կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 17:40
Տարածաշրջան

Ինչու է Ալիևին մտահոգում Հայաստանի նախկին նախագահների ճակատագիրը

Ինչու է Ալիևին մտահոգում Հայաստանի նախկին նախագահների ճակատագիրը

Բաքվում անցկացվել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի արտգործնախարարների արտահերթ նիստը: Թյուրքական խորհրդի կազմում են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը, 2019-ի աշնանը միացել է Ուզբեկստանը:

«Թեև ֆորումն արտահերթ էր, որևէ անսովոր բան չի եղել: Մասնակիցները սովորականի նման քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, հումանիտար կապերին և ընդհանուր տեղեկատվական տարածության ստեղծմանը վերաբերող հարցեր:  Թյուրքական խորհրդի գործունեության ուժեղացման կանխանշաններ տարածաշրջանում կամ առավել ևս համաշխարհային մասշտաբով ազդեցության առումով չեն զգացվում, քանի որ անդամների՝ տարածաշրջանային և համաշխարհային իրավիճակի քաղաքական գնահատականի ընդհանրություն չկա»,- ըստ yerkir.am-ի՝ Regnum-ում հրապարակած իր հոդվածում գրում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ նշելով, որ Քաղաքական վերլուծության կովկասյան կենտրոնի տնօրեն Ահմեդ Ալիլիի բնորոշմամբ՝ Թյուրքական խորհուրդը, որի ստեղծումն աղմուկով ազդարարվեց, ներկայումս «մոռացվածի» տպավորություն է թողնում, թեև ձևաչափը հավակնում էր միավորել Միջին Ասիան, Հարավային Կովկասը և Թուրքիան:

Այնուամենայնիվ, ըստ Տարասովի, ներկայիս տարբերակով այն հրապարակ է Խորհրդի անդամների միջև երկկողմ բանակցությունների համար: Եվ Բաքվում հենց այդ ձևաչափով է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը, որին մեծ ուշադրություն դարձվեց և ահա, թե ինչու. զրույցի ընթացքում Ալիևը բողոքել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը դարձել է կտրուկ քննադատության թիրախ: Ըստ նրա՝ «նրանք Ադրբեջանը պատկերացնում են որպես հետամնաց երկիր, Ադրբեջանում դրական գործընթացները հաշվի չեն առնում, ձգտում են միայն սևացնել Ադրբեջանը և հրապարակում են անհիմն, նենգափոխված զեկույցներ ու ընդունում այնպիսի բանաձևեր, որ իբր Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան», իսկ ինքը խոչընդոտում է ժողովրդավարական գործընթացներին: Ալիևը հատուկ ընդգծել է, որ «Եվրոպայի խորհուրդը կորցնում է իր նշանակությունը միջազգային ասպարեզում, չի կարողանում ազդել աշխարհում ընթացող իրադարձությունների վրա»:

Տարասովը համարում է, որ, ըստ էության, դա եվրոպական ուղղությամբ ադրբեջանական դիվանագիտության լիակատար պարտության խոստովանություն է: Բաքուն, որը տարիներ շարունակ հայտարարում էր, թե իր էներգետիկ ռեսուրսներով  Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորն է՝ դրա դիմաց ակնկալելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ իր համար դրական որոշում, ներկայումս հայտնվել է կոտրած տաշտակի առջև: Ըստ քաղաքագետի՝ եթե նախկինում Ադրբեջանը բոլոր մեղքերը բարդում էր հայկական Սփյուռքի ակտիվ գործունեության վրա, այս անգամ յուրահատուկ քայլ կատարեց՝ մեղադրեց Եվրոպայի խորհրդին, թե լռության է մատնում Հայաստանում կատարվող ոչ ժողովրդավար գործընթացները, այդ թվում՝ շեշտելով նախկին նախագահների ձերբակալությունները, լրագրողներին ուղղված քննադատությունը: «Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ մի վերաբերմունք, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ՝ այլ: Մենք լավ գիտենք այդ հարցերի պատասխանները, և ԵԽ-ն լավ կաներ՝ զբաղվեր այդ հարցերով»,- սրտնեղել էր Ալիևը:

«Հարցը, թե ինչո՞ւ է Ալիևը Չավուշօղլուի հետ զրույցում հանկարծ մտահոգվել Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով, ձևականորեն է հռետորական: Դա արվել է հատուկ նպատակներով, հատուկ իմաստով, ինչը տարատեսակ, ամենաանսպասելի վարկածների ու դատողությունների տեղիք է տալիս, նաև՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով:  Ադրբեջանի նախագահի ոչ ստանդարտ արտահայտությունը կարելի է ընկալել նաև որպես կոչ Անկարային՝ մասնակցություն ունենալ Հայաստանի նախկին նախագահների վիճակի թեթևացման գործին, ինչը ենթադրում է որոշակի շրջադարձ հայ-թուրքական հարաբերություններում: Սակայն դժվար թե Թուրքիային, որն ինքն է զրկվել եվրոպական ինտեգրման հեռանկարից, ձեռնտու լինի այդ «նեղ մոտեցումը»,- գրում է քաղաքագետը՝ հավելելով, որ Անկարան ու Բաքուն գիտակցում են՝ Բրյուսելն իրենց Եվրոպա չի համարում, իրենք իսլամական աշխարհից են, բացի այդ՝ Ադրբեջանում և Թուրքիայում ռեժիմները եղել են, կան ու կլինեն ավտորիտար:

Ըստ Տարասովի՝ երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարում էր, որ միայն Ուկրաինան է գտնվում ժողովրդավարության ու բռնապետության սահմանագծին՝ Եվրոպայի ամենաարևելյան մասում, հարց ծագեց՝ որտեղո՞վ է անցնում այդ «սահմանը» Անդրկովկասում, ինչն էլ շատ արագ ընկալեց Ալիևը՝ զգալով ԱՄՆ քաղաքականության պարադիգմի փոփոխություն հետխորհրդային տարածքում: «Իմաստային ենթատեքստը գաղափարախոսական է՝ Բաքուն և Անկարան ակտիվորեն համագործակցում են Մոսկվայի հետ, որովհետև խոսքը «ավտորիտար երկրների» դաշինքի մասին է, թեև Ադրբեջանը չի դիտարկում իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին կամ  ՀԱՊԿ-ին, նույնիսկ՝ որպես դիտորդ: Հայաստանը սկզբունքորեն այլ վիճակում է: Այնուհանդերձ, ըստ Ալիևի, Եվրոպայի հատուկ հովանավորությունն է վայելում»,- նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ օրերս Պոմպեոն «դիվանագիտական մարաթոն» է իրականացրել Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան, Ուզբեկստան, սակայն ոչ՝ Անդրկովկաս, որտեղ նրան, ի դեպ, սպասում էին՝ հիշելով ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի այցը, երբ Վաշինգտոնն իր հետաքրքրություններ ուներ Իրանի հետ սահմանակից տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ Պոմպեոյի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ադրբեջանում ոգևորությամբ էին ընդունել՝ իրենց համարելով «էներգետիկ անվտանգության բնագավառում Արևմուտքի ամենակարևոր տնտեսական գործընկերը»: Բազմաթիվ ադրբեջանցի քաղաքագետներ ինքնավստահ հայտարարում էին, որ դա նոր բարենպաստ հեռանկարներ է բացում հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման համար, և որ «Ռուսաստանին օղակի մեջ առնելը պետք է սկսել Հարավային Կովկասից, եթե ԱՄՆ-ին հաջողվի Ռուսաստանին դուրս մղել այդտեղից ու Միջին Ասիայից, բարենպաստ իրավիճակ կստեղծվի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար»: Ներկայումս այլ կարծիքներ են հնչում: «Հարավային Կովկաս» քաղաքագիտական ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեի կարծիքով՝ անդրկովկասյան ուղղությամբ ամերիկյան առաջնարհերթությունները փոխվել են: Նախ՝ լայն ռազմավարական առումով նրանք երկրորդ պլան են մղել Իրանի հարցը, սակայն կշարունակեն պատժամիջոցներով ճնշել Թեհրանին՝ դա պրոյեկտելով նաև Ադրկովկասի վրա: Երկրորդ՝ նրանք ձգտելու են պահպանել նաև Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն: Նրանց ձեռնտու է գաղափարապես հիմնավորված աշխարհաքաղաքական սխեման՝  Ադրբեջանը «ավտորիտարիզմի սուլթանություն է», Վրաստանին հարկավոր է «վերադարձնել ժողովրդավարության ծոցը», իսկ Հայաստանը «կայացած ժողովրդավարություն է»՝ անդրկովկասյան տեսակի:

«Սա է Վաշինգտոնի տարածաշրջանային նոր օրակարգը: Եթե Բաքուն որոշի կիրառել Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման ուժային սցենարը, դա կներկայացվի որպես «ավտորիտարիզմի պայքար ժողովրդավարության հետ»: Անշուշտ, ԱՄՆ-ն ակներև մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, քանի որ տարածաշրջանում բարդ խաղ է ընթանում, որը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղով: Ըստ Վելիզադեի՝ իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ Անդրկովկասի խնդիրներն Արևմուտքում ընկալվում են բացառապես ավելի խոշոր աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում, և Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի դուրսբերումը առաջնային դիրքեր ունի և կունենա մարտավարական բնույթ: Ինչպես օրինակ, եղավ Բաքվի պարագայում, երբ Ռուսաստանի դեմ խաղարկվում էր էներգետիկ խաղաքարտը: Պոմպեոն նաև «անսպասելիորեն» հայտարարեց, որ «Ուկրաինան տվեց Ղրիմը, իսկ Ռուսաստանը նրանցից չէ, որից կարելի է ինչ-որ բան վերցնել»: Հնարավոր է՝ վաղն էլ ասի, որ Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղը: Արդյո՞ք դա չի լրջորեն մտահոգում Ալիևին»,- եզրափակում է Տարասովը: