կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-26 17:06
Հասարակություն

Սուրբ Հարության տաճարի դռներն այսօր էլ փակ կմնան. Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը՝ բողոքի ակցիայի մասին

Սուրբ Հարության տաճարի դռներն այսօր էլ փակ կմնան. Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը՝ բողոքի ակցիայի մասին

Կիրակի ժամը 12:00-ից Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռներն առ այս պահը փակ են՝ ի նշան բողոքի: Yerkir.am-ի հետ զրույցում Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնեց, որ վաղը մինչև կեսօր քրիստոնյա համայնքների հոգևոր հովիվների հանդիպում է նախատեսված: «Մինչև հանդիպումը եթե քաղաքապետարանը և Քնեսեթը չչեղարկեն իրենց որոշումները, ապա հանդիպման ժամանակ հոգևոր հովիվները պետք է քննարկեն իրենց հետագա քայլերը»,- հայտնեց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց, որ երկու որոշում կա, որը ստիպել է իրենց գնալ նման քայլի` փակել տաճարի դռները: «Երկու որոշում կա: Քաղաքապետարանի որոշումով հրահանգված է հարկեր գանձել եկեղեցիներից և վանքերից: Կա նաև Քնեսեթում շրջանառվող մի օրինագիծ, որով այն բոլոր եկեղեցիները, որոնք ունեն կալվածքներ և կփորձեն իրենց կալվածքները պետության կողմից չճանաչված ընկերություններին վարձակալության տալ, այդ դեպքում կալվածքի տնօրինման իրավունքն ամբողջությամբ անցնում է պետությանը»,- ասաց վարդապետը:

Նրա խոսքով` իրենց պահանջն է, որպեսզի այս օրինագիծը շրջանառությունից դուրս գա և չստանա օրենքի ուժ: Նման օրինագծերը, ըստ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի, պայմանավորված են նրանով, որ, 2010 թվականից սկսած, Երուսաղեմի հունաց պատրիարքարանը մի քանի նոր պայմանագրեր է կնքել անհատ ձեռներեցների կամ ընկերությունների հետ: «Հիմնականում պատրիարքության կնքած այդ պայմանագրերն են պատճառ դարձել, որ նման օրինագիծ է դրվել շրջանառության մեջ: Հստակ ասվում է, որ այս օրենքը պետք է տարածվի 2010 թվականից ստորագրված կալվածքների վրա»,- նշեց նա:

Կորյուն վարդապետի հաղորդմամբ` օրինագիծը նոր չէ, որ դրվել է քննարկման: «Այդ օրինագիծը 7-8 ամիս է` մշակվել և ներկայացվել է: Հիմա հանձնաժողովներում է քննարկվում, որպեսզի հանձնաժողովները տան իրենց եզրակացությունը, և ըստ այդմ` օրինագիծն անցնի Քնեսեթի լիագումար նիստ»,- եզրափակեց նա: