Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցեղասպանության փաստին առերեսվելը` նշանակում է հերքել հանրապետական Թուրքիայի ավելի քան 90 տարվա «առասպելը»: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքական իրավապաշտպան, «Ոչ ասենք ռասիզմին և խտրականությանը» (DurDe) կազմակերպության ակտիվիստ Լևենթ Շենսևերը, ով հայտնեց նաև, որ իրենց կազմակերպությունն ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին:
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան թեպետ շարունակում է իր ժխտողականությունը, այդուհանդերձ երկրում սեփական պատմության հետ առերեսվող մարդկանց թիվն ամեն տարվա հետ ավելանում է: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս պարադոքսի պատճառը:
-100 տարի շարունակ որպես պետական քաղաքականություն շարունակվող ժխտողականության արդյունքում հասարակական լայն զանգվածները չգիտեն Հայոց ցեղասպանության մասին: Խնդիրն առաջին անգամ քննարկվեց 2005 թվականին կազմակերպված հանրության համար բաց կոնֆերանսի ժամանակ: Այսինքն` Ցեղասպանության իրագործումից ուղիղ 90 տարի անց Թուրքիայի հասարակությունը սկսեց ակտիվորեն քննարկել այս հարցը: Արդեն դրանից հետո՝ 2007 թվականին Հրանտ Դինքը զոհվեց սպանության արդյունքում: Այս հանցագործությունը Հայոց ցեղասպանության մասին քննարկումների տեսանկյունից էլ շրջադարձային նշանակություն ունեցավ: Հրանտի մահվան թափորին միացած տասնյակ հազարավոր մարդիկ չբավարարավեցին միայն այս հանցագործությունը դատապարտելով, նրանք միաժամանակ ցույց տվեցին, որ պատրաստ են առերեսվել 90 և ավելի տարի չքննարկվող, գաղտնի պահվող, սիստեմատիկ կերպով ժխտվող պատմական իրողությունների հետ:
Դրանից հետո գործընթացը թափ հավաքեց. 2009 թվականին իրականացվեց «Ներողություն եմ խնդրում իմ հայ եղբայրներից» արշավը: Իսկ 2010 թվականին՝ Ցեղասպանությունից 95 տարի անց, Թուրքիայի ոչ հայ բնակիչները կազմակերպեցին Ցեղասպանության հիշատակի հանրային արարողություն: Նմանօրինակ միջոցառումները և պայքարն ընդգրկող այս գործընթացը կարճ ժամանակում դրդեցին հասարակության լայն զանգվածներին ուսումնասիրել խնդիրը: Գործընթացը հատկապես վերջին տարիներին ավելի է արագացել: Այս ամենին նպաստել են ոչ միայն քաղաքացիական հասարակության ջանքերը, այլև կազմակերպվող անթիվ կոնֆերանսերը, սեմինարները, ցուցադրություններն ու նմանօրինակ միջոցառումները, գրվող և թարգմանվող մեծ թվով գրքերը: Սակայն ամենակարևորը հատկապես սփյուռքահայ առաջավոր մտավորականների, արվեստագետների, ակտիվիստների կողմից Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ անմիջական երկխոսության հաստատումն էր: Քաղաքացիական հասարակության այս ջանքերը ազդեցություն գործեցին ինչպես հասարակության լայն զանգվածների, այնպես էլ իշխող կուսակցության վրա: Իսկ այս գործընթացում ամենամեծ նվաճումն այն էր, որ քրդական շարժման առաջնորդներն աստիճանաբար սկսեցին ավելի հստակ դիրքորոշումներ ցուցաբերել Ցեղասպանության հարցով:
-Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց է գալիս Թուրքիայի կառավարության ժխտողականությունը: Պետությունն ամաչո՞ւմ է ներողություն խնդրելուց, վախենո՞ւմ է փոխհատուցումից, թե այլ պատճառներ էլ կան:
-Հանրապետական պատմության ողջ ընթացքում իշխանության եկած սոցիալ-դեմոկրատներից մինչև պահպանողականներ, լիբերալներից մինչև մուսուլմաններ, ազգայնականներից մինչև զինվորականներ՝ առանց բացառության բոլոր կուսակցությունները և ուժերը շարունակել են ժխտողական քաղաքականությունը: Կարծում եմ, որ այստեղ կարևոր դեր ունի պետության հիմնադրման գաղափարախոսությունը: Թուրքիայի Հանրապետությունը հիմնվել է Ցեղասպանության և այդ Ցեղասպանությունն օրինականացնելու նպատակով հորինված «թշնամու» առասպելից ի հայտ եկած ազգայնականացման գործընթացի միջոցով: Ցեղասպանությունը, միաժամանակ պատճառ դառնալով ոչ մուսուլման փոքրամասնության գույքի ու սեփականությունների առգրավման համար, ապահովեց ազգային պետություն հիմնելու գործընթացում անհրաժեշտ կապիտալը: Այսինքն, առերեսվել Հայոց ցեղասպանությանը նշանակում է նաև առերեսվել «հերոս» և «մեծն» թուրք պետության առասպելի հետ: Թուրքիայի իշխող ուժերը դեռևս պատրաստ չեն դրան: Ստացվել է այնպես, որ այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հետին պլանում պետք է նաև թեորիապես հաշվի նստի հանրապետության քեմալական հիմնադրման գաղափարախոսության հետ, սակայն կուսակցության ազգայանական և պետականամետ մոտեցումը դրան արգելք է հանդիսանում:
Այդուհանդերձ, ես հավատում եմ, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա ժամկետներում ԱԶԿ-ն հստակ քայլեր է անելու Ցեղասպանության ճանաչման և ներողություն խնդրելու ուղղությամբ: Եվ կարծում եմ, որ այդ քայլերն անելիս ամենախնդրահարույց հարցը լինելու է փոխհատուցումը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Չանաքքալեի պատերազմի 100-րդ տարին հենց ապրիլի 24-ին տոնելու թուրքական կարավարության որոշմանը:
– Կարծում եմ, որ կառավարության կողմից այս տարի Չանաքքալեի պատերազմի երկու տարբեր միջոցառումներ կազմակերպելը ժխտողականության շատ էժանագին փորձ է: Ինչպես գիտենք՝ Չանաքքալեի հիշատակի միջոցառումները մինչ օրս ամեն տարի իրականացվում էին մարտի 18-ին: Ըստ էությանը, ապրիլի 24-ի տարեթիվը Չանաքքալեի պատերազմի տեսանկյունից ոչ մի իմաստ չունի: Ապրիլի 25-ին սկսվել են պատերազմի ցամաքային գործողությունները: Այսինքն, եթե պետք է հիշատակման երկրորդ արարողություն արվի, որևէ իմաստ կունենա, եթե այն գոնե արվի ոչ թե ապրիլի 24-ին, այլ 25-ին: Հետևաբար ակնհայտ է դառնում, որ այս երկրորդ հիշատակի արարողությունը դիվանագիտական խորամանկ քայլ է օրակարգը շեղելու և ժխտողական քաղաքականությունները շարունակելու համար: Իսկ կառավարությունը չի տեսնում, որ սա անարգանք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
-Որպես Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանող ակտիվիստ և Հայոց ցեղասպանության մասին սեփական տեսակետները խիզախորեն արտահայտող մարդ՝ ապրիլի 24-ին գալո՞ւ եք Հայաստան՝ այցելելու Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
– Որպես «ԴուրԴե» կազմակերպություն՝ մենք 2014 թվականին Եվրոպական ժողովրդական հակառասիստական շարժման (EGAM) և Հայկական բարեգործակալան ընդհանուր միության (AGBU) հետ համատեղ ծրագրի շրջանակներում այցելեցինք Երևանում Ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցինք այնտեղ: Դրանից հետո հանդիպեցինք Ցեղասպանության թանգարանի ներկայացուցիչների հետ:
Աշխատում ենք, որ այս տարի Ստամբուլում կազմակերպվելիք Ցեղասպանության հիշատակի արարողությունները նախորդ տարվա համեմատ ավելի լայնամասշտաբ լինեն: Հայկական սփյուռքից էլ մեծ թվով մարդիկ են գալու Ստամբուլ՝ մասնակցելու Ցեղասպանության հիշատակման արարողությանը: Այս կազմակերպության մեջ ստանձնածս պաշտոնը պարտավորեցնում է ապրիլի 24-ին մասնակցել Ստամբուլի հիշատակի միջոցառումներին:
Սակայն «ԴուրԴե»-ից մի պատվիրակություն էլ ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի հիշատակի արարողությանը: Բացի այդ, EGAM-ի, AGBU-ի և «ԴուրԴե»-ի մի շարք ակտիվիստներից բաղկացած մի խումբ, որոնց թվում կլինեմ և ես, Ստամբուլի միջոցառումներից հետո ապրիլի 25-ին եռօրյա այցով կժամանի Երևան: Այստեղ նախատեսվող ծրագրերի շրջանակներում կայցելենք Ցեղասպանության հուշահամալիր, կհանդիպենք հայկական քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև մամուլի ասուլիս կհրավիրենք:
Հարցազրույցը` Արաքս Կասյանի
Աղբյուրը՝ armeniangenocide100