Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳ նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ազդարարել է միջպետական համաձայնագրի շրջանակում Չինաստանի ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթի հաղթողների անունները:
Միջոցառմանը մասնակցել են բոլոր երեք` բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները: Աշոտյանը նշել է, որ այս տարի ՉԺՀ-ի բուհերում ուսումնառություն ստանալու իրավունք է ստացել 11 դիմորդ: Նախարարն ընդգծել է, որ այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որը, ըստ Աշոտյանի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին:
Աշոտյանը շեշտել է, որ այս տարվանից միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է տրվելու բուհերի վարկանիշավորման համաշխարհային ճանաչում ունեցող կայքերի ըստ լավագույն ուսումնական հաստատությունների սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին:
«Դուք սովորելու եք ՀՀ անունից, դուք մեր «դեսպաններ» ենք արտերկրում և որպես միջազգային կրթաթոշակակիրներ` դուք պարտավոր եք պատվով ներկայացնել մեր երկիրը. ձեր ցուցաբերած բարձր առաջադիմության և վարքագծի շնորհիվ է նաև, որ արտերկրում պատկերացում են կազմում Հայաստանի մասին: Հավաստիացնում եմ ձեզ, որ հայրենիք վերադառնալուց հետո դուք կգտնեք համապատասխան աշխատանք, որովհետև որակյալ մասնագետը, այն էլ չինարենի իմացությամբ, միշտ էլ պահանջված է լինում»,-դիմելով մրցույթը հաղթահարած դիմորդներին` նշել է Աշոտյանը:
Նշենք, որ միջպետական համագործակցության շրջանակում այսօր Չինաստանի բուհերում է սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ: