Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Մարտի 1-ին կվերսկսվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ առաջնությունը: Ինչպես 2014/15 մրցաշրջանի մեկնարկից առաջ, առաջնության գարնանային հատվածից առաջ նույնպես մտավախություն կա, որ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի քանակը կարող է կրճատվել: Այս ամենն արդեն, կարծես, դառնում է տխուր ավանդույթ` գրեթե յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ որևէ ակումբ ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնում, սեփականատերերը չեն կարողանում նույնիսկ իրենց թիմին պահել առաջին խմբում, ինչի արդյունքում թիմը լուծարվում է:
Վառ օրինակ է «Կիլիկիա»-ն, որի համար մրցաշրջան 2010-ը եղավ վերջինը, նաև` «Իմպուլս»-ը, որը մասնակցեց միայն 2011 և 2011/12 մրցաշրջաններին:
Եթե ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ վերջին պահին նոր սեփականատերեր հայտնվեցին և փրկեցին «Ուլիս»-ը, ապա այս անգամ վիճակն ավելի լուրջ է, քանի որ վտանգի տակ է մի ամբողջ մարզի ֆուտբոլային ճակատագիրը: Հայտնի է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այլևս հրաժարվում է ֆինանսավորել կապանյան ակումբը: Թիմը նույնիսկ դեռ չի սկսել մարզումները, այնինչ` առաջնության մասնակից մյուս 7 թիմերն այս ընթացքում ուսումնամարզական հավաք են անցկացնում արտերկրում, իսկ առաջնության գարնանային հատվածի մեկնարկին մնացել են հաշված օրեր, և դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում Կապանի ֆուտբոլային կյանքին:
Որքան էլ փորձենք մեղադրել ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանին կամ մեկ ուրիշի, այնուամենայնիվ, խնդրի արմատներն ավելի խորն են: Մեղավորներին պետք է փնտրել այլ տեղ:
Այն, որ Հայաստանի առաջնությունը գրեթե սիրողական մակարդակի է, վկայում են նաև 2014/15 մրցաշրջանում հայկական թիմերի ելույթները եվրագավաթներում:
Հարկ է նշել, որ անկախությունից հետո Բարձրագույն խմբում հանդես եկող թիմերի քանակական աճ չի նկատվել: Բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների քանակն ամենաշատը եղել է 1992 թվականին` 24 թիմ: 1993-ին ակումբների թիվը դարձել է 16, 1994-ին`15, 1995-1997-ին` 12, 1998 և 1999-ին և 2005-ին` 9, 2001-ին` 13, 2002-ին` 12: 2006 թվականից մասնակից ակումբների թիվն 8 է:
Չունենալով մարզային ակումբներ` ավելորդ է խոսել երկրում ֆուտբոլի զարգացման մասին: Յուրաքանչյուր մարզ պետք է ունենա առնվազն 1 թիմ, թեկուզ այդ թիմը հանդես գա առաջին խմբում: Մարզերում բնակվող երեխաներին պետք է հնարավարություն տալ դրսևորելու իրենց: Այս կերպ ի հայտ կգան տաղանդներ, ովքեր կարող են համալրել նաև ազգային հավաքականի շարքերը: Սակայն երկրի ներկայիս սոցիալական պայմաններում այս ամենն առանց պետական աջակցության անհնար է:
Խոսելով հայկական ակումբային ֆուտբոլի հնարավոր կործանման մասին` չենք կարող չանդրադառնալ նաև ազգային հավաքականին: Ինչքան էլ մեր թիմում ունենանք աստղային Հենրիխ Մխիթարյան, տաղանդավոր Արազ Օզբիլիս, ռմբարկուական հատկանիշներով օժտված Յուրա Մովսիսյան կամ փորձառու Բերեզվոսկի, այնուամենայնիվ, նման առաջնություն ունենալով, չենք կարող հեռու գնալ: Քանի դեռ ներքին առաջնությունը հաստատուն հողի վրա չէ, չի կարելի հավաքականից հրաշքներ ակնկալել: Ուժեղ հավաքական ունենալու համար նախ անհրաժեշտ է ունենալ երկրի պրոֆեսիոնալ առաջնություն: Հենց դա է ուժեղ հավաքականի հիմքը:
Երվանդ Հակոբյան
Հ. Գ. Որպես նյութի լրացում` նշենք, որ առաջնության գարնանային հատվածից առաջ Բարձրագույն խմբի մասնակից 7 թիմերը շարունակում են ուսումնամարզական հավաք անցկացնել արտերկրում: Հատկապես կարելի է առանձնացնել «Ուլիս»-ին, որն աչքի է ընկնում սելեկցիոն ակտիվ աշխատանքով և այս ընթացքում անցկացրել է բազմաթիվ ստուգողական հանդիպումներ: Բարձրագույն խմբի առաջատարն արդեն հանդիպումներ է անցկացրել այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Մոսկվայի «Սպարտակ»-ը, «Լոկոմոտիվ»-ը և այլն: Ճիշտ է, թիմին դեռևս չի հաջողվել հաղթանակ տոնել, սակայն առաջնության 2-րդ կեսի մեկնարկից առաջ սա մեծ փորձ է ֆուտբոլիստների համար:
Անթալիայում այժմ ուսումանամարզական հավաք են անցկացնում նաև «Փյունիկ»-ը, «Բանանց»-ը, «Շիրակ»-ն ու «Ալաշկերտ»-ը: «Միկա»-ն գտնվում է Կիպրոսում, իսկ «Արարատ»-ը` Սոչիում: Հարկ է նշել, որ գրեթե ամբողջությամբ փոխվել է «Արարատ»-ի կազմը, իսկ թե ինչի՞ են ընդունակ նոր ֆուտբոլիստները, ցույց կտան առաջնության առաջիկա հանդիպումները:
Այնուամենայնիվ, որքան էլ պրոֆեսիոնալ մակարդակի ֆուտբոլիստներ հանդես գան Հայաստանի առաջնությունում, 7 մասնակից թիմեր ունեցող առաջնությունը, ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության, համարվում է ոչ պրոֆեսիոնալ առաջնություն: