Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթն ունկնդրելով` նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը միայն ափսոսանք է զգացել: «Դե, մեծ մարդ է, էլի, ի՞նչ ասեմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի ելույթի այն հատվածին, որն, ըստ էության, հենց իրեն էր նաեւ հասցեագրված, Արզումանյանը նշեց. «Ասում եմ` մեծ մարդ է, էլի, ի՞նչ ասեմ: Ափսոսում եմ մեր քաղաքական մշակույթի, քաղաքական անցուդարձի համար: Ընդհանրապես, այդ միտինգից հետո ափսոսանք եմ ապրում, ես երբեք չեմ հիասթափվում, պարզապես խոր ափսոսանք եմ ապրում»
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն ասածին, թե մինչև ապրիլի 24-ն այլևս հանրահավաքներ չեն լինելու, ասաց. «Դա իրենց որոշելիքն է, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում` անի հանրահավաք, թե՝ չանի: Եթե կարողանային անել, կանեին, հավանաբար: Գուցե կարողանում են, բայց չեն ուզում անել»:
Հարցին, թե, իր կարծիքով, ՀԱԿ-ը մենա՞կ է մնացել ընդդիմության դաշտում, Արզումանյանը պատասխանեց. «Գերմանական ֆիլմ կար, «Նա գնաց մեն-մենակ», այո', հավանաբար: Եթե ասում է` պատճառ չունեմ` չհավատալու: Բայց փոքրիկ ճշտում` ՀԱԿ-ը որ մենակ է, դա պարզ է, բայց թե ո՞ր դաշտում է մենակ, դա հարց է: Օրինակ` ես ընդդիմության դաշտում եմ ինձ տեսնում, բայց չեմ կարծում, որ մենակ եմ այնտեղ: Էդ դաշտում ես ուրիշ մենավորների չեմ տեսել: Չգիտեմ՝ որ դաշտում են նրանք մենակ: Իրենք հավանաբար գիտեն, թե դա որ դաշտն է»:
Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը` Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը և, շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը։ Կարծում եմ` հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև, որովհետև հետագայում այլևս երբեք նման առիթ չեն ունենա, և Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»։