Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ լրագրողները չշրջանցեցին Գյումրու ողբերգությունը: Նրանց հետաքրքրում էր` արդյո՞ք նախարարը բարձրացրել է Պերմյակովին Հայաստանի իրավապահներին փոխանցելու հարցը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ ողբերգական իրադարձություն է եղել Գյումրիում, բայց հարցն իրավական դաշտում է: Ըստ նրա` ՌԴ պաշտպանության նախարարը և նրա տեղակալը նույնպես դատապարտել են այդ երևույթը: «Կարծում եմ, որ իրավական աշխատանքները կտան բոլոր պատասխանները»,- ասաց նախարարը:
Հարց հնչեց նաև, թե արդյո՞ք Պերմյակովին բռնելիս ռուսական կողմը չի խախտել հայ-ռուսական միջպետական պայմանագիրը:
«Բերեք` Պերմյակովին և այդ գործով զբաղվող հայ-ռուսական համատեղ խմբին հանգիստ թողնենք, որովհետև բավական լուրջ աշխատանք ունեն կատարելու: Ի վերջո, պետք է իմանան` Պերմյակո՞վն է կատարել, թե՞ ինչ-որ ուժեր կան, որ կանգնած են նրա հետևում: Շատ-շատ խնդիրներ կան, որոնք իրենց մեջ գաղտնիություն են պարունակում: Ո'չ ես, ո'չ էլ դուք իրավունք չունենք մտնելու այդ մասնագիտական մանրուքների մեջ, որոնցով զբաղվում են իրավապահ մարմինները»,- ասաց նախարարը:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ հայ-ռուսական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: «Այդ դեպքը չի կարող մեր միջև սեպ խրել»,- ասաց նախարարը` բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, և որ այն ավելի գլոբալ անվտանգության հարց է լուծում` հաշվի առնելով Թուրքիայի առկայությունը:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի կարող մասնակցել Գյումրիում ռուսական ռազմաբազա զորակոչվող ռուս զինվորների ընտրության գործին, որովհետև ռուս զինվորների մասնակցությամբ արդեն քանի ողբերգական դեպք է եղել Գյումրիում, Սեյրան Օհանյանը նախ պատասխանեց, թե 102-րդ ռազմաբազայի գնդապետ Ռուձինսկին վերջին տարիներին բավական լուրջ աշխատանքներ է կատարել ռազմաբազայում մարտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ, ապա նշեց, որ եթե համեմատելու լինեն ռուսական ռազմաբազան` տարիներ առաջ և հիմա, կա զգալի դրական տեղաշարժ:
«Կարծում եմ, որ մեր խնդիրը չէ: Յուրաքանրյուր սուվերեն պետուիթյուն իր տարածքում ինքնուրույն է իր անվտանգության խնդիրները լուծում, ինքնուրույն է որոշում իր ԶՈՒ կազմը, համագործակցությունը, պայմանները և համալրման խնդիրները: Չեմ կարծում, թե մենք պետք է մտնենք դրա մեջ, որ արդեն զինվորների ստուգենք, դա ճիշտ չէ»,- ասաց Սեյրան Օհանյանը: