Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն արդեն ծանոթացել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթին, որը պատասխանն էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` երեկվա ելույթին:
Նա համոզված է, որ այդ ելույթը Գագիկ Ծառուկյանը չի գրել, որովհետև նա չի կարող նման տեքստ գրել:
«Այդ տեքստում կար զրպարտանք` ՀՀ նախագահին ուղղված, երբ ասում է, թե իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը` սահմանադրական փոփոխությունների համաձայնության և իշխանության վերարտադրման համաձայնության դիմաց: Ուրեմն մեր կուսակցությունում համապատասխան մարդ չկա՞ր` իր ապրած կյանքով ու վաստակով, որ նախագահի պաշտոն առաջարկվեր, ինքը պիտի գար, նախագահ լինե՞ր: Դա զրպարտանք է, որովհետև Հայաստանի նախագահն իր կուսակիցներին երբեք չի փոխարինի որևէ մեկ ուրիշով: Մնացածը, թե` երկիրը էս էղավ, էն էղավ, ի՞նչ կապ ունի: Գրել, տվել են ձեռը, ինքն էլ կարդացել ա»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Դիտարկմանն ի պատասխան, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի իշխանությունը համարում է չարիքի իշխանություն, որից անհապաղ պետք է ազատվել, նա կարծիք հայտնեց, որ իշխանափոխության կոչերը կարող են ցանկացած նախագահի պարագայում արդիական լինել` թե' Լևոն Տեր-Պետրոսյանի, թե' Ռոբերտ Քոչարյանի նախագահության հետ կապված, թե' Պուտինի, թե' Օբամայի հետ կապված:
«Երկրի իրավիճակը դա ա: Եթե Գագիկ Ծառուկյանին թվում ա, թե ինքն էնքան խելացի ա, որ կարող է երկիր ղեկավարել, չարաչար սխալվում ա, և մի տարի էլ կարդա, չի հասկանա, թե ինչ ա ասել: Լենինն էլ ա հեղափոխություն արել, բայց Լենինի ժամանակները չի, ժողովուրդը շատ լավ հասկանում ա, թե ինչի կռիվ ա էս ամեն ինչը, թե «Բարգավաճը» իրա թիմով ինչ ա ուզում»,- ասաց պատգամավորը:
Մեր հարցին` այսպիսով` ի՞նչ է ուզում «Բարգավաճը», Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Լրիվ իշխանություն, լրիվ թալան: Ոնց որ դառել են միլիարդատերեր, ուզում են միլիարդը դարձնել 10, 20...»:
Հարցին` իսկ ինչպե՞ս կմեկնաբանի Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանն է իրեն խնդրել չլքել Ազգային անվտանգության խորհրդի կազմը, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Ինչպես Սերժ Սարգսյանը մեզ թույլ չէր տալիս, որ իրեն Դոդի Գագո անվանեինք կամ բացահայտեինք իրա «առավելությունները», թեև կասկածում եմ, բայց հնարավոր համարում եմ, որ նման բան եղած լինի: Որ Սերժ Սարգսյանը նրան ասել է` մնա, որովհետև ինչպե՞ս կարելի է լքել Անվտանգության խորհուրդը, և նախագահը դա արել է` պետության շահից ելնելով»:
Պատգամավորը նաև հավելեց. «Ես չգիտեմ, ախր, թե Գագիկ Ծառուկյանն ինչի՞ պետք ա ընդգրկվեր Անվտանգության խորհրդի կազմում, ի՞նչ անվտանգությունից ելնելով է Ծառուկյան Գագիկը ԱԱԽ անդամ, ո՞ր արժանիքի: Մենք էլ, երկիր ու ընտանիք թողած, սկսենք հարստություն դիզել յուրաքանչյուր ճանապարհով, ոնց որ իրա՞նք»:
Գագիկ Ծառուկյանի այն համոզմանը, թե Սերժ Սարգսյանի նպատակն իրեն պատերազմ հայտարարելն էր, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Բայց ինքը ո՞վ դառավ, որ երկրի նախագահն իրեն պատերազմ հայտարարի: Դու ի՞նչ ես, ախր` մի հատ բոյով, քառակուսի տղա: Զարմանում եմ, որ մարդիկ կարող են իրենց դնել նենց մի կերպարի տեղ և դեռ իրանց դեմ էլ մարդկանց պայքարի հրավիրեն ու իրենց թանկացնեն: Չկա տենց բան, մարդու հարստությունը մարդու արժեքներն են, արժանապատվությունն ու անկեղծությունը, ոչ թե շատ փողը»: