Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Աշոտ Աղաբաբյանն ընդդեմ հարկային մարմինների» դատական երրորդ նիստը տեղափոխվել է հուլիս ամիս:
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում եւ տուգանքներ կիրառել, ինչը հարուցել է պատգամավորի դժգոհությունը, ով պնդում է, որ տուգանքներն անարդարացի են: Նա փորձում է դատական ճանապարհով վիճարկել ՀՀ ֆինանսների նախարարության որոշումը:
Yerkir.am-ի հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ «Հրազդան» տոնավաճառի աշխատանքներն առայժմ ընթանում են բնականոն հունով: «Մենք ուզում ենք գնալ սնանկացման, և երբևիցե չի լինի այնպես, որ տոնավաճառը փակվի, այլ հակառակը` առողջացման ծրագրի մեջ կընկնի, գործերը կլավանան: Հիմա տոնավաճառը պարտքեր ունի բանկերին` մոտ 3 միլիոն դոլարի չափ, այնպես որ` սնանկացման պրոցեսը չի խանգարի տոնավաճառի բնականոն գործունեությանը: Մենք խնդրեցինք հարկայինին, որ որոշ պրոցեսներ` տույժ-տուգանքների մասով, կասեցնեն, որովհետև մենք անցյալ տարվա շրջանառության արդյունքների վրա ենք հարկեր վճարում, դրանք հսկայական գումարներ են: Արդեն աշխատավարձ չենք կարողանում տալ, 3-4 ամիս է` հարկայինի գումարները կուտակվում են գլխներիս: Մի խոսքով` գնում ենք սնանկացման, որ էդ ամեն ինչը կանգնի, որ տեսնենք` ինչ կարող ենք անել»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` ծագել են բազմաթիվ դժվարություններ, որոնք փորձում է հաղթահարել, ընդ որում`այդ դժվարություններն արհեստականորեն են ծագել իր համար: «Չգիտեմ` ինչից ելնելով կամ ինչի հետևանքով էս դժվարությունները արհեստականորեն ստեղծեցին ինձ համար»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Հարցին, թե ծանո՞թ է այդ հարկային ու դատական քաշքշուկների վերաբերյալ ֆինանսների նախարարի ու փոխնախարարի արձագանքներին, ըստ որոնց` ամեն ինչ նորմալ է, հարկային տուգանքներն արդարացի են եղել և այլն, պատգամավորը պատասխանեց. «Պարզ ասեմ` սուտ են խոսում, որ ամեն ինչ նորմալ է: Նորմալը դատական պրոցեսում կերևա: Իրենք դիտավորյալ բաներ են անում, և եթե դա անձնական է, ուրեմն իրենք ընդհանրապես պետք է աշխատանքից հեռացվեն, որովհետև ստացվում է, որ պետական աշխատողը հարցեր է ուզում լուծել: Ո՞ր տոնավաճառի աշխատողներին են տանում քննչական մարմին, հարցաքննում, վախեցնում ու ասում` ինչի՞ չեք գնում` Ծառուկյանի տոնավաճառում աշխատեք: Էդքանից հետո էլ ո՞վ կգա էս տոնավաճառ` աշխատելու»:
Աղաբաբյանը հավելեց, որ 4 տարվա ընթացքում «Հրազդան» տոնավաճառն ունեցել է 6 միլիարդ դրամի շրջանառություն, որից 2 միլիարդ 140 միլիոն դրամը հարկ է վճարվել, իսկ հիմա այդ հիմնարկը ստիպված է գնալ սնանկացման: «Դա ո՞ւմ արածն էր, եթե ոչ` հարկայինի»,- ասաց պատգամավորը: