կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-28 12:15
Մշակույթ

Փրկագնված հիշողություն

Փրկագնված հիշողություն

Նյույորքաբնակ տեր և տիկին Վարուժան և Ռաիդա Դովլաթյանները մասնագիտությամբ բժիշկներ են: Նրանք չէին էլ պատկերացնի, որ իրենց նախասիրությունը արծաթյա հնաոճ իրերի նկատմամբ մի օր դառնալու է ծանրակշիռ ներդրում հայ մշակութային կյանքում... Աշխարհի տարբեր երկրներից նրանք ոչ միայն գնել, այլ փրկագնել են հայադրոշմ աշխատանքներ, որոնց մեծ մասը բարձրարվեստ է:

 

Գրող-հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի նախաձեռնությամբ` Դովլաթյանների բացառիկ հավաքածուի հայկական բաժինը ամփոփվել է «Հայ արծաթագործության նմուշներ» գրքում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ղարաբաղցյանը նշեց, որ Դովլաթյանները փշուր-փշուր հավաքել են մեր ոսկեձեռիկ վարպետների աշխատանքները` որպես հիշողություն: Պատահական չէ, որ ինքնատիպ այս գիրքը (բացառիկ, շքեղ հրատարակություն է -խմբ.) նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Փրկագնված արծաթե իրերի մեծ մասը Կ.Պոլիսի, Վանի, Ուրֆայի, Հալեպի, Թիֆլիսի, Կահիրեի, Կարսի հայ անվանի վարպետների դրոշմակնիքներն են կրում:

 

«Նման բան գիտական մակարդակով առաջին անգամ է արվում: Նմուշներ կան, որ գնվել են թուրք վերավաճառողներից, որոնք կարծում էին, թե դրանց հեղինակը թուրք վարպետներն են, և դրանք ներկայացնում էին որպես թուրքական մշակույթի մաս: Ստացվում է` ժողովածուն նաև պատմության վրա է լույս սփռում, քանի որ սրանք այն վկայություններն են, որոնք ֆիզիկապես հնարավոր չէ վերացնել, ինչպես մեր ձեռագրերը»,- ասաց Ղարաբաղցյանը` հավելելով, որ վաղուց արդեն կորուստները ժողովելու ժամանակն է:

 

Գիրքը, Ցեղասպանության նահատակների հիշատակին տուրք լինելուց զատ, նաև մեր հնամյա ազնվացեղ մշակույթի վկայությունն է: