Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուբեն Ավետիսյանի պատմությունը
1898 թ., Վան
Վարդուհի Մարտիրոսյանը ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր մորական պապից լսած պատմությունը: Նա պատմել է իր պապի` Ռուբեն Ավետիսյանի կյանքի մասին, որն ականատես է եղել Ցեղասպանությանը տասնյոթ տարեկանում: Ռուբենի հորը՝ վանեցի Հակոբ աղային, հարևան քուրդը զգուշացրել է սպասվող արհավիրքի մասին, և նրանք կարողացել են փախչել, սակայն ստիպված են եղել տանը թողնել հիվանդ մորը:
«1915թ: Գարուն է: Վան, Այգեստան թաղամաս: Վանեցի Հակոբ աղայի տունն է: Գարնանային գեղեցիկ ու պայծառ օր էր: Տանեցիները զբաղված էին առօրյա գործերով: Ես և Հակոբը` հայրս, այգում` ծիրանենու տակ նստած, զրուցում էինք:
-Հայրի´կ, երբևէ պատկերացրե՞լ ես, որ մեր տունը, թաղն ու քաղաքը էլ չեն լինի:
-Չէ´, մանչս, չեմ մտածել, չէ՞ որ ըտա մեր տունն ա, մեզնե ոչ մեկ չի կանա վերցնի:
Անցան օրեր ծիրանենու զով շվաքում ծավալված քաղցր զրույցից: Ապրիլ ամիսն էր, կեսգիշերին դուռն են թակում: Հայրս բաց արեց: Հարևան քուրդն էր :
-Նե´րս եկ, համեցի´ր, ի՞նչ խաբարա էս կիշերվա կեսին:
-Հակո´բ աղա, խոսելու բան ունեմ քեզ հետ:
-Ըսա´, լսում եմ:
-Հակո´բ, ժողվեք ձեր ունեցածն ու չունեցածը ու փախե´ք ըստեղեն:
-Ի՞նչ կըսես, ինչու՞ պետք է փախնենք մեր տընեն:
-Երիտթուրքերն որոշել են մաքրեն հայերին աշխարհիս երեսից: Ելե´ք, փախե´ք:
Այդ օրը հիմնահատակ փոխեց իմ ճակատագիրը: Մինչ այդ սիրտս լցված էր ապագայի նկատմամբ վառ հույսերով ու երազներով: Ես` մեծահարուստ Հակոբ աղայի որդին, որ գերազանց առաջադիմություն ուներ, որ խոսում էր մի քանի օտար լեզվով, որոշել էր դառնալ իրավաբան: Բայց…ավա˜ղ, թուրք բարբարոսների եղերական ծրագիրը միլիոնավոր իմ նմանների ճակատագիրը խեղաթյուրեց: Գիշերվա կեսին հավաքեցինք ինչ կարող էինք տանել ու նստեցինք ֆայտոն: Հայրս փորձեց համոզել հիվանդ մորս` Ալմաստին, որ նստի ու մեզ հետ դուրս գա Վանից: Բայց մայրս հրաժարվեց: Ֆայտոնը վազում էր խելակորույս արագությամբ, ականջներիս մեջ լսվում էր մորս սրտաճմլիկ ձայնը: Եվ մենք հեռացանք` մորս թողնելով ճակատագրի հույսին: Այդ օրվանից նրան ոչ ոք չտեսավ:
Մենք պետք է անցնեինք Արաքս գետը: Գետի ջուրը կարմրել էր արյունից. մահվան հոտ էր գալիս ջրից:
Արյու˜ն էր, արյու˜ն, արյու˜ն… Գետն անցնելու պահին տեսանք մի կնոջ, ում գրկում երկու նորածին երեխա կար. մեկն իրենն էր, մյուսը` եղբորը: Նա չէր կարող երկուսին էլ անցկացնել գետով: Իր երեխային բաց թողնելով` գոռաց.
-Ես կպսակվեմ, նորից երեխա կունենամ, բայց եղբոր որդի էլ չեմ ունենա: Բեկված հոգիներով շարունակեցինք մեր ճանապարհը: Ամենուր հանդիպում էին գաղթականներ , որբեր, որոնք նման էին քայլող ուրվականների: Վերջապես այդքան չարչարանքներից ու ցավից` մորը կորցնելու ցավից հետո եկանք Արևելյան Հայաստան, կարոտից ճաքած շրթունքով հաստատվեցինք Արարատների հայացքի ներքո` Արարատի շրջանի Շիրազլու գյուղում…
Ես գիտեմ, որ մենք դեռ վերադառնալու ենք Վան, մեր տուն, և այնտեղ կլինի նաև մեր մայրը. նա նորից իլիկը ձեռքին թել կմանի ու պատմություններ կպատմի մեզ` մեր հզոր թագավորների, նրանց սխրագործությունների մասին… Հայրենիքի, տան և մորս կարոտը խեղդում էին ինձ: Անցնում էին օրեր. տասնյակ գարուններ եկան ու անցան…բայց տունդարձ չկար:
Ես հավատում էի ու հավատով ամեն աշուն ճանապարհում էի արագիլներին ու հավատով սպասում նրանց վերադարձին: Սպասում էի, որ նրանք մի օր ինձ կպատմեին մորս մասին, իմ կորցրած տան մասին: Գալիս էին… կափկափում և ի՞նչ էին խոսում… բայց ես հավատով սպասում էի:
Անցան տարիներ: Անկողնում պառկած պապս, որ արդեն կուրացել էր սպասումից, ամեն առավոտ արթնանում էր` հայացքը հառած պատուհանին: Նրա կուրացած աչքերում ես տեսնում էի գաղթի ճանապարհի սարսափներն ու կարոտը:
Սահմաններն արդեն բացվել էին: Եվ առաջին տուրիստական խումբն իր հետ բերել էր վանա տառեխ, որից բաժին էր հասել նաև պապիս:
-Հայրի´կ, տես ինչ եմ քեզ բերել: Կե´ր, տես դուր կգա՞:
Մոտեցրեց, հոտ քաշեց, կուրացած աչքերից հորդեցին արցունքները` սպասումի արցունքները:
-Վանա տառե՞խ, բալա´, էտ որտեղի՞ց,- ասում էր ու ուտելու փոխարեն համբուրում` սեղմելով դողդոջուն շուրթերին»: