կալի, որտեղ կոտորել էին շրջակա գյուղերի հայերին: Գարնան սելավները եկել ու քշել-տարել էր ձորի միջի դիակները, իսկ ձորի երկու ափերին դեռ մնում էր իրար վրա դիզված հայերի դիակներ: Փասուրում մեր վիճակը ծանր էր, ապրելու դժվարությունները շատ: Մուստաֆան չկարողացավ Փասուրում ապրել և քոչեցինք Խարբերդ: Խարբերդում երկար չմնացինք, հնարավոր չէր ապրել: Նորից վերադարձանք Փասուր, որտեղից քոչեցինք Դուդերիկ: Դուդերիկ գյուղում մնացի մինչև աշուն: Արդեն ձյունը նստել էր սարերում:
Գյուղում կային հայ տղաներ, որոնց թուրքերը, քրդերը պահում էին, որպես իրենց տղաներ: Գյուղում մնում էր Գեղամ անունով մի հայ երիտասարդ Տերգեվանք գյուղից, որը որոշել էր փախչել: Ես խնդրեցի Գեղամին, որ ինձ իր հետ տանի: Ասաց, որ եթե քո բախտը բերի պայմանավորված տեղը գաս ճիշտ ժամին, քեզ կտանեմ: Որոշեցինք տեղը, օրը և ժամը: Արևամուտին, գյուղից դուրս, ինչ-որ դաշտի տանձենու տակ: Երկար սպասեցի, արդեն մութ էր, որոշեցի հետ գնալ տուն, մտածելով՝ Գեղամը էլ չի գա: Մի քիչ քայլեցի, տեսնեմ դաշտով մի տղամարդ է գալիս, գլխարկը թափահարելով՝ ինձ կանչում է իր մոտ: Շրջվեցի դեպի Գեղամը և վազելով հասա նրան: Մենք միասին քայլեցինք անտառի ուղղությամբ: Ես չկարողացա երկար քայլել: Շատ հյուծված և հոգնած էի: Գեղամը ինձ շալակեց: Վեց օր և վեց գիշեր հասանք Մշո դաշտ: Գիշերը գնում էինք, ցերեկը թաքնվում: Ուտում էինք մասուր ու քարջին: Ձյունածածկ Անդոկ սարը անցանք՝ մեծ մասը սահելով: Քայլում էինք դեպի Մուշ, մեկ էլ տեսնենք երեք ձիավոր դեպի մեզ են գալիս:
Մտածեցինք՝ թուրքեր են, մեզ կսպանեն: Մշո դաշտը հարթ, թաքնվելու, փախչելու տեղ չկար: Եկան ու հասան մեզ: Տեսնենք մեկը հայ տերտեր է, մյուս երկուսը՝ կազակներ: Նրանցից մեկը ռուսերեն հարցրեց՝ ուր ե՞ք գնում, հայեր: Իջան ձիերից, հետաքրքրվեցին մեզանով, տվին հաց ու շաքար: Գրություն գրին և տվեցին մեզ, Մուշում որտեղ գնալ: Գնացինք նշված տեղը: Մեզ ընդունեցին, փոխեցին մեր լաթերը, տվեցին նոր շորեր, կերակրեցին ու տարան Արոս:
Այնտեղ ես ծանր հիվանդացա: Մի քանի օր հետո ինձ տեսակցության եկավ Գեղամը՝ զինվորական համազգեստով: Նա խոսեց հետս, խոնարհվեց ինձ վրա, համբյուրեց ինձ ու աչքերին արցունքներ հեռացավ: Ես նրան այլևս չտեսա: Հետագայում փորձում էի անպայման գտնել նրան, բայց ապարդյուն: Արոսից ֆուրգոնով ինձ տարան Խնուսի բերդ, որտեղ մի առ ժամանակ մնացի, իսկ հետո՝ Ալեքսանդրապոլի հինգերորդ որբանոց: Մի օր որբանոց եկավ Անդրանիկ Փաշան մի քանի մարդկանց ուղեկցությամբ: Նրանց մեջ էր գրող Հովաննես Թումանյանը, որի մասին չգիտեի: Նրանք բարձրացան երկրորդ հարկի պատշգամբ: Տղաները բակում պար բռնեցին: Մինչ այդ, տղաները հասցրել էին դժգոհել որբանոցի պայմաններից: Թումանյանը մտավ ու մեկ առ մեկ ստուգեց հանրակացարանի սենյակները ու ճաշարանը: Վերադարձավ և իրավիճակը ներկայացրեց: Անդրանիկը ուշադիր լսում էր: Հետո նրանք գնացին: Աստիճանները իջնելիս Փաշայի թուրը թխկ-թխկ կպնում էր աստիճաններին: Նրանց գնալու հաջորդ օրից, որբանոցում պայմանները լավացան:
Որբանոցում մնացի երեք տարի: Եղբորս՝ Սիմոնի, նկատմամբ ճակատագիրը դաժան եղավ: Նրան Տապիկում մյուս չափահաս հայերի հետ առանձնացրին ու տարան: Նրանց աշխատացնում էին, իսկ գիշերը տանում զորանոց: Նրա հետ էր մեր գյուղի Սաքոն, որը եղբորիցս մեծ էր տասնհինգ տարով: Սաքոն իմացել էր, որ հայրս երկու ոսկի է տվել Սիմոնին: Նա Սիմոնին համոզում է, որ ժամապահին տա իր ոսկիները, որպեսզի կարողանան փախչել: Սիմոնը ժամապահին տալիս է երկու ոսկիները և նրանք փախչում են ու հասնում Աղպի: Սաքոն գնում ու մնում է իր քուրդ աղայի մոտ ու փրկվում է: Ցուրտ ձմեռ է լինում, եղբայրս ոչ մի տեղ չի կարողանում մնալ: Որոշում է վերադառնալ Մուշ: Գալիս և գտնում է ինձ: Մութ էր, երբ եկավ Մուստաֆայի տուն: Նրան մի կտոր հաց տվին, խոսեցինք: Նրա վիճակը անտանելի էր, շորերը քրքրված և գրեթե բոբիկ: Մուստաֆան ասաց, գիշերելու համար եղբորս տանեմ Վալեցկի գոմ: Ես եղբորս հասցրի այնտեղ և հետ եկա: Սիմոնին էլ չտեսա:
Մի օր Մուստաֆան ու ես նկատեցինք, որ տասը-տասնհինգ հայերի ասկյարները քշելով տանում են, որոնց մեջ էր եղբայրս: Մուստաֆան ասաց՝ գնանք, տեսնենք՝ ուր են տանում: Գնացինք նրանց հետևից: Եղբայրս ինձ տեսավ ու երկար նայեց ինձ: Ամեն անգամ, երբ հիշում եմ նրան, աչքերիս առաջ այդ հայացքն է գալիս: Ասկյարները նրանց տարան մի ավերակ շինության ներս ու բոլորին սպանեցին»: