կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-27 15:49
Առանց Կատեգորիա

Իսկ ինչու ոչ` նախագահների

Իսկ ինչու ոչ` նախագահների

Եթե անկեղծ լինենք, ապա Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծված` վարչապետերի ակումբի մեջ ոչ մի վատ բան չկա: Խնդիրներ, այն էլ` բացառապես տեխնիկական բնույթի կան, բայց քաղաքական, հասարակական, պետության, ժողովրդի համար վատ բան չկա: Օրինակ` այդ ակումբի ոչ մի անդամ պետությունից, այսինքն` պետական բյուջեից, այսինքն` մեր հարկերից լրացուցիչ, միայն ակումբին անդամակցելու համար աշխատավարձ չի ստանալու, այսինքն` ցանկացած նախկին վարչապետի համար այդ ակումբի նիստերին մասնակցելը բարի կամքի դրսեւորում է, ոչ թե աշխատանքային պարտականություն:

 

Բացի սրանից եւ ամենակարեւորը` Հայաստանում որքան շատ նախկիններ եւ գործողներ իրար հետ հանդիպեն, հարցեր քննարկեն, այդքան լավ: Իհարկե, այդքան էլ համաձայն չենք նախկին վարչապետ Խոսրով Հովհաննիսյանի այն մտքին, թե վարչապետերի ակումբը հնարավորություն կտա գործող կառավարությանն ավելի շատ բան իմանալ, քանի որ, ըստ էության, այդ ակումբն ավելի շատ թեյի կամ սուրճի սեղանի շուրջ հավաքված պետական պաշտոնյաների սովորական զրույց պետք է լինի, հետեւաբար` դրա մեջ վատը ո՞րն է, հատկապես, կրկնում ենք, այդ սեղանի վրա դրված թեյի, սուրճի, ջերմուկի փողը մենք չենք տալու:

 

Բայց, այդուհանդերձ, զուտ տեխնիկական խնդիրներ կան: Օրինակ` ցանկացած նախկին վարչապետի կողմից այդ ակումբի նիստերին չմասնակցելը, ճիշտ է, նրա իրավունքն է, բայց նաեւ, այդպիսով, այդ ակումբի գոյությունը որոշակիորեն թերի կդարձնի: Հենց այստեղ էլ խնդիրն է. բանն այն է, որ եթե ենթադրենք այդ ակումբն ամեն ամիս հանդիպում նշանակի, ապա դրանից զգալիորեն կտուժի ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում հայանսպատ գործունեությունը, դե, այդ երկրներում մեր դեսպանները կվերադառնան հայրենիք, եթե, իհարկե, վարչապետերի ակումբն իր արտագնա նիստերը Վաշինգտոնում կամ Լոնդոնում չանի: Իսկ եթե նրանք որոշեն չմասնակցել այդ ակումբի նիստերին, ապա այդ ակումբը, համաձայնեք, թերարժեք կլինի, մի տեսակ այն նշանակությունը չի ունենա, որը պետք է ունենար` համախմբելով մեր երկրի բոլոր վարչապետերին:

 

Իսկ նախաձեռնությունը, պետք է ընդունել, լավն է, ավելին` կարելի է ստեղծել ՀՀ նախագահների ակումբ: Նախ` բոլորն այստեղ են, հետեւաբար, տեխնիկական հարցեր չեն առաջանա, բացի դրանից` միմյանց շատ ասելիք կունենան եւ դա կանեն աննախադեպ թափանցիկ` ժողովրդի աչքի առաջ, տղամարդավարի եւ հանուն երկրի: Չի բացառվում, որ միմյանց հետ հաճախակի հանդիպելուց հետո երեքն էլ հասկանան, որ, պարզվում է, կարգին հետաքրքիր անձնավորություններ են, անգամ` ընդհանուր բաներ ունեն: Հա, երբ ասում ենք` նախագահների ակումբ, նկատի չունենք նախագահական ընտրություններում պարտված կամ հաղթանակը չպահպանած նախագահների. այս պարագայում բավականին մարդ կհավաքվի, այդքան մեծ սենյակ չունենք:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ