կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-17 15:54
Առանց Կատեգորիա

Սերժ Սարգսյանը հեղաշրջո՞ւմ կանխեց

Սերժ Սարգսյանը հեղաշրջո՞ւմ կանխեց

ՀՀԿ քաղխորհրդի վերջին նիստում կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը Գագիկ Ծառուկյանին քաղաքականապես ոչնչացնելու` նախագահի գաղափարը պաշտպանեց մի արտառոց հիմնավորմամբ, որն այդ պահին առանձնակի ուշադրության չարժանացավ:

 

«Շանտաժ» որակելով Ծառուկյանի ելույթում արտահայտված այն միտքը, թե իշխանության ցանկացած անզգույշ հայտարարություն, քայլ կարող է փողոց հանել հարյուրհազարավոր մարդկանց, նա ասաց. «Ստեղծված իրավիճակում մենք ունենք ընդամենը մեկ ընտրություն. կա'մ գնում ենք այդ շանտաժին, կա'մ հավատարիմ ենք մնում մեր կոչմանը և պայքարում ենք մեր պետության ազգային անվտանգության համար»: Մինասյանը, սակայն, այդպես էլ չբացատրեց, թե ինչու է հավաքներ անցկացնելու` քաղաքացիների իրավունքի իրացումը, որը ենթակա է պետական պաշտպանության, ուղղված ազգային անվտանգության դեմ: 

 

Հաջորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որտեղ զարգացրեց Մինասյանի այդ գաղափարը. «Վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու և դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը: ... Կարծում եմ, որ այսօր ժամանակն է նման գործողությունները և դրանց հետ առնչվող երևույթները քննարկել նաև ազգային անվտանգության տեսանկյունից»: Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն ազգային անվտանգությանն սպառնացող վտանգի ներքո նկատի ունի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջին գործողությունները:

 

Դրան հաջորդող աշխատանքային առաջին իսկ օրը աշխատանքից ազատվեցին Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող տարածքների անվտանգությունն ապահովող պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակիցներ, ինչը մատուցվեց որպես Ծառուկյանի թիկնազորի զինաթափման օպերացիա: Ապա բերման ենթարկվեց կուսակցության Նոր Նորքի գրասենյակի ղեկավարը, խուզարկություններ կատարվեցին ԲՀԿ-ականնների բնակարաններում և օբյեկտներում:

 

Կայծակնային արագությամբ իրականացվող այս գործողությունները ոչ միայն ցույց են տալիս, թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում ազգային անվտանգությանն սպառնացող վտանգը, թեեւ պետական որևէ մարմին այդպես էլ չհիմնավորեց, թե կոնկրետ ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը, որքանո՞վ են այդ սպառնալիքները ստեղծողները խախտել օրենսդրությունը, ո՞ր օրենքներն են խախտվել` առհասարակ:

 

Իրավիճակի վրա լույս սփռեց կատարվող պրոցեսների մասին Ռոբերտ Քոչարյանի գնահատականների հնչեցումը: Գործող նախագահին քննադատելով Ծառուկյանի դեմ սկսած արշավով երկիրն ապակայունացնելու մեջ՝ Քոչարյանը փաստացի նրան զգուշացնում է ԲՀԿ-ի և ընդդիմության կողմից անկանխատեսելի հետևանքներով հղի մասսայական փողոցային գործողությունների հեռանկարի մասին և առաջարկում չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության, մնալ բանավոր մենամարտի սահմաններում և վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն, քանի որ, ըստ նրա, «ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում»:

 

Քոչարյանը, փաստորեն, Սերժ Սարգսյանին մեղադրեց հակասահմանադրական գործողությունների մեջ՝ ակնարկելով, որ դա վարչահրամայական լծակների գործադրմամբ իշխանության բռնի վերարտադրման ապահովման փորձ է: Այս իմաստով մասսայական գործողություններ սկսելու մասին նրա խոսքը ոչ թե նախազգուշացման, այլ սպառնալիքի տպավորություն էր թողնում:

 

Իշխանությունը հենց այդպես էլ գնահատեց Քոչարյանի «միջամտությունը» և դրան պատասխանեց ոստիկանության կողմից ԲՀԿ-ականներին պատկանող օբյեկտների, կուսակցական գրասենյակների ստուգումներով: Եթե մինչ այդ պահը խնդիրը Սարգսյան-Ծառուկյան հարթությունում էր, ապա Քոչարյանի գնահատականներից հետո այն գտնվում է Սարգսյան-Քոչարյան մակարդակում:

 

Այդ մասին թափանցիկ ակնարկեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` ըստ էության վերջապես բացահայտելով, թե ինչ նկատի ունեին Սերժ Սարգսյանը և Գագիկ Մինասյանը Ծառուկյանի գործողություններն «ազգային անվտանգության սպառնալիք» որակելիս: Պատասխանելով երկրորդ նախագահին՝ Բաղդասարյանը aravot.am-ի hետ զրույցում նշում է. «Ինձ թվում է, իրենք մինչեւ այս իրավիճակը պետք է ...այդ մարդուն այս իրավիճակին չհասցնեին, որը որեւէ նպատակ չի ունեցել խորը քաղաքականության մեջ մտնելու, խորը ընդդիմություն դառնալու: Աստիճանաբար կոալիցիայից դարձրեցին այլընտրանք, այլընտրանքից` ընդդիմություն: Հիմա ի՞նչ են առաջարկում. խաղաղության կոչեր են անում, ասում են` դուք բան մի արեք, թող Գագիկը գնա, ինչ ուզում է անի՞, գնա անհանդուրժողականության ու անհնազանդության կոչեր հայտարարի, պետական հեղաշրջման, հեղափոխության փորձ կատարելով` միտինգնե՞ր անի»: Ապա նշելով, որ Ծառուկյանը որոշումներն ինքնուրույն չի կայացնում, հավելում է. «Ստացվում է, որ այդ մարդը մենակ ի վիճակի չէ երկխոսություն կամ բանակցություններ վարել, նրա խորհրդականներն էլ ի հայտ չեն գալիս, որպեսզի նրա հետ գան, բանակցեն»:

 

Ծառուկյանի ի հայտ չեկող միակ «խորհրդատուն» կարող է լինել բացառապես Ռոբերտ Քոչարյանը, որը, փաստորեն, մեղադրվում է Ծառուկյանին իր պլաններում օգտագործելու մեջ: Այսպիսով`  ՀՀԿ խմբակցության ղեկավարը հենց Ծառուկյանի այս խորհրդատուին է մեղադրում հեղափոխության կամ հեղաշրջման փորձ կատարելու մեջ, ինչը ՀՀԿ-ն մատուցում է որպես ազգային անվտանգության դեմ ուղղված քայլ:

 

Որ Ծառուկյանի այդ գործողությունների ներքո Սերժ Սարգսյանը Քոչարյանի կողմից իր դեմ ուղղված դավադրություն կարող էր տեսնել, վկայում է նաև այն հանգամանքը, որ անգամ Ծառուկյանի համար այս բախտորոշ պահին Քոչարյանը ոչինչ չի ասում իշխանության վերադառնալու` իր մտադրությունների մասին՝ հասկանալով հանդերձ, որ այդ մտադրություններից հրաժավելու մասին նույնիսկ չնչին ակնարկը կարող է էականորեն լիցքաթափել վիճակը, մեծացնել Ծառուկյանի նկատմամբ ՀԱԿ-ի և «Ժառանգության» վստահության մակարդակը:

 

Այս տեսանկյունից հասկանալի է դառնում, թե ինչու Սերժ Սարգսյանը Ծառուկյանի նկատմամբ իր մարտավարությունն այսքան կտրուկ փոխեց հատկապես վերջինիս՝ Մոսկվայից վերադառնալուց հետո, որտեղ, ի դեպ, այդ ընթացքում գտնվում էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ի գիտություն ընդունելով ՌԴ իշխանությունների կողմից Ծառուկյանին ոչ այնքան բարձր մակարդակով ընդունելու հանգամանքը՝ Սերժ Սարգսյանը կարող էր որոշել չհապաղել թիկունքում իր դեմ նյութվող հնարավոր «դավադրությունը» չեզոքացնելու հարցում և Քոչարյանին զրկել հեղաշրջում, իսկ դրա անհնարինության պարագայում՝ հեղափոխություն իրականացնելու հիմնական գործիքից՝ Գագիկ Ծառուկյանից:

 

Այդ հանգամանքով է բացատրվում նաև, թե ինչու նա որոշեց չսպասել գոնե մինչև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտը: Ոչ ոք չէր սպասում որ Սերժ Սարգսյանն այդ ընթացքում ներքաղաքական դաշտում որևէ ռիսկային քայլի կդիմի: Օգտվելով դրանից՝ նա անակնկալի բերեց նման կտրուկ շրջադարձին բացարձակապես անպատրաստ Ծառուկյանին և Քոչարյանին:

 

Գևորգ Դարբինյան