կարևոր
556 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-23 19:40
Քաղաքական

Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել

Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել

Հոկտեմբերի 18-23-ը Տաջիկստանի ներքին գործերի նախարարության «Մագոբ» զորավարժարանում անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական օպերատիվ արձագանքման ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները։

Զորավարժությունների ընթացքում մշակվել են լեռնային տեղանքում հատուկ նշանակության ստորաբաժանումների միավորված օպերատիվ-մարտական խմբերի գործողությունները, խմբավորման համակողմանի ապահովման և ավիացիայի հետ փոխգործակցության հարցերը։ Մասնակիցներն անցկացրել են նաև լեռնային երթուղով ուսումնական ելք և տարբեր տեսակի ձեռքի հրաձգային զենքերից տակտիկական հրաձգության մրցումներ։

Բացի այդ, կազմակերպվել է իրավասու մարմինների սպառազինության մեջ գտնվող զենքերի և հատուկ միջոցների ցուցահանդես։

Զորավարժությունների ընդհանուր ղեկավարումն իրականացրել է Տաջիկստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին ծառայության գեներալ-մայոր Նոզիմ Իբրահիմզոդան։

Զորավարժություններին մասնակցել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և կազմակերպության քարտուղարության համապատասխան ստորաբաժանման օպերատիվ խումբը։

Զորավարժությունների փակման արարողության ժամանակ Սեմերիկովն ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում հատուկ նշանակության ստորաբաժանումներին իրենց առջև դրված խնդիրների կատարմանը նախապատրաստելու գործում։

Նա բարձր է գնահատել նաև «Կոբալտ-2026» զորավարժություններին մասնակցած ստորաբաժանումների անձնակազմի դաշտային պատրաստվածությունն ու գործողությունների ներդաշնակությունը։

Սեմերիկովի խոսքով՝ զորավարժությունների հաջող անցկացմանը մեծապես նպաստել է Տաջիկստանի ներքին գործերի նախարարության կազմակերպչական աշխատանքը, այդ թվում՝ «Մագոբ» զորավարժարանի կահավորումն ու մասնակիցների համար պատշաճ սոցիալական պայմանների ստեղծումը։