Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանակային ծառայությունից հետո ինքս ինձ ասացի, - վերջ, էլ ոչ մի համալսարան, ոչ մի պոլիտեխնիկ, ես պետք է լուրջ նկարչությամբ զբաղվեմ, ինչպես մանկությանս տարիներին էի երազել, իսկ ավելի վաղ, արդեն դեռ տասներկու- տասներեք տարեկանում արդեն ռեժիսոր դառնալու մտքից էի հրաժարվել։ Մի թղթապանակ սարքեցի, թուղթ ու մատիտներ գնեցի, աշխատանքից հետո կամ հանգստի օրերին դեսուդեն էի չափչփում ու տեսածս, զգացածս նկարում։ Մի խոսքով, լրջորեն սկսեցի նկարչությամբ զբաղվել։
Մի օր մեծ եղբայրս ասաց, - ինչ աշխատանքներ որ ունես, հավաքիր, երեկոյան պետք է գնանք նկարիչներից մեկին ցույց տանք աշխատանքներդ, որ տեսնենք նկարչության շնորհք ունես թե ոչ, արժե՞ որ դրա վրա ժամանակ կորցնես։ Երեկոյան եղբորս և ռեժիսոր Հակոբ Իսկուդարյանի հետ գնացինք այդ նկարչի՝ Էդուարդ Խարազյանի արվեստանոց։ Արվեստանոցում նա մենակ չէր, մի քանի հոգի ևս կային, ինչպես հետո պարզվեց, բոլորն էլ նկարիչներ, և օղի ու գինի էին խմում։ Շատ լավ ընդունեցին մեզ։ Հերթով բոլորն էլ նայեցին «գլուխգործոցներս»։ Ապա, Խարազը, ինչպես անվանեցին Է. Խարազյանին, իր արվեստանոցի մի անկյունում նատյուրմորտ դրեց, իր նկարչական մեծ մոլբերտի վրա մի կտավ ամրացրեց, ներկնապնակը մոտ քաշեց ու ասաց, - դու նկարի, իսկ մենք վերջում կտեսնենք՝ ոնց ես նկարել։ Երբ դուրս եկանք արվեստանոցից, եղբորս և իր ռեժիսոր ընկերոջ տրամադրությունը շատ բարձր էր։ Կարծում եմ, որ նրանց տրամադրությունը բարձր էր ոչ թե նրա համար, որ գինովցած էին, այլ որ նկարիչները հավանել էին նկարածս նատյուրմորտը և հույս հայտնել, որ երբևէ ես նկարիչ կդառնամ։ Գրողն ու ռեժիսորը ինձ համար արդեն «գրական» անուն էին հորինում, թե ինչ անունով ես այսուհետ պետք է իմ նկարների տակ ստորագրեմ՝ որպես հեղինակ։
Նկարչությամբ զբաղվելու նկրտումներիս ավելի լուրջ երանգ հաղորդելու համար, հերթական ավանսով ստացած աշխատավարձով գնացի Թումանյան փողոցի վրա գտնվող նկարչության սալոն, նկարչական էտյուդնիկ գնելու։ Սալոնում, վաճառառող կինն ասաց,- մենք ապրանքը միայն նկարիչների միության անդամներին ենք վաճառում։ Ապա ուշադիր նայելով ինձ՝ ավելացրեց,- կամ էլ բարձր կուրսի ուսանողներին։
Միանգամից իմ լուրջ նկարչությամբ զբաղվելու առաջին լուրջ խոչընդոտին հանդիպեցի։ Ինչ է աշխարհս չի ուզում, որ ես նկարիչ դառնա՞մ, - մտածեցի։
- Իսկ մինչև վերջին կուրսի ուսանող կամ միության անդամ դառնալը՞, - հարցրի ես։
- Գնացեք բաժնի վարիչի մոտ իրեն ասացեք, այ այս դռնով ներս մտեք, - դեպի դռան կողմը գլխով ցույց տվեց կինը։
Ներսում, սեղանի հետևում նստած մարդուն ասացի, որ ինձ էտյուդնիկ է պետք։ Ինչևիցե, գրպանիս պարունակությունը դադարկեցի այս անձնավորության առաջ։ Եղածը բավարարեց միայն էտյուդնիկի, մի քանի վրձինների, փոքր չափսերի կարդոնի վրա ձգած կտավի ու մի քանի առաջնահերթության անհրաժեշտ յուղաներկի «տյուբիկով» ներկերի։ Սալոնից դուրս եկա էտյուդնիկը ուսիս, կտավները թևիս տակ ու հպարտ, համարյա կայացած նկարիչ։ Աբովյան փողոցով ներքև, դեպի Լենինի հրապարակ իջա, մի քանի պտույտ գործեցի հրապարակում՝ ի ցույց բոլորի։
Գարուն էր։ Օրերից մի օր ոտքերս, էտյուդնիկս ուսած, ինձ տարան դեպի Աշտարակի ձոր։ Ձորի պռնկով քայլում էի՝ ինձ հետաքրքրող կամ նկարչական իմ գիտելիքներին ու գիտակցությանս համարժեք մի տեսարանի հանդիպելու ակնկալիքով։ Վերջապես մի տեսարանի հանդիպեցի, որտեղ ձորի հանդիպակաց մասում մի փոքր դեպի վեր դուրս ցցված ժայռի պռնկին մի փոքր ծառ էր բուսնել, ժամանակին քիչ մեծացել, ճյուղեր և շյուղեր էր տվել, իսկ այժմ շուրջ բոլորը ծաղկել-փթթել էին, իսկ ինքը կամ արդեն չորացել էր կամ չորանալու վրա էր։ Համենայն դեպս, հեռավորության վրա հստակ նկատել հնարավոր չէր։ Տեսարանը շատ տխուր և հետաքրքիր թվաց ինձ, մինչև անգամ՝ շատ պոետիկ։ Ես կանգնեցի և անթարթ նայում էի այդ տեսարանին և ջանում էի հասկանալ, թե ինչը կարող էր պատճառ դառնալ մատղաշ ծառի չորացմանը, հասկանալ դրա պոետիկ բովանդակությունը։ Էտյուդնիկը հարմարեցրել էի, ամեն ինչ պատրաստ էր նկարը սկսելու համար։ Շուրջս այքան հագիստ ու խաղաղ էր, որ ծլող խոտի շրշյունն էլ լսում էի։ Նայում էի այդ տեսարանին ու մտորում, թե երբ այն արգասավոր երևակայության ուժը կամ բանաստեղծական ֆանտազիան կարթնացնեն իմ մեջ երևակայության ուժի սիմվոլացումը, որ զգայական երևույթների կամ իմ զգայական պատկերների ու մտքերի մեջ կներդնի այլ իմաստ, քան այն, ինչ ես եմ տեսնում։ Տեսածիս ու զգացածիս նոր արտահայտության իմաստն էի փնտրում։ Եվ ամեն անգամ երբ ներկաթաթախ վրձինն էի ցանկանում մոտեցնել ճերմակ կտավի մակերեսին, մի նոր կասկածամտություն էր սկսում կրծել միտքս, ես վախեցածի պես, ձեռքս կտրուկ հետ էի բերում։
- Եթե ես բանաստեղծ եմ և հիմա նայում եմ այս բնության պատկերին, մի՞թե բանաստեղծելը բնության ընդօրինակումն է, - մտածեցի ես, - պոեզիան մի՞թե ավելի բարձր չպետք է լինի, քան առօրյա իրականությունը։ Ահա ծառը, որ աճել էր այդ ժայռի պռնկին, որ շուրջ բոլորը ծաղիկ ու կանաչ էր, իսկ ինքը կամ արդեն չորոցել էր կամ համարյա չորացել էր, նման մահվան մահճում պառկածի, որի շուրջբոլորը ծաղկեպսակներ են, իսկ ինքը՝ դի։
Ես, որ բանաստեղծ եմ և ականատեսն եմ բնության այս վեհության, ինչպես միավորեմ այս վեհությունը մի ամբողջության մեջ և այն դարձնեմ մի ինչ - որ էլ ավելի բարձր պատկեր, քան այն կա իրականում։ Լավ, կպատկերեմ այնպես, ինչպես որ այն կա այս պահին, - մտածեցի ես՝ նահանջելով արդեն ինչ-որ ավելի վեհ բան պատկերելու մտքից և վրձնով սկսեցի ներկը տրորել ներկապնակի վրա։ Նայեցի կտավի սպիտակությանը, մտքով պատկերը տեղափոխեցի կտավի վրա, ապա մի քայլ հետ գնացի, վստահ ցանկացա ուրվագծել տեսածս կտավի վրա, բայց նորից կասկածամտությունը ինձ հետ պահեց։ Լավ, ինչպե՞ս այն պատկերեմ. ինչպես այն կա՞, թե՞ այնպես, ինչպես այն կարող էր լինել, եթե հանգամանքները բարենպաստ լինեին, թե՞ ինչպես ես եմ ուզում, որ այն լիներ…։ Նորից ընկա խառնաշփոթի մեջ։ Վերջապես, այս կասկածանքներն իմ մեջ խզեցին երևակայական աշխարհի և իրական աշխարհի միջև եղած կապը։ Ֆիզիկական և հոգեկան մի այնպիսի վիճակի հասա, որ այդ վիճակից ազատվելու համար, որպես քավության նոխազի, վերցրեցի էտյուդնիկն իր պարունակության և կտավի հետ միասին, ու ինչքան որ ուժ ունեի, շպրտեցի դեպի ձորը։ Ներսումս ալեկոծություն էր և խռովք, հայացքս դեպի ձորի այն ափին, ժայռի պռնկին թառած ծառը, հևում էի, երբ թիկունքիցս ծափահարություն լսեցի։ Շրջվեցի, թիկունքիս ծափահարողը, որ դեռ իմ շրջվելուց հետո էլ շարունակում էր ծափահարել, հագին եղած հագուստի բոլոր կոճակները արձակ, մի շարֆ վզին անփույթ փաթաթած, մուգ աչքերով, լայն ճակատով, փոքր-ինչ գեր մի տղամարդ էր։ Նկատեցի, որ հեռվում էլի մարդիկ կային, որ երևի ծափահարողի հետ կապ ունեին և ինչ-որ մեքենայի մոտ էին կանգնած։ Մարդու մոտենալը ես չէի նկատել կամ զգացել։ Ամեն ինչ անսպասելի էր, և ինձ համար դժվար էր կողմնորոշվել՝ ինչը կարող էր լինել իմ անելիքը կամ ասելիքը այս ծափահարությանը։ Արագ քայլերով գնացի դեպի մայրուղի։
Տունդարձի ճանապարհին, ավտոբուսի մեջ, իմ մեջ ափսոսանքի ոչ մի զգացողություն չկար կատարվածի համար, ընդհակառակը, հոգեկան այդ ապրումները կարծես հրապուրիչ ու գայթակղիչ էին մինչև անգամ, չնայած պարտվածի կարգավիճակում էի ինձ զգում։
Գնալով, իմ աշխարհայացքի մեջ բուռն փոփոխություններ էին տեղի ունենում՝ ամեն մի նորն ընկալելուն, յուրովի տեսնելուն ու զգալուն զուգընթաց։ Կյանքը ավելի հետաքրքիր էր դարձել՝ իր նկատմամբ ունեցած իմ նոր ընկալումների արդյունքում։ Այդպես անցնում էր ժամանակը։
Մայրաքաղաքի մտավորականության կամ իրեն մտավորական համարող մի ստվար մասի մոտ մթնոլորտը հագեցած էր «Նռան գույնը» ֆիլմը տեսնելու, ֆիլմի գեղարվեստական արժանիքները գնահատելու կամ ավելի ճիշտ՝ գնահատման մեջ իրենց կարծիքի մասնիկը ունենալու մարմանջով։ Համենայնդեպս ինձ այդպես էր թվում։ Ես էլ նայեցի ֆիլմը։ Պետք է ասեմ, որ առաջին հերթին շատ տպավորված էի շարժանկարի ընկալման հանդեպ ռեժիսորի նոր, յուրահատուկ մոտեցմամբ։ Մինչ այդ, կինոն իմ պատկերացման մեջ մտքի արտահայտման միջոց էր, դա իր դինամիկ շարժվող կադրերի և մարդու ուշադրության, մարդու ներսի շարժումը երևակայության ուժի միջոցով հասանելի դարձնելու ասելիքն էր։ «Նռան գույնը» ֆիլմը դիտելուց հետո ամենից առավել զարմացած ու ապշած էի ռեժիսորի՝ կինոարվեստի ասելիքի ձևի և բովանդակության հանդեպ նոր, յուրօրինակ մոտեցման, նոր արտահայտամիջոցի իրողությունից։ Ահա թե ինչպես էր արվեստագետն իր տաղանդի ուժի շնորհիվ կարողացել «հիերոգլիֆիկ» պատկերների միջոցով ամբողջական մտքերը դնել շարժման մեջ։ Ռեժիսորի տաղանդը համեմատեցի Հոմերոսի պոետական տաղանդի հետ։ «Այ դա սուկին սին, այ դա Փարաջանով», ինչպես կասեր Պուշկինը, - մտածեցի ես։
Շատ ժամանակ չէր անցել «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություններից հետո, երբ մի օր էլ ընկերներիցս մեկը առաջարկեց միասին գնալ դիտելու Ռուբեն Գևորգյանցի՝ Սերգեյ Փարաջանովի մասին նկարահանած փաստավավերագրական ֆիլմը։ Ինձ դա անչափ հետաքրքրեց, քանի որ երբեք Փարաջանովի նկարն անգամ տեսած չկայի և ինձ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպիսի մարդ է այդ «Նռան գույնը» նկարող ռեժիսորը։ Գնացինք։ Ֆիլմի կադրերի մեջ հենց երևաց մարդը, որի մասին նկարահանվել էր այդ ֆիմը, ես անմիջապես ճանաչեցի այդ մարդուն՝ Փարաջանովին, Աշտարակի ձորի պռնկին իմ պարտության ականատեսին։ Ահա թե ո՞վ էր եղել իմ թիկունքին կանգնած մարդը, - մտածեցի ես, - որն ականատեսն ու վկան լինելով իմ ամենաառաջին լուրջ պարտությանը՝ ծափահարում էր։ Ուրեմն ես այն օրը պարտությամբ ու ծափահարություններով մուտք էի գործել արվեստի աշխարհ։
հ.գ. Հիշողությունս գրի առա, Գարրի Կունցևի՝ «Կար - չկար՝ մի Փարաջանով» վիպակը կարդալուց հետո։
Թեմիկ Խալափյան