կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 15:25
Հասարակություն

«Ենթադրենք` մեզ մոտ դատեցին, հետո՞ ինչ, գտեք պատճառը, դա է կարևոր»

«Ենթադրենք` մեզ մոտ դատեցին, հետո՞ ինչ, գտեք պատճառը, դա է կարևոր»

Այն, ինչ կատարվել է Գյումրիում, առաջին դեպքը չէ` ռուսական ռազմաբազայի տեղադրած ականներից մի քանի տարի առաջ երկու երեխա զոհվեց, դրանից առաջ 2 սպա, կրակ բացելով, անմեղ մարդկանց սպանեց, իսկ հետո` այս դեպքը, որը, եթե այսպես շարունակվի, վերջինը չի լինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը:

 

Ըստ նրա` թեեւ ռուսական ռազմաբազան տարածքը և ժողովրդին պաշտպանելու համար է, բայց տարօրինակ ձևով նախահարձակ է լինում: Ծատուրյանի կարծիքով` ժողովրդի կրքերն էլ բորբոքված են, քանի որ չկա հստակություն` լղոզված բաներ են ներկայացնում մարդկանց` իբր փաստ առաջ տանելով իրենց ասածը:

 

«Ասում են` ջուր խմելու է գնացել ու հետո, որ վկաների հետքը վերացնի, սպանել է բոլորին: Հա, լավ, եթե էդպես է` քնած 6 ամսական երեխային ինչի էր, տո, սպանում, նա՞ էլ էր վկա: Ինչքան հզոր պատճառ է պետք` մի ամբողջ ընտանիք վերացնելու համար: Ոստիկանապետի տեղակալը մի բան է հայտարարում, հետո` մեկ այլ բան: Մի տեսակ խճճված է ամեն ինչ, մի շարք հակասություններ կան: Մյուս կողմից` էդ ո՞նց կարող էր մի հոգին սպանել բոլորին` հիշեցնեմ` վկաներ չթողնելու համար ու հետո էլ «միամիտ-միամիտ» հագուստը թողնել ու դուրս գալ»,- զարմացած ասում է Ծատուրյանը` հավելելով, թե ո՞վ է ասում, որ ադրբեջանական դիվերսիա չի եղել. «Էս ամեն ինչը էնքան սուտ է, որ հավատալու բան չկա»:

 

Ծատուրյանի կարծիքով` Ռուսաստանն ուզում է Գյումրին դարձնել փակ քաղաք, և շուտով չի բացառվում, որ գյումրեցիներն աշխատանքային մի շարք լավ առաջարկներ ստանան Ռուսաստանից:

 

Վարպետը վստահ է` եթե անգամ Պերմյակովին մեզ մոտ դատեն, միևնույն է, ժողովուրդը չի հանգստանալու, որովհետև իրականում դա չէ կարևոր: «Ենթադրենք` մեզ մոտ դատեցին, հետո՞ ինչ: Գտեք պատճառը, դա է կարևոր»,- ասաց Ծատուրյանը: