կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-19 13:50
Հասարակություն

Մենք քեզ երբեք չենք մոռանա, շուտ վերադարձիր…

Մենք քեզ երբեք չենք մոռանա, շուտ վերադարձիր…

«Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում»

 

«Թշնամու գնդակն ինձ երբեք չի դիպչի»

 

«Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»:

 

* * *

 

Կարոտ

 

Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը (Ջամբազի արծիվ) ծնվել է 1964 թվականի փետրվարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձվելով՝ հասակ առավ Պռոշյան գյուղում: Նա առաջիններից էր, ով համալրեց Հայաստան վերադարձած Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը:

 

Կարոտն Արցախյան շարժման հենց սկզբից նվիրվել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախի գոյապայքարին: 1989 թվականից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը:

 

1990 թվականին նրա խումբը մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը: Կարոտը, բացի զինամթերքի հայթայթումից, իր մարտական ընկերների՝ Պետոյի և Հրաչ Մուրադյանի հետ շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար տեղի ուժերից ստեղծում է նոր մարտական խմբեր: 1991 թվականի ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի` ԹաթուլԿրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին:

 

Սիմոն Աչիկգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը համալրելու համար Կարոտի խումբը տեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր:

 

1991 թ. Կարոտը նշանակվեց Ստեփանակերտի` Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար:

Պռոշյանի ջոկատը, Կարոտի և Պետոյի հրամանատարությամբ, մեկնում է Շահումյան ու տեղի ինքնապաշտպանական խմբերի համագործակցությամբ ստանձնում Բուզլուխի պաշտպանությունը:

Կարոտն այդ օրերին հավատով կրկնում էր. «Մինչև Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնա»:

Հունիսի 13-ին ադրբեջանցիների և Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայված ռուսական հատուկ նշանակության դիվիզիաներից մեկի գերազանցող ուժերի դեմ մղված անհավասար և հերոսական մարտը վերջինը եղավ Կարոտի համար: Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդեն թշնամու հարյուրավոր զինվորներ են, Կարոտը կատարեց մի զարմանահրաշ քայլ` վճռելով բարձրանալ իրենց նախկին դիրքերը: Նրա կատարած այդ քայլը հավասարազոր էր ինքնակամ նահատակության: Կարոտի անհետանալը Շահումյանում ցույց տվեց նրա` թշնամու դեմ կանգնելու ու պայքարելու վճռականությունը և պայքարելու անկոտրում կամքը:

Ծնունդդ շնորհավոր, Կարո’տ

Երգում ասվում է. «Ամբողջ սրտով մաղթում եմ քեզ անվնաս, սուրը ձեռքիդ՝ հայրենի օջախ դառնաս»: