կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-01 20:26
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմից հետո խոսք անգամ չի կարող լինել բարբարոսների հետ ապրելու մասին․ Արցախի ԿԳՄՍ նախարար

Մենք լինելու ենք անկախ, մենք ենք որոշում՝ ինչ կարգավիճակ ունենանք, և երբևէ արցախցիները չեն դիտարկում իրենց համակեցությունը ադրբեջանցիների հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունը, իբրև թե «Լեռնային Ղարաբաղի հայերը նախկինում ձգտում էին անկախության, իսկ հիմա սկսել են խոսել Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին», ինչն իր համար անընդունելի է։ 

Ավելին, Արցախի ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անկախության 30-րդ տարեդարձին։ Նախարարն ասաց՝ դա ուղերձ էր, որն արժևորում էր անկախ պետականությունը։

 «Մեզ համար այս ցավալի ժամանակահատվածում, երբ մենք ամեն օր դժոխքի միջով ենք անցնում, այո՛, մեզ պետք էր այդ գիտաժողովը, որպեսզի նորից ամրագրեինք, որ մենք անկախ պետականություն ունենք և նոից փառավորեինք Հայաստանի Երրորդ Հանրապետությունը և մեր անկախությունը, և որպեսզի մենք նորից հասցեական մեսիջ անեինք, որ մենք ունենալու ենք մեր պետականությունը՝ պետականությունը դա մեր վարքագիծն է, կենսակերպն է, մեր կազմակերպվածությունն է, մեր գաղափարական ու հոգևոր ընթացքն է»,-ասաց Լուսինե Ղարախանյանը։

Իսկ Ալիևի հայտարարությունը որակեց էյֆորիայի շարքից։

«Ինչպես քառօրյան է ամրապնդել մեր պետականության արժեքը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո խոսք անգամ չի կարող լինել բարբարոսների կողքին ապրելու և բարբարոսների հետ համակեցությամբ առաջ գնալու մասին»,-ասաց նա։

Պատերազմի օրերին նախարարը այլ կանանց հետ թիկունքում ինչով կարող էր՝ օժանդակում էր․ ապաստարանում հարմարեցված կարի ֆաբրիկայում ինքն էլ բրոնեժիլետների դետալներ էր կարում, սպիտակեղեն, քնապարկեր, ինչի անհրաժեշտությունը կար։ Ասաց՝ հիմա էլ պայքարում են և՛ «կուլիսներում», և՛ «բեմում», արցախցին անպարտելի է և իր երկրում է ապրում, այդ նրանք են քոչվորներ և եկողներ, որ խցկվել են Արցախի անարատ գյուղերը, որտեղ թուրքի ոտք չի եղել։

Լուսինե Ղարախանյանը պատմեց նաև, թե ինչ կրթական ու մշակութային ծրագրեր են իրականացնում Արցախում։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․