|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները և ընտանիքի մյուս անդամները հայտնաբերել են տան սենյակները տակնուվրա արված, որտեղից ստահակը կամ ստահակները հափշտակել են խոշոր չափի գումար՝ ընդհանուր մոտ 45 հազար ԱՄՆ դոլար, որի մեջ մտնում են նաև խոշոր չափի եվրո, ռուսական ռուբլի և ոսկյա զարդեր։
Տականքը կամ տականքները տուն են մտել հարևանի տան ցանկապատի մոտ տեղադրված՝ տուժածների տան ցանկապատի վրայով անցնելով, ապա մինչև բակային հատվածի դռան փականը կոտրելը փորձել են պատուհանի ճաղավանդակը կոտրել, սակայն երբ այն կոտրել չի ստացվել, մտել են տանտերերի խորդանոց, այնտեղ եղած ավտոմեքենայի համար օգտագործվող «կլյուչով» կոտրել են փականը ու մտել ներս։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Դավիթ Բաղդասարյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահներն աշխատում են մի քանի ուղղությամբ, այդ թվում, որ տունը թալանվել է նշված տուն ներս ու դուրս անողի տված տվյալներով կամ նշված տան ընտանիքի անդամների հետ շփում ունեցողի կողմից, քանի որ հավանաբար գողը կամ գողերը տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամները այդ օրը երկար ժամանակով բացակայելու են տանից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Նախ նման հանցագործությունը կարելի է համարել անբարոյականություն։ Հարամ փողը չեք կարող ուտել, մեկ է մնալու է կոկորդներիդ, ու բացի դա, Աստծո դաժան դատաստանի եք արժանանալու։ Չէ՞ որ Աստծո պատվիրանների մեջ էր մտնում նաև «մի գողացիր»-ը։ Բայց էլ ավելի մեծ ցավ ենք ապրում, երբ գիտենք, թե ում ընտանիքն են թալանել։ Էս ընտանիքը ոչ միայն գյուղում մարզում, այլև Հայաստանում սիրված ու հարգված ընտանիքներից են։ Մարդիկ առավոտից երեկո իրենց հալալ քրտինքով հանապազորյա հացն են վաստակում, անգամ եղել եմ դեպքեր, երբ իրենք են կարիքավոր ընտանիքներին օգնություն ցուցաբերել ու հիմա ինչ-որ ճիվաղներ նման ստոր քայլի են դիմել։
Ուզում ենք հավատալ, որ ոստիկանները հանցագործությունը կբացահայտեն ու ամեն ինչ ջրի երես դուրս կգա, բայց որ գողը կամ գողերը լավ էլ տեղեկացված են եղել, դա անհերքելի է»։