Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 9-ին' ժամը 17-ին, The Loft-ում /Մոսկովյան 3' «Պատանի հանդիսատես» թատրոնի հետևի կողմում/ տեղի կունենա Զարուհի Բաթոյանի «Անմոռուկ» գրքի շնորհանդեսը: Սա հեղինակի բանաստեղծությունների առաջին ժողովածուն է: «Անմոռուկ» գիրքը միայն այդ օրը կվաճառվի 1000 դրամով:
***
Ծով աղջիկ
Աղջիկ թե ունենամ,
անունը կդնեմ Ծովինար,
որ կարճ ասեն Ծով,
որ կարոտ չլինի ծովերի,
ազատության, արևի...
որ հենց ինքը Ծովը լինի:
***
Երբ երջանիկ ես
Տերևի պես ազատ,
Անձրևի պես մերկ ու խոնավ,
Քամու պես անամոթ եմ,
երբ երջանիկ ես առանց ինձ:
Ծառից պոկված տերևի պես
ազատ եմ ու անկշիռ...
***
Գիշերը նման է փետուրի:
Ճերմակ, քնքուշ ու նուրբ սահում է երկնքով:
Տխրությունն այս անգամ ինձ կների:
Այսօր գրկել եմ քեզ,
Ու գիշերս նմանվել է փետուրի...
***
Օտար քաղաքները խլեցին,
տարան մարդկանց,
ում սիրում էի...
Հիմա ապրում եմ՝ բաժանված
մի քիչ, մի քիչ՝ ամեն քաղաքում...
***
Երկրորդ հարկի իմ պատուհանից
մարդիկ այնքան երջանիկ են երևում,
Անձրևի, արևի, ձյան տակ քայլող բոլոր մարդիկ
նույն դեմքն ունեն...
Դո՛ւ էլ անցիր մեր փողոցով...
***
Բժիշկս ասում է՝
որ մեջքդ չցավի
աթոռի՛ն հենվիր,
հենարան է պետք...
Այս պարզ ճշմարտության համար
գնացել էի բժշկի...
***
Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է: