կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-17 15:52
Իրավական

Պատգամավորի սկանդալային հյուրանոցը

Պատգամավորի սկանդալային հյուրանոցը

Արդեն հայտնել ենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրից ոստիկանները բաժին են հրավիրել մի քանի մարմնավաճառների: Մեզ հետ զրույցում պատգամավորը հայտնել էր, որ իրենց հյուրանոցը սովորական հյուրանոց է, որտեղ ամեն մարդ էլ կարող է մնալ: «Մեր հյուրանոցի ղեկավարությունն իրեն չի կարող թույլ տալ ստուգել, թե հյուրանոցի հաճախորդներն ում հետ են այցելում հյուրանոց: Հաճախորդի հետ կարող է լինել նրա հարազատ կինը, կարող է եւ մարմնավաճառ լինել»,- ասել էր նա:


Նշենք, որ խոսքը «Մագնում» հյուրանոցային համալիրի մասին է, որի վրա գրված է մոթել:


Yerkir.am-ի տեղեկություններով` այս հյուրանոցի հետ է կապված մեկ այլ` այս անգամ սկանդալային քրեական պատմություն, որը տեղի է ունեցել ուղիղ մեկ տարի առաջ: Խոսքը քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մասին է: Այս գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանը, համաձայն մեղադրական եզրակացության, իր ընկեր Մովսես Ներսիսյանին (Մոսո) պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը և հետո, իր հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, Մովսես Ներսիսյանին հրավիրել է «Դավթաշեն թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկը», որտեղ անձամբ սպանել է Ներսիսյանին, հետո դիակը տարել և նետել Քանաքեռավանի տարածքով անցնող գյուղի դիտահորը:


Նշենք, որ ամիսներ տևած լայնամասշտաբ որոնողա-փրկարարական աշխատանքներից հետո այդպես էլ Մոսոյի դին չհայտնաբերվեց, ինչը հանրության, ինչպես նաև գործով նախկին պաշտպանների մոտ կասկած հարուցեց, որ իրականում Մոսոն ողջ է: Նշենք նաև, որ նշված հյուրանոցային համալիրը հենց «Մագնում»-ն է եղել, որի առանձնասենյակում և դրան կից ավտոտնակում կատարված զննության արդյունքում հայտնաբերվել էին արյան հետքեր:


Հիշեցնենք, որ այս գործով սկզբում անցնում էր երկու մեղադրյալ` Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը, սակայն հետո վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստագրությամբ, և նրա մասով գործի վարույթն անջատվեց: Ի դեպ, բուն` Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով (այս գործով մեղադրյալն Իսրայել Սարգսյանն է) առաջին դատական նիստը տեղի ունեցավ երեկ:


Նիստի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Մագնում» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանությանը` ոստիկանության տեսանյութում: