կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-17 14:17
Քաղաքական

Գյումրիում վախի մթնոլորտը չի վերացել

Գյումրիում վախի մթնոլորտը չի վերացել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանից Yerkir.am-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ վիճակ է հիմա Գյումրիում, որովհետև երկու օր առաջ ծայր առած հուզումները շատ դժվար էր հանդարտեցնել, անգամ` Շիրակի թեմի առաջնորդի համար:

 

«Անկեղծ ասած՝ լավ չվարվեցին սրբազանի հետ, կոպեկ ու կրակայիչ նետեցին նրա ուղղությամբ: Մի բան կարող եմ ասել՝ խառնաշփոթ ստեղծողները դրսից էին: Բայց, դե, գյումրեցիներն էլ էին տաքացել»,- ասաց նա:

 

Հիմա, ըստ պատգամավորի, Գյումրիում համեմատաբար հանգիստ վիճակ է: Երեկ գյումրեցիները մասնակցել են զոհվածների էքնահողին, որից հետո զոհվածների հարազատները հայտարարություն են տարածել, որ նախորդ օրվա դեպքերի հետ իրենք ոչ մի կապ չունեն, իրենք իրենց սուգն են սգում, ընդամենը պետք է սպասեն գործի քննությանը, նաեւ հավելել են, որ պահանջատեր են` պահանջում են արդար դատավարություն: «Ավելի շատ մարդիկ հուզված են, նաև վախի մթնոլորտ կա: Մարդիկ զայրացած են, որ նման դեպք եղավ 16 տարի առաջ, կրկնվեց այսօր»,- ասաց պատգամավորը:

 

Հարցին, թե ճի՞շտ է, որ ռուս զինվորականները վախենում են Գյումրիում փողոց դուրս գալ, պատասխանեց. «Այո, ժողովրդի բողոքի ակցիայից վախեցած են, որ եթե ժողովուրդն էդ կարգի կարող է դուրս գալ փողոց ու գնալ ռուսական դեսպանատան ու ռազմաբազայի վրա, յուրաքանչյուր ռուս էլ հասկանում է, որ ամեն անզգույշ քայլ կարող է ճակատագրական լինել, որովհետև այս պահի դրությամբ մարդիկ հոգեբանորեն ճնշված են, մանավանդ` երեխաների վրա ձեռք բարձրացնելու փաստն է նրանց հունից հանել: Անկանխատեսելի է, թե ինչ կարող է լինել, եթե հանդիպեն որեւէ ռուս զինվորականի»:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Գյումրիում նախատեսված են բողոքի նոր ակցիաներ, Մարտուն Գրիգորյանն ասաց, որ ինֆորմացիա չունի, սակայն այս պահի դրությամբ դեռ որևէ բան, կարծես, նախատեսված չէ: Նա նշեց, որ հուզումների օրը ձերբակալվածների մեջ եղել է այլազգի լրագրող, սակայն դժվարացավ նշել` ռուս է եղել, թե` ուկարինացի:

 

Հարցին` արդյո՞ք ցուցարարների մեծ մասն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, ինչպես իր հարցազրույցներից մեկում ասել է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, գյումրեցի պատգամավորը պատասխանեց. «Էդպես որ ասեմ` խմած, հարբած, նման բան չեմ կարող ասել: Ցուցարարների մեջ եղել են սադրիչներ, կային մեջները նաև խմած ցուցարարներ, որոնք փորձեցին խառնաշփոթ ստեղծել, բայց ասել, որ ցուցարարների մեծ մասը խմած է եղել... Չեմ կարող նման բան ասել»: