կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 23:43
Քաղաքական

Խոզերի առջև մարգարիտներ չեն փռում. Շարմազանով

Խոզերի առջև մարգարիտներ չեն փռում. Շարմազանով

ՀՀԿ խորհրդից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ ինքը ոչ թե պատասխանելու է հարցերին, այլ պատրաստել է ելույթ, և քանի որ այդ ելույթը համընկնում է բազմաթիվ հանրապետականների կարծիքի հետ, ուրեմն այն կարող է դիտարկվել որպես հանրապետականների կարծիքը ընդհանրացնող ելույթ:

 

«Իսկ ձեր բոլոր հարցերին` հաջորդ դասերին»,- Ծառուկյանի հանրահայտ խոսքը հիշեցնելով` ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

Ըստ նրա` քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները: «Անթույլատրելի է քաղաքականության մեջ եզրագծից դուրս գալը, կոռեկտության սահմանը անցնելը, քաղաքականությունը վերածել թայֆաբանության, շուկայի: Շատ վտանգավոր է, երբ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ, ովքեր կորցրել են չափի զգացողությունը: Հին հույներն ասում էին` մարդկային առաքինության թագն ու պսակը դա չափավորությունն է, և երբ մարդը կորցնում է չափավորությունը, հայտնվում է տվայտանքների մեջ: Հայտնի «հռետորը» ասում էր, որ գնդակը իշխանության դաշտում է, հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող վազելով հասնեն էդ գնդակին: Տգիտությունը, զոռբայությունը, բիլակներով հարցեր լուծելը, դեմագոգիան տեղ չունեն քաղաքականության մեջ: Սա պետություն է, հայրենիք է, որտեղ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ հարգանքի հիման վրա, և քաղաքականության մեջ չպետք է տեղ ունենան այն մարդիկ, ովքեր քաղաքականությունը շփոթում են բիզնեսի հետ»:

 

Ըստ ՀՀԿ խոսնակի` հանրապետականները բազմաթիվ անգամ հնչեցրել են քաղաքական գնահատականներ, սակայն դրանց դիմաց ստացել են ոչ թե քաղաքական գնահատականներ, այլ վիրավորանքներ:

 

«Եկել է ժամանակը, ռուսի ասած` «Все точки поставить над «и»: Ինչպես Սուրբ գրքում է ասվում` խոզերի առջև մարգարիտներ չեն փռում: Բոլոր ապաքաղաքական էլեմենտները պետք է դուրս բերվեն քաղաքական դաշտից: Հանրապետականը չի ստեղծվել նրա համար, որ մի օր քաղաքական ավանտյուրիստները իրենց կեղծ փրկիչների ու կեղծ մարգարեների տեղ դնեն»,- ասաց Շարմազանովը: