Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռեհան Մանուկի Մանուկյանի վկայությունը
1910 թ., Տարոն, Ուրացն գյուղ
Ռեհան Մանուկյանը ծնվել է Տարոնում 1910 թվականին: Նա պատմում է, որ իրենց տներից վտարել են հենց 1915-ի ապրիլի 24-ին, երկար ժամանակ քշել են, մինչև հասել են Վան, որտեղ մահացել են նրա տատն ու փոքր եղբայրը: Թուրքերը սպանել են նաև հորն ու մորը: Նա հրաշքով է փրկվել և, ի վերջո, հայտնվել Թբիլիսիի մանկատանը:
«Ես ծնվել եմ Տարոնում: Մեսրոպ Մաշտոցն էլ Տարոնից էր: Մեր գյուղում եկեղեցի կար և վանք կար` Ս. Աստվածածին անունով: Շատերը ուխտի էին գալիս Տարոն: Խութը մեր Տարոնին շատ մոտ էր: Հորս մերը խութեցի էր:
1915 թ. ապրիլի 24-ին դեռ արևը չծագած վեր էինք կացել, հայրս հանդ պիտի գնար, մայրս էլ հաց պիտի թխեր: Ես ունեի մի փոքր եղբայր: Մեկ էլ տեսանք, որ թուրք ասկյարները եկան` հրացանները ուսներին գցած, եկան, խուժեցին մեր տունը, ասացին. «Արդեն կռիվ է, մեր սուլթանը հրամայել է, որ հայերին պիտի քշենք»:
Տասնհինգ-քսան րոպե չանցած` մեզ տնից դուրս հանեցին: Մեր չորս կողմերը ասկյարներ էին, որոնք բղավում էին. «Շու՜տ արեք, շու՜տ արեք»: Էսպես մեզ գյուղից դուրս հանեցին: Տեսանք` մեր մոտիկ Խումբ գյուղի հայերին էլ են տեղահանել: Վանքի էս կողմից մենք էինք բարձրանում, վանքի մյուս կողմից էլ խմբեցիք էին բարձրանում: Մեզ բերին հասցրին Խութ: Արդեն ասի` իմ հոր մայրը խութեցի էր, էնտեղ էր ապրում: Խութի մեջ ապրողների կեսը հայ էր, կեսը` եզդի: Առաջ մեզ էին տեղահանել, հետո Խութի հայերին էլ տեղահանեցին: Խառնվանք իրար: Ասկյարները մեզ քշեցին ոչխարների հոտի պես: Մեզնից հետո սկսել էին մեր տները թալանել: Էսպես քայլելով, սոված, ծարավ, հոգնած, ուժասպառ հասանք Վան` Արտամետ: Էնտեղ մի քիչ հանգստացանք: Էնտեղ իմ տատն ու ախպերս մեռան: Հերս տարավ իր ձեռքովը թաղեց:
Վանից դուրս եկանք: Գիշերով էինք գնում, որ ապահով լինենք: Արդեն մութ էր: Մենք քայլում էինք, հասանք թուրքերի բինաներին, դրանց շները սկսեցին հաչալ: Թուրքերը եկան մեզ պաշարեցին, տղամարդկանց սկսեցին խուզարկել, զենքերը հավաքեցին, նրանց մի կողմ տարան` սպանեցին: Կանանց ու երեխաներին բերին իրենց մոտ, վրանների տակ: Բայց նրանք լսել էին, որ ռուսական զորքը գալիս է, եկան մերոնց ասին.
– Ով կուզի` տանենք ձեզ տանք ռսին:
Իմ մայրը ասաց.
– Դուք թուրք եք, դուք իմ զավակին սպանեցիք, ես ձեզ մոտ չեմ մնա, կերթամ ռսի մոտ: Էդ թուրքերը մեզ գցեցին իրենց առաջները, բերին մի ձորի բերան, սկսեցին կրակել: Երբ մամայիս կրակեցին, ես լաց լինելով վրան ընկա, քիթս վիրավորվեց, ձեռքս կոտրվեց` կախվեց, ուշքս գնաց: Թուրքերը կարծեցին` ես էլ եմ մեռած, թողին ու գնացին: Ես մնացի դիակների վրա: Շուրջս լուռ էր: Ես ցավերի մեջ էի, քիթս տնքում էր, ձեռքս ևս: Աստղերը ելան: Հետո առավոտ եղավ: Արևը էլավ, էլ չգիտեմ ինչքան ժամանակ անցավ: Մեկ էլ իմ հորեղբոր կնոջ ախպերը, որը ինը-տասը տարեկան մի տղա էր, եկել, տեսել է, որ ես կենդանի եմ, մորս դիակի վրա եմ ելնում, նստում, քանի որ փոքր էի, չէի հասկանում, որ մայրս արդեն մեռած է: Էդ տղան ինձ առնում է, սկսում ենք քայլել: Մեր շրջապատը ողջ մարդ չկար, միայն դիակներ էին, թուրքերը սպանել, թողել, գնացել էին:
Մենք, երկու երեխա, ձեռք-ձեռքի բռնած գնում էինք, իրիկունը որ վրա էր գալիս, իրար գրկած քնում էինք: Ես վիրավոր եմ` քիթս ճեղքված, արյունը լերդացել, քարացել է, ձեռքիս ոսկորը կոտրված կախվել է, բայց մենք քայլում ենք սոված, ծարավ, գոնե մարդկային շունչ ենք ուզում հանդիպել: Մեկ էլ տեսանք` մի վրան: Էս տղան եզդիերեն խոսաց, նրանք հասկացան, որ թուրքերը մեզ վնասել են, մեղքացան, տարան իրենց վրանը, մի փոքր ուլ մորթեցին: Ութսուներեք տարի է անցել, բայց դեռ չեմ կարող մոռանալ, էդ ուլի կաշին քերթեցին, քաշեցին ձեռքիս ու քթիս: Էդ երեխուն ղրկեցին ջրի, ձեռքը տվին գյուգյումը, էն գնաց: Ես սկսա լացել, որ տեսա իմ նոր ախպերացուն եկավ, ես հանգստացա:
Եզդիները ասին. «Մնացեք մեզ մոտ մի շաբաթ. էդ վերքերը բուժենք, նոր` գնացեք», բայց մենք չմնացինք: Եզդիները մեզ հաց ու պանիրով բոխչա տվին, որ ճամփին ուտենք: Մենք եկանք հասանք ռուսների մոտ: Էնտեղ հորեղբորս կինը տեսավ մեզ, եկավ տարավ: Զինվորական գաթիլոկը ձեռքս տվեց, ասեց. «Դու վիրավոր ես, գնա՛, ռուսներից ճաշ ուզի»: Գնացի, բերի, կերանք:
Ռուսները ճամփա ելան դեպի Ռուսաստան, մենք էլ դրանց հետ սկսանք քայլել: Իմ մի կողմը հորեղբորս կինն էր, մյուս կողմս` էդ տղան: Էն կողմից երկու կին ասեցին հորեղբորս կնկան. «Էս վիրավոր աղջիկը տանես, ի՞նչ անես, բանի պետք չէ»:
Նա լսեց դրանց խոսքը, ինձ տվեց ռուս զինվորներին: Իմ ախպերացուն իմ մոտից լալով հեռացավ: Ռուսները ինձ տարան բրեզենտով փակված արաբաների մեջ դրեցին, որտեղ շատ ռուս վիրավոր զինվորներ կային: Դրանց հետ ես եկա Իգդիր:
Իգդիրում լիքը գաղթականներ էին, բոլորը գետնին նստած էին: Ռուս զինվորները եկան անունս, ազգանունս հարցրին, ես չգիտեի իմ անունը: Իմ լուրը տարածվել էր գաղթականների մեջ, որ Մանուկի աղջիկը վիրավոր ողջ է մնացել: Մեկ էլ մի աղջիկ եկավ, ինձ տեսավ, ասաց. «Ես սրան գիտեմ, Մանուկի աղջիկն է»: Իմ անունը գրել տվեց` «Ռեհան Մանուկի Մանուկյան»: Ես ընկա մարդու ձեռք: Ինձ բերին Երևան:
Մեր ընտանիքը եղել է շատվոր` պապս, հորեղբայրս, նրա կինը, հերս, մերս, փոքր ախպերս: Էս բոլորը մեռան թուրքի ձեռքից, միայն ես եմ մնացել կենդանի, էն էլ նապաստակի քթի պես ճեղքված քթով ու կոտրված ձեռքով: Տե՛ս, մատս չկա. կտրված է, համ էլ ամաչում եմ, որ քեզ հետ խոսամ, բայց ինչ արած, էս էլ իմ ճակատագիրն է:
Ինձ բերին, հասցրին Ղարաքիլիսայի որբանոցը: Տարիուկես մնացի որբանոցում, էնտեղ կոշիկ, շոր տվեցին: Հետո մեզ տեղափոխեցին Թիֆլիս, երբ ցարին գահընկեց արին: Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը դարձել էր մանկատուն: Բոլոր որբերին հավաքել էին էնտեղ: Միջանցքներն անգամ լիքն էին անտեր երեխաներով:
1918 թ. մեզ տարան Կարս: Ամերկոմը տեր կանգնեց որբերին, բերեց Կարս…»:
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 6, էջ 86-87:
Աղբյուրը` armeniangenocide100