կարևոր
8074 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-18 12:02
Հասարակություն

Երևի ԱՆ մասնագետները կանխատեսել էին, որ ՀՀ-ում ինֆեկցիոն հիվանդությունները վերացել են և մեկուսարանների անհրաժեշտություն չկա․ Անուշ Պողոսյան

Երևի ԱՆ մասնագետները կանխատեսել էին, որ ՀՀ-ում ինֆեկցիոն հիվանդությունները վերացել են և մեկուսարանների անհրաժեշտություն չկա․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել. 

««Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն հիվանդությունները ի սպառ վերացել են.....»

Նկարներում 2020 թվականի մարտ ամսին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տարածքում կառուցված  մոդուլային բաժանմունքն է՝  42 սպասասենյակներով, որտեղ ախտորոշման ճշտման համար հիվանդները մնում էին 7-8 ժամ, որի ընթացքում հիվանդները հետազոտվում եւ թեստավորվում էին, կատարվում էր ախտորոշման ճշտում, որի արդյունքում կազմակերվում էր հիվանդների  հետագա բուժումը։ 01․07․2023 թվականին (նույն օրը անդրադարձել էի ) կառավարության  որոշումով այս շինությունը, որի միայն կառուցման համար պետության կողմից ծախսվել էր 102,000,000.0 դրամ, ապամոնտաժվեց՝ պարզաբանելով, որ մոդուլային մեկուսարանային բաժանմունքը և դրա  տարրերն անհրաժեշտ չեն ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար և «խանգարում»  են   «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի կապիտալ հիմնանորոգմանը:

Երևի  Առողջապահության նախարարության մասնագետները  կանխատեսել էին, որ Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն հիվանդությունները ի սպառ վերացել են և այլևս համաճարակային իրավիճակի լարում և մեկուսարանների անհրաժեշտություն  չկա:  Կամ նախարարին զեկուցել էին , որ մեկուսարանների կարիքը կա, սակայն նախարարը, ինչպես միշտ,  չի լսել մասնագետների կարծիքը (սովորության համաձայն)։

Այսօր Հանրապետությունում համաճարակային իրավիճակը խիստ լարված է, հիվանդանոցներում կան բազմաթիվ վիրուսային ախտահարումներով հիվանդներ, շտապ օգնության ծառայությունը չի հասցնում կատարել կանչերը ժամանակին՝ կանչերի աննախադեպ քանակների պատճառով, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունում «հանգիստ» աշխատանքային օրեր են՝ աշխատանքից  ազատման դիմումներ են գրում պրոֆեսիոնալները, աշխատանքի են ընդունվում յուրայինները՝ մի խոսքով սովորական աշխատանքային իրավիճակ․․․․․․․

Հուսամ մի օր  102,000,000.0 դրամ ծախսի արդյունավետության գնահատում կարվի.......

Հ.Գ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանդես է եկել հայտարարությամբ կորոնավիրուսի համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ ԱՀԿ-ը համավարակն ավարտված չի համարել՝ դեռևս պահպանելով ծայրահեղ իրավիճակի միջազգային նշանակության կարգավիճակը»։