կարևոր
8119 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 12:48
Քաղաքական

Ալեն Սիմոնյանը կարող է դիմել ԼՏՊ-ին ու հարցնել` ինչպե՞ս 92 և 93 թթ․ ռուսը կանխեց ՀՀ֊ի դեմ Թուրքիայի պատերազմը․ փորձագետ

Ալեն Սիմոնյանը կարող է դիմել ԼՏՊ-ին ու հարցնել` ինչպե՞ս 92 և 93 թթ․ ռուսը կանխեց ՀՀ֊ի դեմ Թուրքիայի պատերազմը․ փորձագետ

«Ալեն Սիմոնյանը կարող է դիմել իր շեֆին՝ Փաշինյան Նիկոլին և ասել՝ երբ դու ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմն ես եղել, լսել եմ, որ, օրինակ, 1993 թվականի հոկտեմբերին Թուրքիան իր 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսը մոտեցրել է Հայաստանի սահմանին և, ռազմական առումով, ներխուժելու փորձ է արել, ճի՞շտ է արդյոք, որ հայկական կողմը դրա մասին իրազեկված էր և ՀՀ ամբողջ ԶՈՒ-երում տրվել է թիվ 1 մարտական պատրաստություն։ Դա պատեերազմի նախաշեմն էր և ո՞ւմ շնորհիվ թուրքական կողմը հետ կանգնեց Հայաստան ներխուժելու ծրագրից, իհարկե՝ ռուսական կողմի»,-այս մասին Yerkir.am-ին տված հարցազրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ փաստելով, որ Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմելու փորձեր արել է՝ երկու անգամ 1992 թվականին, փետրվար և հուլիս ամեսներին, և մեկ անգամ՝ 1993 թվականին։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել էր․ «Եթե Թուրքիան հարձակվի, չեմ կարծում, որ ռուս սահմանապահները մեզ պաշտպանեն»։

«Արդյո՞ք Փաշինյան Նիկոլը Պավել Գրաչով անուն-ազգանունը լսել է, որը ՌԴ Պաշտպանության նախարարն էր, արդյո՞ք լսել է, որ Պավել Գրաչովը հրատապ կարգով մեկնել էր Թուրքիա , Ստամբուլում տվել էր ասուլիս և առանց որևէ մեկի հարցին պատասխանելու, շատ խիստ էր խոսել և վերադարձել էր Մոսկվա։ Փաշինյան Նիկոլը թող հարցնի Լևոն Տեր-Պետրոսայնին, 1992 թվականին, երբ Թուրքիան երկու անգամ պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա, ինչո՞ւ չհարձակվեց և ինչպե՞ս կանխվեց»,-ասաց ռազմական փորձագետը։
 Հայկ Նահապետյանը, մեր հարցին ի պատասխան,  անդրադարձավ նաև «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ դաշնային անվտանգության սահմանապահ զորքերը դուրս բերելու՝ ՀՀ իշխանության պահանջին։

«Այդ պայմանավորվածությունը եղել է միջգերատեսաչական, ոչ թե՝ միջկառավարական, օրինակ, եթե Հայաստանի և Իրանի, Հայաստանի և Թուրքիայի միջև Խորհրդային միության սահմաններով գծված տարածքներում կանգնած են ՌԴ սահմանապահ զորքերը, որոնք ենթարկվում են անվտանգային դաշնային ծառայությանը, ապա դա ելել է 1992 թվի սեպտեմբերի 30-ին կնքված միջգերատեսչական պայմանագրով։ Հիմա այդ պայմանավորվածությունը հանում են՝ հիմնավորելով, որ մենք մասնագետներ ունենք։

Իհարկե, ինչպես իրենց բոլոր տխմար հիմնավորումները ցանկացած դրվագի հետ կապված, սա ևս այդ շարքից է, այդտեղ մասնագիտական պատրաստվածության խնդիր չկա, հայ մասնագետները միշտ էլ եղել են, բայց ռուսական կողմի ներկայության իմաստն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրին սահմանակից պետություն է, սահմանային ստուգումները կրկնակի ուժեղացված են լինում։ Օրինակ, ցանկացած անձ, որն օդային տարածքով Հայաստան մուտք  է գործում կամ դուրս է գալիս, ոչ միայն անձնագրային տվյալներն են ֆիքսվում, այլև՝ նկարվում են, և այդ տվյալների բազայից, բնականավբար օգտվում է ռուսական կողմը։  Հայաստանը նաև ԵԱՏՄ  անդամ է, Հայաստանից Ռուսաստան անցումները շատ ավելի դյուրին են, ստուգումները շատ ավելի մեղմ, քան՝ ոչ ԵԱՏՄ անդամ երկրների պարագայում, սա՝ փաստ է։

 Հաշվի առնելով, որ ՌԴ-ն հիմա գտնվում է հավաքական Արևմուտքի և, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ պատերազմում  Ուկրաինայի տարածքում, ապա կարծում եմ, որ ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանից հեռացնելը լրջագույն վտանգներ է պարունակում»,-ասաց Հայկ Նահապետյանը։ Ասվածը հիմնավորելով օրինակով, մեր զրուցակիցն ասաց․ «Օրինակ՝ Սիրիայից կամ Իրաքից իսլամ-արամատականը, ասենք՝ Մուհամեդ Ֆիդան անուն-ազգանունով մեկը, իր անձնագրով կարողանում է գալ Հայաստան։ Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների անբարյացակամ վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, այդ անձը կարող է որոշ ժամանակ հետո ՀՀ-ից, հայի անուն-ազգանունով, կամ՝ մեկ այլ ազգության, տեղափոխվի ՌԴ, և ստացվի այնպես, որ մեր դաշնակցին օգնելու փոխարեն լրիվ հակառակն ենք անում»,-ասաց ռազմական փորձագետը։

Հերմինե Զեյնալյան