Աննա Աղլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևի քչերը նկատեցին, որ վերջին ամիսներին մի տեսակ կանոնավոր կերպով եթեր է տրամադրվում Աշոտ Բլեյանին։ Ընդ որում՝ եթեր են տրամադրում մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներ՝ 1in.am, Հ1, Արմենիա հեռուստաընկերություն․․․ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ և ի՞նչ է սպասվում մեր հանրակրթական ոլորտին (և ոչ միայն)։
Պատասխաններ գտնելու համար 28 տարի ետ գնանք՝ ավագ սերնդին մի շարք դրվագներ հիշեցնելու, իսկ երիտասարդներին՝ դրանց մասին տեղեկացնելու համար։ 1992 թվականն էր։ Ադրբեջանից Հայաստան վերադառնալով՝ Աշոտ Բլեյանը գրել է․ «Ես, ինչպես հեքիաթում, լույս աշխարհից ընկա մութ աշխարհ»։ Ա․ Բլեյանը՝ որպես ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, պատրաստել էր «Ուղերձ» և վերցնելով իր 56 պատգամավոր-գործընկերների ստորագրությունները՝ «մասնավոր» այցով մեկնել էր Բաքու։ Իր այցից հետո նա հրապարակում է ծավալուն հոդված, որի համար վերնագիր է ընտրում ադրբեջանական մի ասացվածք՝ «Երբ շատ դժվար է, դիր փափախդ առաջդ և խորհիր»։
Բլեյանը, ի թիվս այլ տպավորությունների, կիսվում է նաև Ադրբեջանի կրթության նախարար Ֆիրուդին Ջալիլովի հետ ունեցած իր հանդիպման մանրամասներով։ Այսպես, Ջալիլովը հետաքրքրվել է կրթության բարեփոխումների հայաստանյան վիճակով, ապա ավելացրել․
«Ձեր պատմության ուսումնասիրությունից մի հայտնագործություն արեցի։ Հայ մտավորականները պարբերաբար իրենց ժողովրդին քաշում են ահավոր խաղի մեջ, հետո իրենք սուսուփուս քաշվում են մի կողմ։ Իսկ իրենց հանցագործ գրքերը մնում ու ծառայում են որպես դասագիրք սերունդներին։ Ե՞րբ եք հրապարակավ այրելու Զորի Բալայանի ու նրա նմանների գրածները․․․ Դա ձեզ է պետք»։
Բլեյանը շարունակում է․ «Ֆիրուդին Ջալիլովը միլլի մեջլիսի անդամ է, բանասիրության դոկտոր, և լավ ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը։ Նա շարունակ պնդում էր առաջնությունը համատեղ պրոֆեսիոնալ խմբեր ստեղծելու՝ թող քննեն պարզեն ու համոզվեն, որ Խոջալուն ոչ այնքան հայերի, իսկ Սումգայիթն ու Բաքուն ոչ այնքան ադրբեջանցիների կազմակերպածն էր»։
Այս «ինքնառեպորտաժն» օրվա մամուլում լայն արձագանք է գտնում։
Ահա Վարդգես Պետրոսյանի պատասխան-հոդվածից մեկ հատված․ «Ի՞նչ է, սրա հետ է՞լ է համաձայն Բլեյանը, ի՞նչ է, նա «փաստարկներ» չունե՞ր, որ ոչ թե 1988-ից սկսած, այլ անցած բոլոր յոթանասուն տարիներին Ադրբեջանո՛ւմ է, որ նենգափոխվել, աղավաղվել ու վերաձևվել է հայոց պատմությունը, մշակույթը, քարտեզը, իսկ մենք հանուն «ժողովուրդների եղբայրության» հաճախ նույնիսկ կեսբերան չենք պատասխանել նրանց․․․ Կրթության նախարարը, որ բնականաբար մտավորական է, նաև գիտության դոկտոր, ոչ ավել, ոչ պակաս հարցնում է՝ «Ե՞րբ եք հրապարակավ այրելու Զորի Բալայանի ու նրա նմանների գրածները»։ Իսկ հայ մտավորակա՞նը․․․ Թեկուզև դառը կատակի տալով, հայ մտավորականը չէ՞ր կարող իր կողմից գոնե ավելացնել, թե՝ իսկ Ադրբեջանում ե՞րբ են այրելու, ասենք Զիա Բունիաթովի հայատյաց գրքերը (Էլ չեմ ասում, որ գրքեր այրելու գաղափարը, մանավանդ, կրթության նախարարի գիտակցության մեջ, մեղմ ասած, ինկվիզիցիայի կոչ է, եթե չգործածենք ավելի ճշգրիտ բառը՝ ֆաշիզմ)»։
Մամուլում հրապարակվում են այլ արձագանքներ ևս։ «Մտավորականությունների միության» անդամ Համլետ Կարճիկյանը գրում է․ «Զզվանք ու սրտխառնուք է առաջացնում կեղծուպատիր բարեպաշտությամբ շաղախված այս դավաճանական խաղաղատենչությունն ու բարեկամատենչությունը՝ լույս ու մութ աշխարհների մերձեցման դիլենտանտական ֆոնի վրա»։
Հետաքրքրական է նաև Հայաստանի «Մտավորականների միության» արձագանքը։ Մասնավորապես հետևյալը՝ «հայ հասարակայնությանը վերջերս չափազանց անհանգստացնող Բլեյանի «խաղաղարար» գործունեությունը պարզապես ՀՀ նախագահի թուրքամետ արտաքին քաղաքականության դրսևորումներից մեկն է, որը Ղարաբաղն ադրբեջանցիներին վերջնականապես հանձնելուց առաջ նպատակ է հետապնդում շոշափելու հասարակական կարծիքը և հնարավորին չափով մշակելու այն»։
Արցախ-Հայաստան հասարակական-քաղաքական կազմակերպության վարչությունն իր պատասխան տեքստում նշում է․ «․․․ բլեյանիզմի կնքահայրը հենց ինքը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Այսօր այլևս ոչ մեկի մեջ կասկած չի հարուցում, որ հանրապետության նախագահը լիովին հեռացել է հայոց համազգային շահերի սթափ գնահատումից և իր պարտվողական հոգեբանությամբ մեր խաբված ժողովրդին տանում է դեպի անդունդ»։
Պրոֆեսորներ Գառնիկ Անանյանն ու Գևորգ Բաղդասարյանը նշում են․ «Արցախի պարտությունը Հայաստանի կորստյան ահազանգն է, և բոլոր նրանք, ովքեր ծնկի գալու կոչեր են անում, պետք է դիտվեն իբրև նորահայտ թալեաթներ․․․»։
Թե ինչպես է քանդվում հայ դպրոցը՝ 1993 թվականին նկատել ու նկարագրել է Ս. Կապուտիկյանը. «Դուք, հարգելի պարոնայք, պայքարի հանեցիք հայությանը հանուն հայ ոգու, հայ լեզվի, հանուն մեր հոգևոր վերածննդի, մեր ազգային կերպարի վերականգնման։ Ավաղ, հիմա մեր շուրջ բոլորը համատարած անկում է, գիտության, արվեստի ետընթաց, նյութապաշտություն, սոցիալական ահռելի բևեռացում, աղքատ մարդիկ և աղքատ հոգիներ։ Չնայած խորհրդարանում ընդունված ազգաշեն օրենքների՝ լեզվի, հայեցի դաստիարակության մասին, քանդվում է հայ դպրոցը, համաճարակի պես տարածվում է օտարամոլությունը, դոլարի կանաչագույնը սպառնում է թանձրորեն ծածկել նվիրական Եռագույնը, ծածկել ամեն մի հայախորհուրդ իդեալ ու տեսլական» (Սիլվա Կապուտիկյան, 1993 թ.):
Հիշեցնեմ, որ այս ամենը տեղի ուենում 1992 թվականին։ Երկու տարի անց Աշոտ Բլեյանը նշանակվում է Լուսավորության նախարարի պաշտոնակատար, այնուհետև՝ Կրթության և գիտության փոխնախարար (1994-1996 թթ․), ում օրոք նախաձեռնվեց 90-ականների կրթական բարեփոխումը։
Գանք մեր օրեր։ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթացքի մեջ է դրվում կրթական ռեֆորմ, որն իր մի շարք հատկանշական կետերով կրկնում է բլեյանական ռեֆորմը։ (Ի դեպ, 1995 թ․-ին Գիտությունների Ազգային Ակադեմիան մերժում է այս բարեփոխումը՝ պահանջելով ընդհուպ մինչև Ա․ Բլեյանի
հրաժարականը)։
Կրթական ոլորտում արդեն կուտակված ահռելի խնդիրներին ավելանում է ևս մեկը՝ թրքամետ թեզերի ներթափանցումը կրթական չափորոշիչների բովանդակության մեջ։ ԿԳՄՍՆ նախարար է նշանակվում Արայիկ Հարությունյանը, ով 2007-2010 թվականներին հայ-թուրքական հաշտեցման ծրագրերի մասնակից է եղել։ Ավելորդ չէ նշել, որ Բլեյանի՝ Հայաստանը մութ աշխարհի հետ համեմատելը հիշեցնում է Արայիկ Հարությունյանի այն միտքը, թե իր գլխավորած ռեֆորմը քննադատողները խավարամիտներ են։
Փոխնախարար է նշանակվում Ժաննա Անդրեասյանը, մի անձ, ով նժդեհյան գաղափարախոսությունն անվանում է «ֆաշիստական» և «վտանգավոր 21-րդ դարի Հայաստանի համար», իսկ Ցեղասպանության հետ կապված խորհրդային տարիներին եղած զարթոնքը կապում է մեկ փաստի հետ՝ դա Ցեղասպանությունը վերապրածների ԱՆՁՆԱԿԱՆ խնդիրն էր, իսկ «թուրքերը սպանել են մեզ ու վերցրել Մասիսը» արտահայտությունն ընդամենը ԿԼԻՇԵ է։ Կլիշե, որից պետք է ձերբազատվել։ Այս անձը մինչև օրս
պաշտոնավարում է։
«Հասարակական գիտություններ ու հայոց պատմություն» առարկայախմբի թիմի ղեկավար է նշանակվում Լիլիթ Մկրտչյանը, ով 2017 թ․-ին թուրքերի հետ համատեղ հեղինակել է «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը։ Այս գիրքը մասնագիտական քննադատության ենթարկվեց մի շարք հակահայ/թրքամետ թեզերի պատճառով (ահա պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի
անդրադարձը՝ Բլեյանական (իմա՝ տեր-պետրոսյանական) ռեֆորմը 90-ականներին խափանվեց։ Փաստ, որի մասին թուրքերի հետ գրված գրքում ափսոսանքո՛վ են գրում Լիլիթ Մկրտչյանը և մյուս հեղինակները։ Նո՛ւյն ափսոսանքի բառերով այդ ռեֆորմի խափանման մասին գրում են Լուսինե Խառատյանն ու Վահրամ Թոքմաջյանը՝ Սորոսի հիմնադրամի կայքում հրապարակած իրենց
հետազոտության մեջ։
Ի՞նչ է սպասվում մեր կրթական ոլորտին։ Կխափանվի՞ արդյոք նաև մերօրյա՛ այս չարեփոխումը։
Տեսնես՝ Ադրբեջանի ներկայիս կրթության նախարարը և՞ս հետաքրքրվում է հայաստանյան կրթական ռեֆորմով։ Տեսնես՝ Ադրբեջանում վառեցի՞ն Զիա Բունիաթովի հակահայ գրքերը․․․»։
Հ.Գ. Ի դեպ, Ա․ Բլեյանի օգնությամբ հայ-թուրքական հակամարտության վերաբերյալ հասարակական կարծիքը շոշափելու միտքն այստեղ, իրոք, հատկանշական է։ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո (1998 թ․) Աշոտ Բլեյանը հայ-թուրքական հարաբերությունների և Արցախյան խնդրի առնչությամբ այսպես կոչված մեծ եթերում հայտնվում է նաև ինը տարի անց՝ 2007 թվականի սեպտեմբերի 4-ին․ նա հրավիրվում է «Արմենիա» հեռուտաընկերության «Ուշ գիշեր» հաղորդմանը, որտեղ կրկին խոսում է «հարևանների հետ համակեցության» հայտնի թեզերի մասին... Սրանից անմիջապես հետո՝ 2007-ի աշնանը, ակտիվ քաղաքականություն է վերադառնում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սկիզբ է առնում հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթացը․․․