կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-02 20:15
Առանց Կատեգորիա

Գերմանիան փշրեց թուրքական ժխտողականության հիմքերը

Գերմանիան փշրեց թուրքական ժխտողականության հիմքերը

Գերմանիայի դաշնային խորհրդարանը՝ Բունդեսթագը, այսօր ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» վերնագրով բանաձևը։ Այն ընդունվել է՝ ի հեճուկս գերմանացի պատգամավորներին հասցեագրված բազմաթիվ սպառնալիքներին ու վիրավորանքներին, նախօրեին  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից հնչեցված այն սպառնալիքներին, թե բանաձևի ընդունման դեպքում կվերանայվեն երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական, ռազմական հարաբերությունները։ Նման վարքագծով թուրքական կողմն ավելի շատ նպաստեց բանաձևի ընդունմանը՝ հավելյալ անգամ փաստելով, թե որքան է արդեն Գերմանիայի քաղաքական իսթեբլիշմենթին հոգնեցրել առհասարակ Եվրամիության նկատմամբ թուրքական շանտաժային քաղաքականությունը։

Երևանն անմիջապես արձագանքել է Բունդեսթագի որոշմանը։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այս կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում ողջունել է բանաձևի ընդունումը, ապա շեշտել 20-րդ դարասկզբին Գերմանիայի և Ավստրիայի՝ Օսմանյան կայսրության դաշնակիցներ լինելու և Ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության բաժինն ունենալու հանգամանքը։

Չի հապաղել նաև պաշտոնական Անկարայի արձագանքը։ Բանաձևի ընդունումից րոպեներ անց շտապ Անկարա է կանչվել Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուն։ Էրդողանը հայտարարել է, թե այդ որոշումը լուրջ հետևանքներ է ունենալու։ Այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի արձագանքի նախկին փորձը վկայում է, որ սրանով Անկարան չի բավարարվի։ Ըստ ամենայնի՝ թուրքական կողմը կհայտարարի Գերմանիայի հետ որոշ տնտեսական, քաղաքական, մշակութային, ռազմական ծրագրերի սառեցման մասին, գուցե կդիմի որոշ սանկցիաների, սահմանափակումների։ Ոտքի կհանվի նաև Գերմանիայի բազմամիլիոնանոց թուրքական համայնքը՝ փորձելով ցույց տալ, որ Բունդեսթագն իր որոշմամբ վիրավորել է երկրի թուրքական փոքրամասնության ազգային արժանապատվությունը։

Ամեն դեպքում պետք է նշել, որ բանաձևի ընդունումը մեծ չափով ոչ թե կամ ոչ այնքան պայմանավորված է պատմական արդարությունը վերականգնելու` Գերմանիայի հանկարծակի ի հայտ եկած կամքով, որքան Թուրքիա-Գերմանիա և Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ներկայիս առանձնահատկություններով։ Իրականում այս բանաձևի ընդունմամբ Գերմանիան փորձում է, որպես քաղաքական մահակ օգտագործել Թուրքիայի գլխին, «պատժել» նրան ԵՄ-ին շանտաժի ենթարկելու, եվրոպայից բովանդակային, արժեքային ու քաղաքակրթական առումով հեռանալու` էրդողանական՝ ավելի լկտիացող քաղաքականության համար։ Գերմանիան ցանկանում է Ցեղասպանության ճանաչումը վերածել Անկարայի համար յուրօրինակ զսպաշապիկի։ Այս ձգտումը 2 ձևով արտացոլվել է ընդունված բանաձևի տեքստում։ Նախ՝ բանաձևը ոչ թե կոնկրետ հայերի, այլ ընդհանրապես քրիստոնյաների հանդեպ իրականացված ցեղասպանությանն է վերաբերում, ինչն շեշտված է հենց բանաձևի վերնագրում։ Երկրորդ՝ բանաձևով Բունդեսթագը կառավարությանը կոչ է անում «ֆինանսական հնարավորություների շրջանակներում շարունակել Գերմանիայում 1915-1916թթ. իրադարձություններին  վերաբերող գիտական, մշակութային  եւ քաղաքացիական հասարակության ոլորտում նախագծերին եւ նախաձեռնություններին աջակցությունը»։ Սրանք այլ կերպ, քան Թուրքիայի ցեղասպան բնույթի թեման ըստ անհրաժեշտության հասարակական քննարկման առարկա դարձնելու սպառնալիք, դժվար է ընկալել։

Այս իմաստով բանաձևը, իհարկե, շատ ուժեղ չի կարելի համարել։ Այն ակնհայտորեն կրում է Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի գրեթե անթաքույց զգուշավորության կնիքը։ Դրա մասին են վկայում բանաձևի տեքստի հետ կապված մի քանի նրբություններ։ Նախ՝ բանաձևում շեշտվում է 2009թ. ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունների հիման վրա հաշտեցման գործընթացը վերսկսելու, այնպես էլ դրանում ամրագրված՝ գիտնականների հանձնախումբ ստեղծելու անհրաժեշտությունը։ Եթե Գերմանիան 20-րդ դարասկզբի ոճիրը ճանաչում է որպես ցեղասպանություն, ապա առնվազն տարօրինակ է, թե ինչո՞ւ է ընդառաջում ցեղասպանությունը կասկածի տակ առնելու նպատակների համար նման հանձնախումբ ստեղծելու թուրքական պահանջին։ Երկրորդ՝ այս բանաձևով ո'չ Թուրքիայի և ո'չ էլ Գերմանիայի կառավարության առջև չի դրվում հատուցման խնդիր, որը ենթադրելի է պատասխանատվությունը ստանձնելու պարագայում։ Երրորդ՝ Գերմանիան հարցը տեղափոխում է զուտ բարոյական հարթություն՝ դնելով ընդամենը պատմական մեղքի համար ներողություն խնդրելու պահանջ։ Այս հարցում Գերմանիան նույնիսկ օգնության ձեռք է մեկնում Թուրքիային։

Սակայն, անկախ այս նրբություններից, բանաձևի ընդունումն ունի հսկայական պատմական, բարոյական  և քաղաքական նշանակություն։ Գերմանիայի նման քայլն արժեքավոր է այն պատճառով, որ  դրան գնալն այնքան էլ հեշտ չէր թուրքական հզորագույն ճնշման պայմաններում։ Գերմանիան բանաձևն ընդունել է` դրանից հետևող քաղաքական, սոցիալական, տնտեսական կորուստների հետևանքները գիտակցելով։ Եվ դա ներելի է դարձնում բանաձևում դրսևորվող զգուշավորությունն ու որոշ հակասականությունը։ Բացի այդ` Օսմանյան կայսրությունում կատարված ոճրագործությունը որպես ցեղասպանություն է ճանաչում մի երկիր, որն այդ ժամանակահատվածում եղել է նրա դաշնակիցը։ Գերմանիան ոչ միայն ճանաչում է Ցեղասպանությունը, այլև բացահայտ հայտարարում դրանում իր մեղասակցության, դրա համար իր պատմական պատասխանատվության մասին։ Սա չափազանց հզոր հարված է թուրքական ոչ միայն քաղաքական, այլև պատմագիտական ժխտողականությանը։ Կատարվողը մոտավորապես նման է նրան, որ առերեսման ժամանակ հանցագործության մեջ մեղադրվող երկու կասկածյալներից մեկը ոչ միայն ընդունում է իրենց համատեղ մեղավորությունը, այլև պնդում, որ հիմնական գործող անձը եղել է իր հանցակիցը։ Սա չափազանց կարևոր գործոն է հայկական պահանջատիրության համար, եթե, իհարկե, այն ճիշտ «փաթեթավորվի» և մատուցվի։ Բայց դա արդեն ոչ թե Գերմանիայի անելիքն է, այլ համաշխարհային հայության։

Գևորգ Դարբինյան