կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-06 18:15
Իրավական

Հարազատները դժվար թե գլխի չընկնեին, որ Պերմյակովը սակավամիտ է

Հարազատները դժվար թե գլխի չընկնեին, որ Պերմյակովը սակավամիտ է

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է օլիգոֆրենիայով՝ մտավոր հետամնացությամբ: Առանց որևէ պաշտոնական աղբյուրի նշման` ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե նա նույնիսկ մեկ ամիս բուժում է ստացել հոգեբուժարանում:

 

Իսկ ավելի վաղ նույն ռուսական լրատվամիջոցների հրապարակումներում Պերմյակովի հարազատները, ուսուցիչները, ընկերները հայտնում էին, թե «տղան լավ է սովորել», «շատ ակտիվ աշակերտ է եղել, ակտիվորեն մասնակցել է տարբեր դպրոցական մրցույթների, մեկ անգամ էլ առաջին տեղն է զբաղեցրել իրենց շրջանի ռազմահայրենասիրական մրցույթում», «միշտ կատարում էր մանկավարժների հանձնարարությունները» և այլն:

 

Հնարավո՞ր է, արդյոք,  որ անձն ունենա նման խնդիր, սակայն նրան շրջապատողները գլխի չընկնեն այդ մասին: Yerkir.am-ի հարցին քրեական ոլորտում մասնագիտացած հոգեբան Արշակ Գասպարյանը պատասխանեց, որ օլիգոֆրենիան բնածին կամ ձեռքբերովի հիվանդություն է, որն ունի տարբեր աստիճաններ: Եվ եթե ենթադրենք, որ ամենաթեթև աստիճանի՝ դեբիլության հետ գործ ունենք, ապա հնարավոր է չնկատել խնդիրը վաղ տարիքում: Իսկ ահա դպրոց ընդունելիս, երբ երեխան 7 տարեկան է, քիչ հավանական է չհասկանալը, քանի որի այդ տարիքում նա խոսքի զարգացածության որոշակի մակարդակ պետք է ունենա, անգիր սովորելու և տրամաբանելու կարողություն և այլն:

 

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք օլիգոֆրենիայով տառապող անձը կարող է մեղսունակ կամ անմեղսունակ ճանաչվել տվյալ արարքի համար, Ա. Գասպարյանը պատասխանեց, որ տվյալ հարցին պատասխանել կարող է մասնագիտական հանձնաժողովը՝ բաղկացած լոգոպեդից, հոգեբույժից, նյարդաբանից և այլն:

 

«Մեղսունակությունը ընկալման և գիտակցականի հետ կապված հարց է: Ես` որպես հոգեբան, կարող էի նրա վերաբերյալ կարծիք հայտնել, եթե հնարավոր լինել ձեռք բերել բնութագրեր այն մասին, թե արդյո՞ք գանգուղեղային տրավմա ունեցել է, ինչպե՞ս է անցել մանկությունը, պատանեկությունը, ո՞նց է հասել բանակ, ծառայության վեց ամիսների ընթացքում ի՞նչ վարք է դրսևորել: Իսկ այս պահին այս ամբողջ ինֆորմացիայի բացակայության դեպքում կարծիք հայտնելը կնմանվի սուրճի բաժակ նայելուն»,- ասաց հոգեբանը:

 

Զրուցեցինք նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի հոգեբույժ Ռոբերտ Ալեքսանյանի հետ: Նա հայտնեց, որ լինում են նորմայի և թեթև հետամնացության միջև ընկած սահմանային դեպքեր, երբ անձին շրջապատող անձինք կարող է երկար ժամանակ գլխի չընկնեն նրա հիվանդության մասին՝ համարելով նրանք մի քիչ խեղճ, միամիտ:  Ավելին՝ իր պրակտիկայում պատահել են նաև դեպքեր, երբ անձն այդ խնդրով նույնիսկ միջնակարգ կրթություն է ստացել:

  

Իսկ այն հարցին, թե հավանակա՞ն է, որ նման խնդիր ունեցող անձը մեղսունակ ճանաչվի, Ռոբերտ Ալեքսանյանը պատասխանեց. «Դոգմա չէ, որ եթե նա հոգեկան խնդիր ունի, ապա անպայման պետք է ճանաչվի անմեղսունակ: Եղել է դեպք, երբ շիզոֆրենիա ունեցող անձը ճանաչվել է մեղսունակ տվյալ հանցանքը կատարելու համար: Կարող են ճանաչել մեղսունակ, սակայն գտնեն, որ նա չի կարող ընդհանուր քրեակատարողական հիմնարկում պատիժ կրել, և տեղափոխեն  հոգեբուժարանի համապատասխան բաժին»:

 

Երբ համադրում ենք մասնագետների խոսքն ու Պերմյակովի հարազատների բնութագրերը, ապա երկու վարկածի առաջ ենք կանգնում՝ կա'մ ստել են հարազատները, կա'մ Պեմյակովն իսկապես հոգեկան խնդիր չի ունեցել: